«Շիրակի» հետ խաղից հետո մրցավարը հարվածել է «Սևանի» ֆուտբոլիստին

Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական ծածկով խաղադաշտում այսօր՝ հունվարի 31-ին կայացավ ստուգողական հանդիպումը «Սևան» և «Շիրակ» թիմերի միջև։ «Սևանի» մամուլի ծառայությունն անդրադարձել է մրցավեճին և հետաքրքիր դիտարկումներ արել:

Չնայայած խաղի ստուգողական կամ ընկերական կարգավիճակին բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց, ու հաղթողը որոշվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ։ Գյումրեցիները չվրիպեցին 11 մետրանոցից և հաղթանակի հասան2։1 հաշվով։ Կողմերն երկու խաղակեսից յուրաքանչյուրում հանդես են եկել տարբեր կազմերով։

«Շարունակվում են թե հիմնական կազմի խաղային օղակների համագործակցության հղկումներն ու տակտիկական տարբեր փորձարկումները, թե նոր ֆուտբոլիստների փորձարկումները։ Կարճ ասած մարզիչների համար բավականին ծանրաբեռնված ու կարևոր ժամանակահատված է։

Մեր թիմի մասնավորապես այսպես ասած առաջին կազմը շատ լավ խաղակես անցկացրեց, ու մինչև ընդմիջում խաղի հաշիվը հավասար էր՝ 1։1։ «Սևանի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ախմեդ Ջինդոյանը։ Իսկ երկրորդ կեսում գրանցվեց դարպասի մեկ գրավում: Խաղն ավարտվեց ու թիմերը պատրաստվում էին գնալ դեպի հանդերձարան ու տեղի տվեցին մրցավարի նյարդերը։ Խաղը սպասարկող մրցավար Սամվել Հովսեփյանը հարվածեց «Սևանի» ֆուտբոլիստ Հակոբ Համբարձումյանի դեմքին մի ակնթարթում ամեն ինչ հասցնելով մինչև վտանգավոր աստիճանի։

11 մետրանոց նշանակելու ժամանակ «Սևանի» ֆուտբոլիստը ֆուտբոլին բնորոշ ձևով դժգոհեց մրցավարի որոշումից։ Ոչ մի արտասավոր բան չկար այդ դրվագում։ Մրցավարն անդրդվելի էր, ցույց տվեց նշակետը՝ այլևս ոչ մի այլ որոշում չկայացնելով: Եթե «Սևանի» ֆուտբոլիստն իրեն ավելորդ արտահայտություններ էր թույլ տվել, ապա մրցավարը դրա համար իր գրպանում ուներ երկու գույնի՝ դեղին և կարմիր քարտ, բայց Սամվել Հովսեփյանն ոչ մեկը, ոչ էլ մյուսը ցույց չտվեց ֆուտբոլիստին։

Ազդարարելով խաղի ավարտը՝ մրցավարը դիմեց «կտրուկ» գործողությունների։ Մոտենալով Համբարձումյանին բռնցքամարտին բնորոշ աջ հուկով փորձեց նոկդաունի ենթարկել ֆուտբոլիստին։ Ու միայն երկու թիմի ֆուտբոլիստների ու մարչական կազմի միջամտության շնորհիվ հաջողվեց հանդարտեցնել մթնոլորտը։ Թե ինչո՞վ էր մտածում մրցավարը ֆուտբոլիստին հարվածելիս դժվար է հասել, բայց հաստատ՝ ոչ գլխով։

Հարվածել ֆուտբոլիստին, այն էլ խաղադաշտում, երբ հանդիպման մասնակիցները դեռ չեին լքել մրցասպարեզը՝ նորություն է հայկական ֆուտբոլում։ Միգուցե նման նորարաություններով ենք փորձելու զարգացնել ֆուտբոլը Հայաստանում։ «Սևանի» 18 ֆուտբոլիստ կարող էին մրցավարին ու նրա օգնականներին պարզապես ջախջախել նման իրավիճակում։

Սակայն մրցավարին օգնության հասան մրցող կողմերի ներկայացուցիչներն ու սահմանն անցնել ոչ ոքի չհաջողվեց։ Աննախադեպ երևույթները շարունակվում են հայկական ֆուտբոլում։ Նման իրավիճակում մի բան է մխիթարում։ Խաղն ընկերական էր և անկախ մրցավարի պահվածքից, մրցող կողմերը իրար շնորհակալություն հայտնեցին խաղի համար և բարեկամաբար բաժանվեցին»,- ասված է «Սևանի» տարածած հաղորդագրությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos