Հռոմի «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել La Repubblica պարբերականին՝ անդրադառնալով նաև Արցախյան պատերազմին:
- Ո՞րն է Մխիթարյանի ամենավաղ հիշողությունը ֆուտբոլի մասին:
Այն կապված է հորս՝ Համլետի հետ: Նա հարձակվող էր, տեղափոխվեց Ֆրանսիա խաղալու: Այնտեղ եմ սկսել հետևել խաղերին: Նա մահացել է, երբ ես 7 տարեկան էի: Երբ հիվանդացավ, մենք վերադարձանք Երևան և այնտեղ սկսեցի հաճախել ֆուտբոլային դպրոց:
- Դուք սկսեցիք նրա փոխարե՞ն խաղալ:
Այո, նա իմ շարժիչ ուժն էր, կուռքն ու պատճառը, որ ես սկսեցի խաղալ:
- Քաղաքական պատճառներով Դուք չկարողացաք մասնակցել 2019 թվականին Բաքվում կայացած եզրափակչին. որպես հայ Դուք վտանգի տա՞կ էիք:
ՈւԵՖԱ-ն պետք է ապահովի բոլոր խաղացողների անվտանգությունը: Եվրոպական եզրափակիչը հնարավորություն է, որը ստանում ես մեկ անգամ կյանքում, երբեմն դա լինում է միակը: Բաց թողնել այն անվտանգության նկատառումներից ելնելով իրոք ցավոտ է, ինչպես ցավոտ է պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խաղացողները պետք է իրենց անվտանգ զգան ցանկացած երկրում, հատկապես երբ այն ընդունում է եվրոպական մրցաշարի եզրափակիչ:
- Ձեր ծնունդից մեկ տարի առաջ է բռնկվել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Ինչպիսի՞ ազդեցություն է այն թողել Ձեր կայացման հարցում:
Շատերն ինձ չեն հասկանա, որովհետև քչերն են հայտնվել նման իրավիճակում: Երբ փոքր էի շատ բան չէի հասկանում, բայց հետո սովորեցի և նույնիսկ դպրոցում լսում էի ցավոտ լուրեր: Անհավանական է, որ 21-րդ դարում տեղի է ունենում մնան բան` հակամարտություն, որը ձգվում է 30 տարի: Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից:
- Ակնկալու՞մ էիք արդյոք աջակցություն ֆուտբոլային աշխարհից:
Երբ վերսկսվեցին ռազմական գործողությունները, ինձ խնդրեցին համոզել ֆուտբոլիստներին ելույթներ ունենալ աջակցելով Հայաստանին, բայց ես դեմ եմ նրան, որ խնդրեմ մարդկանց, որոնք անծանոթ են երկրի պատմությանը, արտահայտվեն: Ես խոսեցի, բայց միայն խաղաղության կոչով, ոչինչ ավելին:
- Ի՞նչը ձեզ համոզեց:
Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար աշխարհին: Շնորհակալ եմ Իտալիային աջակցության համար և բոլորին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար: Շնորհակալ եմ «Ռոմային» պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցությունն ցուցաբերելու համար: Ֆանտաստիկ նախաձեռնություն էր: Երբեք չեմ դադարի շնորհակալություն հայտնել նրանց:
- Ձեզ հաջողվել է ֆուտբոլն ու ուսումը համատեղել: Ահա թե որտեղ է երջանկությունը…
Դա բարդ էր. երբեմն մարզումներն առավոտյան էին, ստիպված էի ընտրել: Ծնողներս ցանկանում էին, որ շատ սովորեմ: Արդյոք շատե՞րն են մտածում, որ կարող են ֆուտբոլիստ դառնալ: Մեկ վնասվածքը բավական է, որ դուրս մնաս շարքից և եթե դու չես սովորել, ապա ոչինչ չես կարողանա անել:
- Կա՞ր թիմ, որին երկրպագել եք փոքր հասակում:
Ես շատ թիմերի մարզաշապիկներ ունեի, բայց որևէ թիմի չէի երկրպագում: Միայն երբ 10 կամ 12 տարեկան էի, սկսեցի երկրպագել «Արսենալին»: Վենգերն ուներ թիմ, որտեղ խաղում էին երիտասարդ խաղացողներ և ես երազում էի խաղալ այնտեղ: Ի վերջո ես դա արեցի:
- Ի՞նչ մտածեցիք, երբ Ձեզ առաջարկեցին մեկնել Հռոմ:
Դա հնարավորություն էր ապացուցել, որ ես նախկինի պես կարող եմ լավ խաղալ: «Ռոման» հավատում էր ինձ և իմ խաղից երևում է, որ ես ինձ այստեղ լավ եմ զգում, այդպես չէ՞:
- Կերկարաձգե՞ք պայմանագրի ժամկետը:
Ժամանակ չի եղել այդ մասին մտածելու համար: Օրեր առաջ «Ինտերի» հետ էինք խաղում, առջևում «Լացիոն» է: Շուտով մենք այդ մասին կխոսենք:
- Ֆրիդկինի գալով ինչ-որ բան փոխվե՞լ է:
Մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների: Լինի դա ղեկավարությունում, թե ակումբի որևէ այլ օղակում:
- Ուրբաթ օրը տեղի է ունենալու Ձեր առաջին դերբին: Ուսումնասիրե՞լ եք պատմությունը:
Չեմ սիրում դիտել հին խաղեր: Լսել եմ՝ ինչպես են թիմակիցներս խոսել այդ մասին, բայց բառեր պետք չեն, դա խաղացողին բացատրելու համար: Պատրաստ ենք մարտի:
- Տեղյա՞կ եք, որ «Ռոմային» միանալուց հետո ֆանատներն երգ ձայնագրեցին Ձեր պատվին «Felicità” di Al Bano»-ի երաժշտության տակ:
Այո (ծիծաղում է — խմբ.), ես դա զգում եմ ամեն օր:
- Ինչպե՞ս էիք պատկերացնում Սերիա «A»-ն:
Կարծում եմ, որ ինչպես հարկն է չի գնահատվում: Անգլիայում ասում էին, որ մակարդակը կտրուկ իջել է, բայց առաջնության մասին չեն դատում միայն երկրպագուների քանակով: Միանգամից նկատեցի խոտածածկերի բարձր որակը:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am