«Արարատ-Արմենիան» կխաղա Վարդան Բիչախչյանի «Շիրակի» ու «Արարատի» պես

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում մրցելու է էստոնական «Պայդեի» հետ: Խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսին լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

— Նման նորամուտ մինչ այս չեք ունեցել: Առաջին պաշտոնական խաղ ու միանգամից եվրագավաթային մրցաշար՝ չհաշված թիմի ամբիցիաները: Պատրա՞ստ եք մարտահրավերին:

— Դրա մասին մտածելու ժամանակ չենք ունեցել: Բնականաբար պատրաստ ենք: Ճիշտ նկատեցիք, առաջին պաշտոնական խաղն է ու Կոնֆերենացիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում էստոնական «Պայդեի» հետ, բայց այդ առումով մտահոգիչ ոչինչ չկա:

— Ի՞նչ առաջադրանք է դրված թիմի ու Ձեր առջև ու բավարարո՞ւմ է սելեկցիան, որն այս ընթացքում իրականացրել եք:

— Առաջադրանքի մասով: Առաջնությունում պայքարելու ենք չեմպիոնության համար, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում փորձելու ենք ինչքան հնարավոր է առաջ գնալ ու իմ համոզմամբ այս տեսանկյունից ոչ միայն մեզ, այլ հայկական մյուս թիմերի համար, որոնք խաղում են եվրագավաթներում, մեծ նշանակություն ունի վիճակահանությունը:

Բերեք առաջ չընկնենք: Եթե պատրաստ ենք, այսօր խոսենք վաղվա խաղից, հետո առաջիկայում ինչ կլինի՝ ժամանակ կունենանք անդրադառնալու: Սելեկցիայի մասով: Այս պահին բավարարում է: Չի բացառվում, որ քանի դեռ ժամանակ ունենք, կունենանք ևս մեկ համալրում:

— Հավաք անցկացրեցիք Թբիլիսում: Արդյոք սա պայմանավորվա՞ծ էր նրանով, որ սպասում էիք, որ հենց տեղի «Դինամոն» է լինելու Ձեր մրցակիցը:

— Եթե վերլուծենք իրավիճակը մինչև առաջին փուլի խաղերը, ապա մարդկանց մոտ 70 տոկոսը նախապատվությունը տալիս էին Թբիլիսիի «Դինամոյին»: Մյուս կողմից ֆավորիտները լինում են միայն թղթի վրա: «Պայդեն» ապացուցեց, որ ուժեղ թիմ է ու երկու խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց «ԴԻնամոյին», հետևաբար այն, ինչ ենթադրում էինք՝ չեղավ: Ինչ վերաբերում է հավաքին, ապա մեզ համար կարևոր էր միջազգային ստուգողական խաղ անցկացնելը:

Հետո այն ժամանակահատվածում, երբ եվրագավաթային խաղերին մասնակցելու իրավունք ունեցող թիմերը սկսում են նախապատրաստվել, խնդիրների են բախվում: Հայկական մյուս թիմերը գտնվում են արձակուրդում ու պետք է մրցակից գտնես եղած չորս թիմի միջից, որպեսզի ստուգողական խաղեր անցկացնես: Կարևորում եմ շատ վրաստանյան հավաքը ու այն, որ այն ավարտեցինք Քութայիսիի «Տորպեդոյի» հետ խաղով: Ունեցանք որոշակի պատկեր, բայց ամեն դեպքում պետք է տարանջատել ընկերական ու պաշտոնական խաղերը: Հոգեբանություն է փոխվում, պատասխանատվությունն ավելի է մեծանում: Եթե ինչ-որ տեղ արդյունքը «այդքան կարևոր չէ», ապա այստեղ սխալվելու իրավունք չունենք: Ամեն սխալը կարող է ճակատագրական լինել:

— Ի՞նչ վիճակում է նորեկ Միլոշ Ստամենկովիչը: Ասացիք, որ հնարավոր է ունենանք ևս մեկ համալրում: Արդյոք խոսքը Մորի Կոնեի՞ մասին է:

— Հնարավոր նորեկի հետ կապված այս պահին չեմ կարող ասել թե դա կլինի Մորի Կոնեն, թե մեկ այլ ֆուտբոլիստ: Ինչ վերաբերում է Ստամենկովիչին: Միլոշի հետ աշխատելու փորձ ունենք: Նա մեզ միացավ Թբիլիսիի հավաքից հետո Հայաստանում: Մոտ երեք օր է մարզվել թիմի կազմում: Նա հետ է մնացել ընդհանուր թիմից: Վաղը կլինի հայտացուցակում, բայց ոչ մեկնարկային կազմում:

— Դարպասապահներից ո՞ւմ եք նախապատվությունը տալու Երմակովին, թե Աբակումովին:

— «Արարատ-Արմենիան» տարբերվում է հայկական մյուս թիմերից այն առումով, որ այսօր մենք մեր կազմում ունենք հավասարազոր ֆուտբոլիստներ: Երկու դարպասապահները միասին 23 խաղացող: Եթե փորձեմ ինչ-որ մեկին նրանցից առաջնահերթություն տալ, ապա կարող է մի քանի խաղ հետո ինքս ինձ հակասեմ: Եվ Երմակովը, և Աբակումովը ինձ համար բավականին որակյալ խաղացողներ են ու երկուսն էլ մեծ ծանսեր ունեն խաղալու: Չի բացառվում, որ մրցաշրջանում խաղան մեկը մյուսին փոխարինելով:

— Ո՞վ է լինելու թիմի ավագը:

— Ավագի հետ կապված: Թող դա վաղը անակնկալ լինի:

— Հայտացուցակից կարծես բացակայում է Գևորգ Ղազարյանը: Ինչո՞վ է սա պայմանավորված և արդյոք այս «Արարատ-Արմենիայում» Ժիրայր Շաղոյանը տեղ չունե՞ր:

— Գևորգը թիմին միացել էր վնասվածքով: Ապաքինվել է, բայց փոքր խնդիր կա նրա մոտ ու որոշեցինք ռիսկի չգնալ: Ժամանակ ենք տրամադրել լիարժեք վերականգնվելու: Ամբողջ մրցաշրջանը առջևում է: Շտապելով ու Գևորգին կորցնելով դա մեզ ոչինչ չէր տա: Ինչ վերաբերում է Ժիրայրին, ապա դա եղել է բացառապես Ժիրայրի որոշումը: Ակումբը ու ես այդ թվում հարգել ենք նրա որոշումը:

— Բացի Գևորգ Ղազարյանից, ի՞նչ կորուստներ ունեք ու ընդհանրապես ինչպիսի՞ ֆուտբոլ է խաղալու «Արարատ-Արմենիան» Ձեր գլխավորությամբ:

— Բացի Գևորգից, վնասվածք ունի Դավիթ Տերտերյանը: Նախավերջին ստուգողական խաղի ժամանակ ստացավ: Ապաքինվում է: Դեռ չի միացել ընդհանուր թիմին: Հուսով ենք՝ մի քանի օրից Դավիթը կկարողանա միանալ թիմին: Խաղաոճի հետ կապված: Երկար տարիներ գլխավորել եմ «Շիրակը», մոտ մեկ տարի ու կես «Արարատը»: Այն ֆուտբոլը, որն իմ գլխավորությամբ խաղացել է «Շիրակը», իսկ հետո Երևանի «Արարատը», նույնը խաղալու է «Արարատ-Արմենիան»: Չեմ սիրում կանխատեսումներ անել: Բերեք մի քանի խաղ թիմն իմ գլխավորությամբ կխաղա, իսկ հետո այս հարցի շուրջ զրուցելու երևի առիթներ կլինեն: