«Կարծում եմ՝ ՀՖՖ-ն մեզ պետք է ընդառաջի․ Արտաշես Ադամյանը՝ «Լեռնային Արցախի» ապագա ծրագրերի մասին

Օրեր առաջ «Լեռնային Արցախը» հաղթեց Հայաստանի Առաջին խմբում: Football365.am-ի հետ զրույցում «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը խոսել է ժամկետից շուտ առաջնության հաղթող ճանաչվելու, ՀՖՖ-ի  կողմից դեռևս արտոնագիր չստանալու և  թիմի ապագա ծրագրերի մասին։

  • Չեմպիոնության մասին

«Նախ նշեմ, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ մեր առջև խնդիր էր դրված դառնալ Առաջին խմբի չեմպիոն և ձեռք բերել Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Թիմը համալրվել էր տեղացի և արտասահմանցի որակյալ ֆուտբոլիստներով և լուրջ նախապատրաստական աշխատանքներ էին կատարվել։ Առաջնության մեկնարկից մի քանի տուր հետո պարզ դարձավ, որ չեմպիոնության համար մեր հիմնական մրցակիցը Գյումրիի «Շիրակն» է, որի հետ էլ հետագայում ընթացավ հիմնական պայքարը։ Մենք առաջին խաղաշրջանում կարողացանք 15 խաղում 12 հաղթանակ տանել և 3 խաղ ավարտեցինք ոչ-ոքի ու 4 միավորով գերազանցում էինք  «Շիրակին», որը մեզ հետ անզիջում պայքար էր մղում։  Այնուհետև երկրորդ խաղաշրջանում մենք Գյումրիում պարտվեցինք «Շիրակին» (0։3) և միավորների տարբերությունը կրճատվեց՝ հասնելով նվազագույնի։

Դրանից հետո մենք յուրաքանչյուր խաղում խաղադաշտ էինք դուրս գալիս անպայման հաղթելու նշանաբանով, կարծես եզրափակչի, քանի որ յուրաքանչյուր միավորի կորուստը կարող էր ոսկու արժեք ունենալ։ Մեր տղաների գրագետ խաղի շնորհիվ կարողացանք 10 անընդմեջ հաղթանակ տանել և որ ամենակարևորն  է սեփական հարկի տակ կարողացանք հաղթել «Շիրակին» (1։0) ու միավորների տարբերությունը հասցրեցինք վեցի։ Առաջնության ավարտից երեք տուր առաջ՝ մայիսի 9-ին հաղթեցինք «Գանձասարին» (4։1) և ժամանակից շուտ ապահովեցինք առաջին հորիզոնականը։ Իմ կարծիքով մեր թիմը արժանիորեն դարձավ չեմպիոն, քանի որ մենք գրեթե բոլոր գործոններով գերազանցեցինք մեր մրցակիցներին։

Պետք է նշեմ, որ Գյումրիի «Շիրակը», որը շատ պատվախնդիր և կազմակերպված թիմ է, մինչև վերջին պահը անզիջում պայքար մղեց մեզ հետ և արժանի մրցակից էր։ Հատկանշական է, որ մենք չեմպիոն հռչակվեցինք հենց մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի և Լեռնային Ղարաբաղի բանակի կազմավորման օրը, և մեր հաղթանակը նվիրեցինք մեր հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին։ Մեզ մեծ ցնծությամբ ընդունեցին Լեռնային Ղարաբաղում»։

  • ՀՖՖ-ի կողմից դեռևս արտոնագիր չստանալու մասին

«Ինչպես գիտեք ՀՖՖ-ն մերժել էր մեր` Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու արտոնագրման հայտը՝ ՀՖՖ արտոնագրման 17-րդ հոդվածը չապահովելու պատճառաբանությամբ, որը նախատեսում է, որ արտոնագրման թեկնածուն պետք է ունենա 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան  թիմեր, որոնք պետք է մասնակցեն ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնություններին։ Իսկ մենք, ինչպես գիտեք, հետպատերազմական  շրջանի դժվարությունների պատճառով  չենք կարողացել ապահովել 8 թիմերի մասնակցությունը առաջնություններին։ Սակայն մենք առաջարկ ենք ներկայացրել ՀՖՖ-ին, որպեսզի, հաշվի առնելով վերոհիշյալը, մեզ ընդառաջի և արտոնագիր տրամադրի, քանի որ պատրաստ ենք հաջորդ մրցաշրջանում ապահովել 8 տարբեր տարիքային խմբի  մանկապատանեկան թիմերի մասնակցությունը առաջնություններին։

Դեռ պատասխան չենք ստացել։ Կարծում եմ՝ ՀՖՖ-ն մեզ պետք է ընդառաջի, քանի որ առաջնահերթ պետք է համարի սպորտային սկզբունքը, ըստ որի մենք դարձել ենք Հայաստանի առաջին խմբի առաջնության չեմպիոն։

Նշեմ, որ մեր ակումբը ՀՖՖ-ի մնացած բոլոր պահանջները բավարարել է․ ունենք մարզադպրոց, որտեղ մարզումների է հաճախում մոտ 300 երեխա, ունենք կանանց թիմ, որը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում պայքարում է  չեմպիոնության համար և պատրաստ ենք ունենալ նաև ֆուտզալի թիմ, որը կմասնակցի Հայաստանի առաջին կամ Բարձրագույն խմբի առաջնությանը։ Ակումբը ենթակառուցվածքների և ֆինասական տեսանկյունից նույնպես համապատասխանում է Հայաստանի Պրեմիեր լիգայի թիմերին։

Տարեց ֆուտբոլասերները հավանաբար կհիշեն, որ մեր «Ղարաբաղ» թիմը ժամանակին հաջողությամբ մասնակցում էր ԽՍՀՄ երկրորդ խմբի առաջնությանը, իսկ հետագայում նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը և այս թիմը բացառիկ էր նրանով, որ, ներկայացնելով 45-50 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտ քաղաքը, համալրված էր մեծամասամբ տեղի ֆուտբոլիստներով։  Ուստի կարծում եմ, որ ՀՖՖ-ն հաշվի կառնի այս ամենը և մեզ արտոնագիր կտա, հակառակ դեպքում ՝ նախ «ջուրը» կընկնի մեր կատարած հսակայական աշխատանքը, և հետո անիմաստ կլինի թիմ պահելը»։

  • Թիմի հետագա ծրագրերի մասին

«Մենք Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու դեպքում պահպանելու ենք թիմի կորիզը, սակայն, անշուշտ  տարբեր խաղային դիրքերում համալրումներ ենք կատարելու։ Նախատեսում ենք նաև որ մեր երկրորդ թիմը կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը, կունենանք ֆուտզալի թիմ»։

Հայկ Ուգուջյան