Կյանքը 50 տարում ու «հինգի» մոգական ուժը. Զինեդին Զիդան

Զինեդին Զիդանը 50 տարեկան է: Զիզուն L’Equipe պարբերականին ծավալուն հարցազրույց է տվել, հիշել է ֆուտբոլիստի իր կարիերան, անդրադարձել լեգենդին, որը նա հասցրել է ստեղծել Մադրիդում եւ որպես ֆուտբոլիստ, եւ որպես մարզիչ: Ֆրանսիացին անկեղծ է գտնվել ու հասկացրել, որ կուզենա մի օր գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը: Մյուս կողմից նա ոչինչ չի բացառել ու «Պարի Սեն Ժերմենը» գլխավորելու հարցին պատասխանել է. «Երբեք մի ասա երբեք»:

«Պարի Սեն Ժերմեն»

«Երբեք մի ասա երբեք, հատկապես այն ժամանակ, երբ գործող մարզիչ ես: Երբ դեռ խաղում էի, կարող էի ընտրել ու տեղափոխվել ցանկացած ակումբ: Որպես մարզիչ չես կարող 50 ակումբ ունենալ: Գալիս եմ, որ հաղթեմ ու սա անհամեստություն չէ: «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Հասկանում եմ անգլերեն, բայց լիարժեք չեմ տիրապետում: Գիտեմ մարզիչների, որոնք թիմեր են գլխավորում չտիրապետելով լեզուների: Ես այլ կերպ եմ աշխատում: Շատ գործոններ պետք է համընկնեն, որպեսզի հաղթես: Գիտեմ, թե ինչ է ինձ պետք հաղթելու համար»:

Ապագան

«Անկախ ամեն ինչից կշարունակեմ մարզել: Ինչու չլինել մի վայրում, որտեղ դու առաջատար ես»:

Ֆրանսիայի հավաքական

«Իհարկե, ցանկանում եմ: Հուսով եմ՝ մի օր: Ե՞րբ: Հուսով եմ՝ մի օր կգլխավորեմ: Ուզում եմ փակել շրջանը, դեռ չեմ ավարտել Ֆրանսիայի հետ»:

Երեք չեմպիոնություն անընդմեջ

«Հաղթանակը Չեմպիոնների լիգայում երբեք պատահական չի լինում: Դա ծանր աշխատանք է, առավել եւս երբ հաղթում ես երեք անգամ անընդմեջ: Աշխատում էի խելագարի նման: Իմ խաղացողները հավատում էին ինձ, ես՝ նրանց: Զարմացած չեմ, որովհետեւ արել եմ հնարավոր ամեն ինչ»:

Լավագույն եզրափակիչը

«Խաղը, որում հաղթեցինք «Յուվենտուսին»: Մրցակիցը «Յովենտուսն» էր, որի կազմում որպես ֆուտբոլիստ երբեք չէի հաղթել Չեմպիոնների լիգայում»:

Խոսքեր եզրափակիչ խաղի ընդմիջմանը

«Երբ վերադառնում ես հանդերձարան, խաղացողներին հանգիստ ես թողնում: Նրանք վերականգնվելու կարիք ունեն: 15 րոպեանոց զրույցները չեն օգնում: Ասածդ տեղ չի հասնում կամ վատ է տեղ է հասնում»:

2017-ի դուբլը Մադրիդում

«Ֆանտաստիկա է, երբ հաղթում ես Չեմպիոնների լիգայում, բայց ամենաբարդն ու ամենահիանալին ամբողջական մրցաշրջանից հետո հաղթելն է: Չեմպիոնների լիգան հեղինակավոր մրցաշար է, շատերն են նախընտրում հաղթել այն, բայց Լա Լիգայի բարդությունը… փոխհատուցվում է օրդ, ամեն խաղն ու ամեն մարզումը: Հսկայական ձեռքբերում էր այն, որ այդ տարի նվաճեցինք երկու տիտղոս»:

Աստղերը

«Առաջին հերթին չպետք է քեզ նրանցից բարձր դասես: Պետք չէ հունից հանել նրանց: Նման էգոիստ բաներ չունեմ: Տարբեր իրավիճակներ են եղել շատ մարզիչների ու խաղացողների հետ»:

Զիդանն ու Մադրիդն այսօր

«Լինում եմ «Բեռնաբեուում», երբ կարողանում եմ: Այնտեղ օթյակ ունեմ: Երեխաներիս ու ընկերներիս այն նույնպես դուր է գալիս: «Ստադ դե Ֆրանսում» էի, դիտել եմ «Լիվերպուլի» հետ եզրափակիչը»:

Բենզեմա

«Կարիմն ինձ համար փոքր եղբոր պես է, որին երբեք չեմ ունեցել: Հաղորդագրություններ ենք հաճախ իրար ուղարկում: Զարմացած չեմ, թե ինչ է նա անում: Գիտեի, որ նա դրան ունակ է, նա միշտ փայլել է Մադրիդում: Պարզապես բացառիկ խաղացող է: «Ոսկե գնդա՞կը»: Ոչ միայն ես, ողջ աշխարհն է այդ մասին խոսում»:

«Ոսկե գնդակը»

«Արժանացա, երբ 1998 թվականին հաղթեցինք Աշխարհի առաջնությունում: 26 տարեկան էի, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը եւ դա հիանալի է: Մունդիալից հետո աղետալի իրավիճակ էր: Նույնիսկ ընկերներս էին ասում, որ կարծես ոչ թե ես, այլ եղբայրս է վերադարձել «Յուվենտուս»: ԴԺվար էր վերադառնալը, թանկ է նստում: 1998-ը իմ տարին էր եւ ես կարծում եմ, որ ինձ համար լավագույնը 1999/2000 մրցաշրջանն էր: Ոչ միայն իմ, այլ Ֆրանսիայի հավաքականի համար»:

Մադրիդը

«Նոր էի դարձել 29 տարեկան, ինչ-որ բան պակասում էր՝ «Ռեալ Մադրիդը»: Դա ինձ պետք էր կարիերաս առաջ տանելու համար, ինձ նոր մարտահրավեր էր պետք: Դա իմ գլխում էր, ինչպես նաեւ Ֆլորենտինոյի»:

Անձեռոցիկը

«Մեծ սեղանի շուրջ նստած էինք Մոնակոյում գալա-ընթրիքին եւ նա ինձ փոխանցեց հաղորդագրություն անձեռոցիկի վրա. «Ուզո՞ւմ ես տեղափոխվել»: Պատասխանեցի «Այո»: Մինչ օրս զարմանում եմ, թե ինչու նա ինձ անգլերենով պատասխանեց»:

«5» համարը

«Մադրիդում Ֆլորենտինոն ասաց ինձ, որ ազատ է միայն «5» համարը եւ ես պատասխանեցի՝ ոչ մի խնդիր: Այդ համարն ինձ շատ բան է տվել: Հինգ տարի անցկացրել եմ «Յուվենտուսում», հինգ տարի «Ռեալում»: Մասնակցել եմ հինգ մրցաշարի, որոնք հաղթել է «Մադրիդը»: Երբ հյուրանոցում լինում եմ հինգերորդ հարկում, հաղթում եմ: Յուրահատուկ բաներ կան»:

«Բայերին» խփած գոլը

«Կարելի է նույնիսկ ամենագեղեցիկը համարել, բայց որ ամենակարեւորն է՝ այո: Պետք է հաղթեի իմ առաջին Չեմպիոնների լիգան ու լինեի առանցքային դերում «Մադրիդում» մեծ եզրափակչում: Ռոբերտո Կառլոսի փոխանցումը կատարյալներից չէր, բայց արդյունքը հիանալի էր: Նման բան կյանքում մեկ անգամ է լինում: Փորձել եմ նույն հարվածը կրկնել գովազդային մի քանի հոլովակներում, բայց այդպես էլ չստացվեց»:

Կարիերայի ավարտն ու 2006 թվականի Մունդիալը

«Վնասվածք ստացա Իսպանիայի հետ խաղում, երբ խփեցի գոլ: Վնասվածքի մասին գրեթե ոչ ոք չգիտեր: Բուժզննումից հետո ինձ ասում են, որ չեմ խաղալու Բրազիլիայի հետո: Ի դեպ, բժիշկներն ամեն ինչ արեցին, որ ես խաղամ ու ես խաղացի: Յուրաքանչյուր խաղը կարող էր դառնալ իմ վերջինը եւ ես ուզում էի հաճույք ստանալ ամեն մի ակնթարթից»:

Մատերացին, եզրափակիչն ու ավարտը

«Լավագույն խաղը չէր, հատկապես իմ, բայց եղածն եղած է: Այդ օրը մայրս իրեն լավ չէր զգում: Հեռախոսով մի քանի անգամ զրուցել էր քրոջս հետ: Շատ լուրջ բան չկար, բայց ես անհանգստանում էի: Մատերացին ասել է, որ մորս հասցեին բան չի ասել եւ դա ճիշտ է, բայց նա վիրավորեց քրոջս, որն այդ պահին մորս հետ էր: Այլ դեպքերում քեզ վիրավորում են, բայց ոչինչ տեղի չի ունենում, բայց այդ օրն այլ էր: Եղածն եղած է: Պետք է սա ընդունել: Չեմ հպարտանում, որ տեղի ունեցածը կյանքիս մի մասն է: Սա իմ կարիերան է, իմ կյանքի պատմությունը: Ահա թե ինչու եմ ասում, որ Ֆրանսիայի հավաքականում դեռ ամեն ինչ ավարտված չէ: Չեմ ուզում նման կերպ ավարտել: Սա դեռ վերջը չէ»:

Կյանքը 50 տարում

«Կյանքը շարունակվում է: Հոգով ես դեռ մանուկ եմ: Ուզում եմ հաճույք ստանալ ամեն ինչից, սիրում եմ իմ կյանքը: Ամեն ինչ անում եմ հոգով եւ ամեն ինչ լավ է ընթանում: Ես հոգ եմ տանում իմ մասին, կինս ինձ նման է, ապրում ենք նույն կերպ»: