Մխիթար Հայրապետյանը՝ ՀՖՖ գործկոմի նոր անդամ

Հուլիսի 9-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կայացվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

«ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ են քվեարկել ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության, ՀՖՖ Ապահովության և անվտանգության, ՀՖՖ Ենթակառուցվածքային և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգերի հաստատմանը: Բոլոր կանոնակարգերն առաջիկայում կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում:

Այնուհետև քննարկվել է Արմավիրի մարզադպրոցի վերաբերյալ «Սարդարապատ» ՖԱ-ի առաջարկը: Որոշում կայացվեց կազմել պայմանագիր, համաձայն որի մարզադպրոցը 5 տարով վարձակալության կհանձնվի «Սարդարապատ» ՖԱ-ին: Ծրագրում ներկայացված ներդրումները ժամանակին կատարելու դեպքում վարձակալության պայմանագիրը կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ ներդրումների բացակայության դեպքում Արմավիրի մարզադպրոցը կրկին կվերադարձվի ՀՖՖ ենթակայության տակ:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ՀՖՖ Գործադիր կոմիտեի թափուր տեղի համալրմանը: Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց, որպես ՀՖՖ գործկոմի նոր անդամ, հաստատել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտել է, որ վերջին 2 տարիներին Մխիթար Հայրապետյանը մշտապես եղել է հայկական ֆուտբոլի կողքին, օժանդակել տարբեր հարցերով: ՀՖՖ Գործադիր կոմիտեն կողմ է քվեարկել Մխիթար Հայրապետյանի՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության հաստատմանը»,- ասված է ՀՖՖ պաշտոնական կայքում: