«Մադրիդի» տարօրինակ ամառը. 16 խաղացող հեռացել է և ոչ մի ձեռքբերում

Տարին ծանր է տրվում բոլորին, բացառություն չէ նաև Մադրիդի «Ռեալը», որի համար տրանսֆերային ամառը նշանավորվեց ոչ թե աղմկալի ձեռքբերումով, այլ թիմից Գարետ Բեյլի հեռանալով: Ուելսցին Մադրիդում հասցրեց չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, սակայն վերջին տարիներին գտնվում էր քննադատության մեծ ալիքի տակ և այս առումով նրա հեռանալը սպասելի էր:

Շատերն են ընդգծում՝ Բեյլի տրանսֆերը ցույց է տալիս, թե որքան լավ տրանսֆերային շուկայում աշխատեցին ակումբի նախագահն ու նրա համախոհներն՝ արդարացնելով թիմի երկրպագուների սպասելիքները համավարակի ու նրանից բխող դժվարությունների ֆոնին առաջին հերթին ֆինանսական տեսանկյունից: Ուելսցու վերադարձը «Տոտենհեմ» մատուցվում է որպես մաս հատուկ մշակված ծրագրի, որի արդյունքում ամռանը Մադրիդը լքել են 16 խաղացող, փոխարենը չի եկել ոչ ոք: Կարելի է ենթադրել, որ տնօրենների խորհուրդն այսպես ամրացրել է ակումբի ֆինանսական վիճակը՝ չթուլացնելով Զիդանի գլխավորած թիմը:

Ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնը նույնպես տեղափոխվել է «Տոտենհեմ» գումարի դիմաց, որը կարող է հասնել մինչև 32 միլիոն ֆունտի: Իսպանացին միացավ Խամեսին, Հակիմիին, Օսկար Ռոդրիգեսին, Խավի Սանչեսին, Խորխե դե Ֆրուտոսին, Դանի Գոմեսին, Միգել Բաեսեին և Ալբերտո Սորոյին, որոնք ակումբը լքել են՝ լիարժեք պայմանագրեր ստորագրելով նոր ակումբների հետ: Արդյունքում հավաքվեց 100 միլիոն եվրոյից ավելի գումար, որն անհրաժեշտ էր ակումբին ֆինանսական մի շարք հարցեր կարգավորելու համար: Դրանք քիչ չեն և առաջին հերթին պայմանավորված են ֆինանսական հոսքերի կրճատումներով:

Գործարքների արժեքներից դատելով՝ դրանք այնքան էլ «Մադրիդի» սրտով չեն ֆինանսական տեսանկյունից: Խամես Ռոդրիգեսի նախկին ակումբը՝ «Բանֆիլդը» հայտարարեց, որ իսպանական մամուլում հայտնված տեղեկությունը, որ նրանք 25 միլիոն եվրո են փոխհատուցում ստացել կոլումբիացու տրանսֆերից, իրականությանը չի համապատասխանում և որ «Էվերտոնը» չի վճարել ոչ մի գումար: Մյուս կողմից նրա տեղափոխությունը նշանակում է, որ այլևս պետք չէ նրան խոշոր աշխատավարձ վճարել: Athletic հեղինակավոր պարբերականը նաև նշում է, որ «Մադրիդը» շարունակելու է վճարել Բեյլի մաքուր աշխատավարձի կեսից ավելին՝ տարեկան մոտ 15 միլիոն եվրո, սակայն միանշանակ է, որ այս հարցում ևս զգալիորեն կտնտեսի:

«Մադրիդը» նաև զբաղված էր այն խաղացողների գործերով, որոնք վարձավճարով այլ ակումբներում են: Նրանց թվում են Դանի Սեբալյոսը, Կուբոն, Վալյեխոն, Բրաիմ Դիասը, Ֆրան Գարսիան և Ռայներ Ժեզուսը: Խոսքը 50 միլիոն եվրոյի մասին է ակումբի աշխատավարձերի ընդհանուր թվից: Մյուս կողմից սա կրճատում է Զիդանի տրամադրության տակ գտնվող խաղացողների թիվը:

Չի բացառվում նաև, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբը կհրաժարվի Բորխա Մայորալի, Մարիանո Դիասի, Լուկա Յովիչի և Լուկաս Վասկեսի ծառայություններից: Բայց նույնիսկ, եթե բոլորը հեռանան, ապա դժվար է կարծել, որ ակումբը կկատարի որևէ խոշոր ձեռքբերում:

«Խոշոր գործարքներ չեն լինի: Իրավիճակը շատ բարդ է: Դժվար է խնդրել խաղացողներին գնալ աշխատավարձերի կրճատման, իսկ հետո կատարել է խոշոր տրանսֆերներ»,- ասել է Պերեսը:

Իսպանիայում և այլ երկրներում համավարակի պատճառով ամենամեծ վնասները կրել են խոշոր ակումբները, որոնց եկամուտների առյուծի բաժինը գալիս է հանդիպումների անցկացումից և կոմերցիոն գործունեությունից:

Մինչև համավարակը կանխատեսվում էր, որ 2019/2020 թթ. «Մադրիդի» եկամուտը կկազմի 822.1 միլիոն եվրո, մինչդեռ այս պահին սպասվում է, որ թիվը կկազմի մոտ 650 միլիոն եվրո: Այնուամենայնիվ ճգնաժամի պայմաններում արտակարգ ֆինանսական կառավարումը կարող է հանգեցնել 320 հազար եվրոյի հասնող «մաքուր ավելցուկի»:

Իսպանական «2Playbook» մարզական բիզնես-համայնքի տնօրեն Մարկ Մենխենի խոսքով «Մադրիդը» լավ է պատրաստված եղել ֆինանսական առումով, քան եվրոպական մյուս ակումբները, երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը:

«Մադրիդը» միշտ ավելի լավ է կառավարել իր ֆինանսները, քան «Բարսելոնան»: «Մադրիդը» նախատեսել էր ստանալ 40 միլիոն եվրո շահույթ այս տարի: Այսինքն, երբ դուք պետք է ստիպված գնաք կրճատումների, գիտեք որ ունեք ապահովության բարձիկ: «Բարսան» խնդիրներ կունենար նույնիսկ նորմալ իրավիճակում, իսկ դրան ավելացավ համավարակը: «Մադրիդին» հաջողվեց բալանսի բերել հաշիվները, նրանք կարողացան նույնիսկ փոքր ավելցուկ ունենալ: Դորտմունդի «Բորուսիան», «Լիոնը», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարում են կորուստների մասին: «Մադրիդը» վատ արդյունքներ չարձանագրեց՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները»,- The Athletic-ին ասել է Մենխենը:

Ինչպես դա նրանց հաջողվեց

Առաջին հերթին, կրճատելով աշխատավարձի չափը 10 տոկոսով, կարողացան տնտեսել մոտ 40 միլիոն եվրո: Օգնեց նաև անցած տարի «Adidas»-ի հետ կնքած գործարքը, ինչի արդյունքում շահույթը հասավ մոտ 60 միլիոն եվրոյի:

Այս ամառ ակումբից հեռացած խաղացողների տրանսֆերներից ստացված գումարները գրանցվելու են 2020/21 թթ. հաշիվների վրա, բայց վերջին տարիներին ակումբի համար նշանակալի գումարի դիմաց խաղացող վաճառելը սովորական էր դարձել: Անցած տարի խաղացողների վաճառքից ստացված գումարը կազմել է 135 միլիոն եվրո. այդ թվում նաև Մատեո Կովաչիչի և Մարկոս Լյորենտեի տրանսֆերները համապատասխանաբար 45 միլիոն եվրոյով «Չելսի» և 30 միլիոն եվրոյով Մադրիդի «Ատլետիկո»: Դրանից առաջ «Մադրիդը» հաջողությամբ վաճառել է Մեսուտ Օզիլին, Անխել Դի Մարիային, Պեպեին և Ալվարո Մորատային և կանոնավոր կերպով պլյուսով էր փակում տրանսֆերային պատուհանը: Բացառություն է թերևս 2019 թվականը, երբ 350 միլիոն եվրո ակումբը ծախսեց Էդեն Ազարի, Լուկա Յովիչի, Էդեր Միլիտաոյի, Ֆերլան Մենդիի, Ռոդրիգոյի և Ռեյների տրանսֆերների վրա:

«Արդեն մի քանի տարի է, ինչ «Մադրիդը» հաջողությամբ վաճառում է: Նրանք վաճառեցին խաղացողների, որոնք այնքան էլ կարևոր չէին թիմի համար բացառությամբ իհարկե Ռոնալդուի և նրանց տեղափոխություններից ստացան բավականին լավ գումարներ: Նրանք գիտեին, որ մարզադաշտի խնդիր ունեն և ցանկանում էին պատրաստ լինել հնարավոր խնդիրներից  խուսափելու համար»,- ասել է Մենխենը:

«Բեռնաբեուն» թարմացնելու և նրան նոր տեսք տալու գաղափարն եղել է ակումբի ղեկավարների մոտ դեռ այն ժամանակներից, երբ Պերեսն 2004 թվականին խոստացավ «կիսաթափանցիկ ծածկ» ավելացնել ստադիոնում: Ծրագիրն այս ընթացքում ոչ մի կերպ գլուխ չէր գալիս և միայն 2018 թվականի վերջին հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ ինչպես մարզադաշտի նոր տեսքի, այնպես էլ ֆինանսավորման հարցերի շուրջ: Ծախսելու են մոտ 575 միլիոն եվրո: Համաձայն պայմանավորվածության՝ վարկը վճարելու են մաս-մաս, իսկ զգալի մասը վճարելու են միայն այն բանից հետո, երբ ծրագիրն ավարտին կհասցվի: Ստացվում է՝ նոր  և շքեղ VIP-զոնաները կարող են իրենք իրենցով արդեն փակել ծախսերը:

«Մադրիդը» կարող է սկսել փակել պարտքը միայն երեք տարուց՝ մինչ այդ սահմանափակվելով միայն տոկոսները վճարելով»,- հավելել է Մենխենը:

Հատկանշական է, որ իր առաջին ժամկետի ընթացքում Պերեսն աչքի էր ընկնում այլ քաղաքականությամբ, իսկ ահա 2009 թվականից, երբ կրկին դարձավ ակումբի նախագահը, սկսեց մտածված ծախսել: Այս տարվա ավելցուկի մասով կարելի է ասել նորություն չկա: 2018/19 թթ. շահույթը կազմել է 53.5 միլիոն եվրո, իսկ «գումարային միջոցների մնացորդը» կազմել է 156 միլիոն եվրո: Հիմա նույնիսկ տեղեկություն կա, որ «Մադրիդի» խաղացողները հրաժարվել են իրենց հասանելիք հավելավճարներից, որոնք ստանալու են անցած մրցաշրջանում Լա Լիգայում և Սուպերգավաթի խաղարկությունում հաղթելու համար: Նշվում է, որ յուրաքանչյուրը պետք է ստանա 1 միլիոն եվրո:

 «Վերջին 20 տարում «Մադրիդը» ունեցել է մենեջերների բավականին կայուն թիմ: Մարդիկ են, որոնք շատ լավ գիտեն, թե ինչպես է աշխատում բիզնեսը: Արդյունքում Պերեսն առաջին տեղում է: Նա շատ է կենտրոնացած ու միշտ ցանկանում է իմանալ, թե ինչ է կատարվում ֆինանսական առումով: Այնպես որ «Մադրիդի» մոտ ամեն ինչ լավ էր, նրանք միշտ հավաքում էին սև օրվա համար»,- նկատել է Մենխենը:

Արդեն մեկնարկած մրցաշրջանում «Մադրիդում» խաղում են նրանք, որոնք խաղացել են անցած մրցաշրջանում և այն տղաները, որոնք գտնվում էին այլ ակումբներում և որոնց Զիդանը ցանկացել է տեսնել իր թիմում: Նոր ձեռքբերումներ ակումբը չի կատարել:

Թերևս ամենանշանակալին կարելի է համարել Մարտին Էդեգորի վերադարձը, որը հասցրեց այս ընթացքում տպավորել իր խաղով «Ռեալ Սոսիեդադում» անցած մրցաշրջանում: Մնացածի մասով երկրպագուները մեծ հույսեր չեն կապում և չեն սպասում, որ բացի գավաթային վաղ փուլերի խաղերից Զիդանը նրանց խաղալու շատ ժամանակ կտա: 21-ամյա ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կլինի Տիբո Կուրտուայի փոխարինողը: Ալվարո Օդրիոզոլան Մյունխենի «Բավարիայի» կազմում խաղացել է ընդամենը 179 րոպե, սակայն դա նրան չխանգարեց նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության ոսկե մեդալը:

«Մադրիդում» լիահույս են, որ վերջապես նոր փայլով կսկսեն զարմացնել ֆուտբոլասերներին երիտասարդ այն տղաները, որոնց տրանսֆերների համար ակումբը բավականին լավ գումարներ է վճարել անցած մի քանի մրցաշրջանների ընթացքում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է Վինիսիուսին, Ռոդրիգոյին և Ֆեդե Վալվերդեին:

Ազարը, Յովիչը, Մենդին եվ Միլիտաոն

Չորսից էլ Մադրիդում սպասելիքներ ունեն, սակայն թիմում դեռ շարունակում են եղանակ ստեղծել Մոդրիչը, Ռամոսը, Բենզեման և Կրոսը: Բենզեման ամենակարևոր խաղացողն էր թիմի կազմում անցած մրցաշրջանում, մինչդեռ Ռամոսը հասցրեց վեց գոլ խփել անցած առաջնության վերջին 10 խաղում:

Իսպանիայի առաջնությունն արդեն մեկնարկել է: Անդրանիկ խաղին չմասնակցեց Ազարը, որը նստած էր տանը, քանի որ ոտնաթաթի հետ կապված խնդիրներ ունի: «Ռեալ Սոսիեդադի» հետ առաջին տուրի խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Զիդանի ընտրած կազմը շատ նման էր այն կազմին, որը սկսեց անցած մրցաշրջանը: Էդեգորը սկսեց խաղը հենց սկզբից, բայց իր նախկին թիմի հետ մրցավեճում շատ բան չկարողացավ անել և փոխարինվեց երկրորդ կեսում: Բենզեմային հարձակման գծում օգնում էին Վինիսիուսը և Ռոդրիգոն, սակայն մրցակցի պաշտպանների հետ դիմակայությունում առանձապես չփայլեցին:

Շատերին զարմացրեց Զիդանի կատարած փոփոխությունները՝ հաշվի առնելով, որ թիմին պետք էր գոլ խփել: Պահեստայինների նստարանին մնացին Լուկա Յովիչն ու Բորխա Մայորալը, մինչդեռ ակումբի գլխավոր թիմում իրենց նորամուտը նշեցին 20-ամյա Մարվին Պարկն ու 18-ամյա Սերխիո Արիբասը:

Այս ֆոնին ոմանք շտապեցին հիշեցնել Խամես Ռոդրիգեսի մասին, որը վերջերս համալրեց «Էվերտոնի» շարքերն ու «Գուդիսոն Պարկում» իր նորամուտը նշեց հիանալի կերպով, իսկ թիմը մրցակցի դարպասն ուղարկեց հինգ գոլ:

«Սոսիեդադի» հետ խաղից հետո «Մադրիդի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն ընդգծել է, որ ակումբը մտադիր չէ նոր գործարք կատարել մինչև հոկտեմբերի 5-ը, երբ կփակվի տրանսֆերային պատուհանը:

Ամեն դեպքում, ընթացիկ իրադարձություններն ու ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունը հուշում են, որ մեկ տարի անց ամեն ինչ այլ կերպ է լինելու: «Մադրիդում» հույս ունեն, որ վերջապես կկարողանան ձեռք բերել Կիլիան Մբապեի տրանսֆերը «Պարի Սեն Ժերմենից»:

Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ մեկ տարի անց Մբապեի ու ֆրանսիական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետի ավարտին կմնա մեկ տարի և հաշվի առնելով այն, որ Պերեսն ու «Փարիզի» ղեկավար Խելաիֆին գտնվում են լավ հարաբերությունների մեջ, հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ առանց լուրջ խնդիրների:

Անկախ ամեն ինչից, պետք է շեշտել, որ որքան էլ ակումբին հաջողվել է լավ արդյունքների հասնել ֆինանսական տեսանկյունից, Բեյլի ու Խամեսի նման խաղացողների հեռանալը կազդի թիմի խաղի վրա: Պետք է փորձել առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից և հուսալ, որ ճգնաժամը գնալով կթուլանա: Մնում է սպասել ու տեսնել, թե ինչպինին կլինի ֆինանսական վիճակը գալիք ամռանը: Հիմա ոչինչ պարզ չէ:

Hot Videos