«Լոկոմոտիվ» ՖԱ. «Զորակցում ենք «Լոռիին» ու դատապարտում ՀՖՖ ղեկավարության անընդունելի և կործանարար գործելաոճը»

Երևանի «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել կապված հայկական ֆուտբոլում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ, մասնավորապես խոսքը վերաբերում է Վանաձորի «Լոռիի» առաջնությունից դուրս գալու որոշմանը:

«Անդրադառնալով Հայկական ֆուտբոլում վերջին շրջանում տեղի ունեցող աղետալի զարգացումներին ցանկանում ենք արձանագրել հետեւյալը.

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը, 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին բեմադրված ընտրությունների արդյունքում, թույլ տալով ՀՖՖ կանոնադրության բազմաթիվ եւ կոպտագույն խախտումներ, տիրացավ ՀՖՖ ղեկավար պաշտոններին։

Ընտրությունների բեմականացումը ապահովելու նպատակով, նախ եւ առաջ բավականին խնդրահարույց հիմնավորումներով եւ ընթացակարգերով կասեցվեցին այն անդամների անդամությունը, որոնք ակնհայտորեն դուրս էին կազմակերպիչների վերահսկողության շրջանակից։ Մնացած ակումբներից որոշների նկատմամբ կիրառվեցին ճնշումներ, իսկ որոշների մասնակցությունը այդ բեմադրույթանը թողնվում է վերջիններիս խղճին։
Փաստը մնում է այն, որ այդ պահից սկսած` ՀՖՖ այսպես կոչված ղեկավարությունը, ՀՖՖ առաջնություններում առողջ մթնոլորտ ապահովելու փոխարեն, առաջնություններին մասնակից ակումբներին ըստ էության դասակարգեց յուրայինների եւ ոչ այդքան, մեծամասամբ դա պայմանավորելով այդ ակումբների կողմից ընրություններին դրսեւորած վարքագծով, իչպես նաեւ ՀՖՖ գործունեությունը քննադատելու եւ ըննդդիմանալու հանգամանքով։

ՀՖՖ կողմից չապահովվեց նաեւ ՀՖՖ որոշ մարմինների, մասնավորապես ՀՖՖ կարգապահական եւ էթիկայի կոմիտեի եւ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի պրոֆեսիոնալ եւ անկախ կազմերի ձեւավորումը, որոնք առաջնույթուններում առաջացած խնդիրների անաչառ եւ ՀՖՖ կանոնադրությանը եւ կանոնակարգերին համապատասխան լուծումներ տալու փոխարեն, դարձան ՀՖՖ ղեկավարույթան հնազանդ կամակատարները եւ իրենց ապօրինի որոշումներով էլ ավելի խորացրեցին առկա վիճակը։

Դրա վառ օրինակներից մեկը 02.07.2020թ, ՀՖՖ կարգապահական կոմիտեի, իսկ հետագայում նաեւ ՀՖՖ բողոքարկման կոմիտեի ապօրինի, ուղղորդված և մեր ակումբը կազմաքանդելու նպատակ ունեցող որոշումն էր, որի հետևանքով իրենց սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորությունից զրկվեցին ավելի քան 200 պատանի ֆուտբոլիստներ, փակվեց ավելի քան 25 աշխատատեղ, ինչպես նաեւ պատճառվեց նյութական եւ ոչ նյութական այլ վնասներ: Սակայն ֆուտբոլային ընտանիքի անդամների, բացառությամբ մի քանիսի, անտարբերությունն ու լռությունը այս և մի շարք այլ անօրինականությունների հանդեպ ՝ ՀՖՖ ղեկավարությանը հնարավորություն տվեց «բարեխաջող» շարունակելու հայկական ֆուտբոլը իսպառ կազմաքանդող գործողությունները:

Արդյունքում, մեկ մրցաշրջանի ընթացքում իրենց գործունեությունը դադարեցրեցին Բարձրագույն խումբը ներկայացնող 2 ակումբ , ինչպես նաև Առաջին խումբ ներկայացնող 1 ակումբ:

Սույնով ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել «Լոռի» ՖԱ-ին նման դժվար եւ ծայրահեղ քայլին դիմելու հարցում, բայց նաեւ վստահենք, որ նման քայլի դիմելը դա պայքարի մնացած միակ միջոցն էր։

Խիստ դատապարտելով ՀՖՖ ղեկավարության նման անընդունելի եւ կործանարար գործելաոճը՝ ֆուտբոլային բոլոր ակումբներին եւ ֆուտբոլային համայնքի բոլոր ներկայացուցիչներին կոչ ենք անում, մի կողմ դնել անձնական ամբիցիաները եւ համախմբվել հանուն հայկական ֆուտբոլի։ Այսուհետ դրսեւորած անտարբերությունը էլ ավելի է խորացնելու առկա ճգնաժամը եւ վստահաբար այդ անօրինականությունների և անարդարությունների շղթան մի օր թակելու է յուրաքանչյուրի դուռը»,- ասված է «Լոկոմոտիվի» հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am