Եվրո 2020. Խումբ «C». Հոլանդիա — Ուկրաինա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Հոլանդացիները չեն պատրաստվում հարազատ մարզադաշտում պարտվել ու նման նոտայով նշել նորամուտն Եվրոպայի առաջնությունում, մրցակիցը Ուկրաինայի ընտրանին է: Հոլանդացիները բաց են թողել նման մասշտաբի երկու ստուգատես և փորձելու են լրացնել բաց թողածը: Ընտրական փուլն անցան առանց լուրջ խնդիրների՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Գերմանիայից հետո: Նրանք դա արեցին Կումանի գլխավորությամբ: Վերջինիս հեռանալուց հետո մի փոքր արգելակեցին, բայց հետո կարծես ուշքի եկան: Ճիշտ է, վերջերս Մունդիալի ընտրական փուլում պարտվեցին թուրքերին, բայց մրցաշարին մոտենում են լավ վիճակում: Վերջին 7 խաղից հինգում հաղթել են, անցած հանգստյան օրերին երեք անպատասխան գնդակ խփեցին վրացիներին:

Ուկրաինան ընտրական փուլում ևս լավ հանդես եկավ՝ անցնելով Պորտուգալիային ու Սերբիային: Շևչենկոյի սաները ոչ մի պարտություն չկրեցին: Մյուս կողմից շատ բարդ դասավորվեց հավաքականի համար անցած տարին: Ազգերի լիգայի խաղարկությունում իջան մեկ դիվիզիոնով: Այս տարի դեռ ոչ մի պարտություն չեն կրել՝ 2 հաղթանակ, 4 ոչ-ոքի: Այս շարքն իր մեջ ներառում է ոչ-ոքին Ֆրանսիայի հետ Մունդիալի ընտրական փուլում, ինչպես նաև Եվրոյից առաջ կայացած հաղթանակները Հս.Իռլանդիայի ու Կիպրոսի հետ ստուգողական մրցավեճերում: Վերջին անգամ կողմերը մրցել են 10 տարի առաջ ընկերական խաղում, խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

  • Հավանական կազմեր՝

Հոլանդիայի հավաքական (3-5-2) — Ստեկելենբուրգ, Տիմբեր, դե Վրեյ, Բլինդ, Դումֆրիս, Վիյնալդում, դե Ռուն, դե Յոնգ, Վիյնդալ, Վեգհորստ, Դեպայ:

Ուկրաինայի հավաքական (3-5-2) — Բուշչան, Զաբարնի, Մատվիենկո, Միկոլենկո,Կարավաև, Սիդորչուկ, Ստեպանենկո, Զինչենկո, Սոբոլ, Յարեմչուկ, Մալինովսկի: