«Պայդեում» զարմացել են, որ հաջողվել է Թբիլիսիում երեք գոլ խփել

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցելու է էստոնական «Պայդեի» հետ: խաղից առաջ լրագրողների հարցերին են պատասխանել հյուրերի ֆուտբոլիստ Սլիմ Լուտսը և գլխավոր մարզիչ Կարել Վոոլեյդը:

Սկզբում մեկ հարցի պատասխանեց «Պայդեի» հարձակվող Լուտսը՝ առաջիկա դիմակայությունում խուսափելով որևէ մեկին տալ նախապատվությունը:

— Լավ թիմ է «Արարատ-Արմենիան», կողմերի հնարավորությունները գնահատում եմ 50/50: Մենք կփորձենք լավ հանդես գալ: Շատ բան կախված կլինի վաղվա խաղից,- ասաց ֆուտբոլիստը:

Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանեց «Պայդեի» գլխավոր մարզիչը: 

— «Արարատ-Արմենիայում» փոփոխություններ են եղել: Կարելի է ասել «փակ թիմ է» այս պահին, քանի որ խաղեր չի անցկացրել: Ի՞նչ կարող եք ասել Ձեր մրցակցի մասին:

— Ես հետևում եմ Հայաստանի առաջնությանը, «Արարատ-Արմենիային» այն ժամանակվանից, ինչ Իլյա Անտոնովն էր խաղում թիմի կազմում: Այդ ժամանակ ես Էստոնիայի ազգային հավաքականի մարզիչն էի: Հետևում էի նաև Նիկիտա Բառանովի խաղին, Երևանի «Արարատի» խաղերն եմ նայել: Հետևել եմ, թե ինչպես էր Երևանի «Ալաշկերտը» լավ հանդես գալիս «Գլազգո Ռեյնջերսի» հետ խաղերում: Շատ լավ ավանդություներ ունեք, խաղացողներ:

Բարձր եմ գնահատում կոնկրետ «Արարատ-Արմենիայի» խաղը: Նրանք մշտապես խաղում են չեմպիոնության համար, բարձր մակարդակի թիմ է: Անկախ նրանից նոր մարզիչ ունեն ու նոր խաղացողներ են ձեռք բերել, բարդ է լինելու, բայց մենք փորձելու ենք: Հարգում ենք բոլորին:

— Ի՞նչ առաջադրանք է դրված «Պայդեի» առջև:

— Ես նոր եմ գլխավորել թիմը, բայց «Պայդեն» ինձ համար շատ կարևոր թիմ է: Դեռ 18 տարեկան հասակում որպես խաղացող ներկայացրել եմ «Պայդեն»: Անցած մրցաշրջանում մենք նվաճել ենք երկրի գավաթը՝ հաղթելով «Ֆլորային», որը շատ լավ թիմ է: Թբիլիսիի «Դինամոյին» անցանք: Հիմա մեր մյուս խնդիրը՝ անցնել «Արարատ-Արմենիային»:

Ինչքան էլ դա դժվար լինի, մեր խաղացողները լավ մոտիվացված են, ունեն զգալի փորձ: Նրանցից ոմանք գուցե շուտով կավարտեն իրենց կարիերան ու մենք ուզում ենք պատմություն կերտել, որովհետև «Պայդեն» չունի եվրագավաթներում խաղալու մեծ փորձ: Նույնիսկ եվրագավաթային գոտում չենք եղել, այստեղ ենք գավաթը նվաճելու շնորհիվ: Տեսնենք ինչպես կստացվի:

— Կբավարարի՞ արդյոք ոչ-ոքի արդյունքը Ձեզ վաղվա խաղում:

— Այո, բավարարված կլինեմ այդ արդյունքից: Դա մեր հիմնական նպատակն էր նաև Թբիլիսիի «Դինամոյի» հետ խաղում: Գոնե ոչ-ոքի առաջին խաղում, սակայն թե մեր թիմը, թե երկրպագուները զարմացան, որ երեք գոլ հաջողվեց խփել նրանց: Փորձառու տղաներ ունենք, ամեն ինչ հնարավոր է: Անկախ նրանից, թե ում հետ ենք մրցում, պայքարելու ենք հաղթանակի համար: