ՀՖՖ-ն շտապե՞լ է. «Լոռիի» արձագանքը

2021 թվականի փետրվարի 9-ին «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեից ստացել է պաշտոնական գրություն, որի համաձայն՝ ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա Դոս Սանտոսի հետ վեճի կապակցությամբ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն զրկվել է նոր ֆուտբոլիստ գրանցելու իրավունքից, իսկ նշված արգելքը կվերանա վեճի լուծման արդյունքում, հայտնում են «Լոռիի» մամուլի ծառայությունից: Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (այսուհետ նաեւ՝ ՀՖՖ), ստանալով վերոնշյալ ծանուցումը, սխալ մեկնաբանելով ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը, շտապել է վերոնշյալ գործի կապակցությամբ ազգային ընթացակարգով կիրառել ֆուտբոլիստի գրանցման արգելքը՝ սկսած 2021 թվականի փետրվարի 1-ից, ինչի մասին ծանուցել է «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին։ Ավելին՝ ՀՖՖ-ն վերոնշյալ որոշումը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքում, ինչի արդյունքում, հնարավոր է, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի համար ծագեն որոշակի խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական։

ՖԻՖԱ-ի՝ արգելքը կիրառելու պաշտոնական գրությունը «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ստացել է միայն 2021 թվականի փետրվարի 9-ին, երբ արդեն բաց է եղել եւ մեկնարկել է ընթացիկ՝ 2021 թվականի փետրվար ամսվա ֆուտբոլիստների գրանցման ժամանակահատվածը (սկիզբ՝ 2021 թվականի փետրվարի 1, ավարտ՝ 2021 թվականի փետրվարի 28): ՀՖՖ-ն ֆուտբոլիստների գրանցման արգելքը սահմանել է այլ ժամանակահատվածի համար, քան սահմանված է ՖԻՖԱ-ի ծանուցման մեջ՝ հակասության մեջ մտնելով վերջինիս հետ:

Արդյունքում՝ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն դիմել է ՖԻՖԱ-ին՝ պարզաբանում եւ կրկնակի հաստատում ստանալու համար, թե արդյոք կիրառելի էր ֆուտբոլիստի՝ ազգային եւ/կամ միջազգային ընթացակարգով գրանցման արգելքը ֆուտբոլիստի՝ ընթացիկ, մեկնարկած գրանցման ժամանակահատվածի նկատմամբ, երբ գրանցման ժամանակահատվածի սկզբից անցել է 10 օր, ինչին ի պատասխան ՖԻՖԱ-ն կողմերի հատուկ ուշադրությունն է հրավիրել ՖԻՖԱ-ի «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի» 24-րդ հոդվածի վրա՝ նշելով, որ արգելքը կարող է կիրառվել միայն 3 ամբողջական գրանցման ժամանակահատվածի համար, հետևաբար, 2021 թվականի փետրվարի 1-ից արդեն մեկնարկած գրանցման ժամանակահատվածի ընթացքում նման արգելք կիրառվել չի կարող, եւ այն կարող է կիրառվել հաջորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում:

ՀՖՖ ուշադրությունն ենք հրավիրում ՖԻՖԱ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 10-ին ստացված պատասխանի վրա՝ հորդորելով հանել Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված արգելքը, ինչպես նաև պահանջում ենք հրապարակել հայտարարության պաշտոնական հերքում՝ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ, 2021 թվականի փետրվար ամսից սկսած, կիրառված արգելքի մասով եւ ակնկալում ենք ողջախոհություն ՀՖՖ-ի հետագա գործառույթների իրականացման կապակցությամբ»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՖԻՖԱ-ն ուժի մեջ է թողել Լոռի ՖԱ նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելքը:

«ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն,  ուսումնասիրելով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի (Լոռի ՖԱ) կողմից ներկայացված փաստաթղթերը ֆուտբոլիստ Դարկո Ենոքին փոխանցված համապատասխան վճարումների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանող կողմի փաստարկների ամբողջական փաթեթն առ այն, որ վճարումները մինչ օրս չեն կատարվել, և ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, ս/թ փետրվարի 8-ին պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է ներգրավված կողմերին, ինչպես նաև ՀՖՖ-ին, որ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա գործը դեռևս գտնվում է վարույթում, իսկ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքը շարունակում է մնալ ուժի մեջ:

Ըստ այդմ, համաձայն ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կարող գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ն ընդունել է ի գիտություն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի՝ ս/թ փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ին ուղղված պատասխան նամակը այս գործի առնչությամբ և ՖԻՖԱ-ի կողմից այլ որոշում ստանալու դեպքում վերջինիս կտրվի համապատասխան ընթացք:

Ի հավելումն նշվածի, համաձայն ս/թ փետրվարի 9-ին ստացված ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կատարել նաև իր ֆինանսական պարտավորությունները ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի նկատմամբ՝ վերջինիս չվճարելով ՖԻՖԱ-ի որոշմամբ հաստատված համապատասխան գումարը: Ավելին, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի կողմից ս/թ հունվարի 27-ին Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարան (CAS)  ուղարկված բողոքը չի ընդունվել՝ բողոքի հակիրճ նկարագրության վերջնաժամկետը չպահպանելու պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԻՖԱ-ն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի ակումբի նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք է դրել նաև այս վարույթի հետ կապված, որը վերաբերելու է թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով ֆուտբոլիստներ գրանցելուն և գործելու է 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը»,- նշված է ՀՖՖ հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos