Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վալյադոլիդի» դարպասը: Հյուրերի կազմում գոլերից մեկը խփեց թիմի առաջատար Լիոնել Մեսսին: Արգենտինացին գերազանցեց լեգենդար Պելեի ռեկորդը մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով: Ներկա պահին Լեոն «Բարսելոնայի» մարզաշապիկով գոլի հեղինակ է դարձել 644 անգամ:
Բրազիլացի Պելեն 1956 թվականից մինչև 1974 թվականը հանդես է եկել բրազիլական «Սանթոսում» և դարձել է 643 գոլի հեղինակ: Դրանից հետո նա երկու մրցաշրջան անցկացրել է ամերիկյան «Նյու-Յորք Կոսմոսում»:
Նկատենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 18 հանդիպում, դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ «Վալյադոլիդի» հետ խաղում մինչև Մեսսին գնդակը կուղարկեր մրցակցի դարպասը թիմակիցների հետ միասին հասցրել են միմյանց 20 փոխանցում կատարել: Ընթացիկ առաջնությունում սա դեռ լավագույն ցուցանիշն է:
Հատկանշական է, որ կատարած գոլային փոխանցումներից միայն մեկն է գրանցվել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Մեսսին իր առաջին գոլայինը կատարեց հենց «Վալյադոլիդի» հետ մրցավեճում: Հիշեցնենք, որ անցած առաջնությունում արգենտինացին դարձել է 21 գոլային փոխանցման հեղինակ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am