«Լոռին» սպասում է. Թիմը կարող է դուրս գալ առաջնությունից

Անցած ուրբաթ տեղի է ունեցել ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են Վանաձորի «Լոռիի» դիմումները կապված երկու հարցի հետ: Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին տուրի «Ուրարտու» – «Լոռի», ինչպես նաև յոթերորդ տուրից հետաձգված «Լոռի» – «Ալաշկերտ» հանդիպումներին:

Առաջինի դեպքում «Լոռիին» գրանցվել էր տեխնիկական պարտություն: Ակումբը դեռ օգոստոսին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե «Ուրարտու» – «Լոռի» խաղի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը (Լոռի ՖԱ-ին գրանցել տեխնիկական պարտություն)՝ COVID-19-ով պայմանավորված բեկանելու համար։

Երկրորդի դեպքում «Լոռին» մարտի 2-ին է դիմել ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ «Լոռի» – «Ալաշկերտ» խաղում ֆուտբոլ խաղի կանոնների խախտման (4-րդ դադարով փոփոխություն կատարելու համար) պատճառով հյուր թիմին տեխնիկական պարտություն գրանցելու նպատակով։

Բողոքարկման կոմիտեի նիստին անդամներից բացի մասնակցել են նաև «Լոռիի» ներկայացուցիչները: Բուռն քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքների մասին ըստ ամենայնի կհայտարարվի վաղը: Դեռ նիստի օրը «Լոռիի» մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ հույս հայտնելով, որ ՀՖՖ գրասենյակում կայացվելու են բացառապես անաչառ և արդար խաղի կանոններին հարիր որոշումներ։

Վանաձորը ներկայացնող ակումբի ղեկավարությունը տրամադրված է վճռական: «Հինգշաբթի» լրատվականի հաղորդման համաձայն՝ չի բացառվում, որ «Լոռին» դուրս կգա առաջնությունից, եթե բողոքարկման կոմիտեն չբավարարի իրենց դիմումները:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am