Ի՞նչ կա Հոլանդի մտքին

Անգլիական ու իսպանական առաջատար ակումբները շարունակում են աշխատել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Օրվա լրահոսը ողողված է նորվեգացի հարձակվողի հետ կապված տեղեկություններով: Սա չի կարող չմտահոգել ֆուտբոլիստի ներկայիս ակումբի ղեկավարներին: Բրիտանական dailymail պարբերականը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները պատրաստվում են հաջորդ շաբաթ հանդիպել Հոլանդի հորն ու խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկելու են ֆուտբոլիստի ապագայի հետ կապված մի շարք հարցեր: Գործընթացը նախաձեռնել են դորտմունդյան ակումբի ղեկավարները: Ցանկանում են հասկանալ, թե ինչ կա խաղացողի ներկայացուցիչների եւ առաջին հերթին ֆուտբոլիստի մտքին: Ի դեպ, աղբյուրն ընդգծում է, որ կողմերը չեն սահմանափակվելու նման մեկ հանդիպումով:

Հոլանդը գործող պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականին: Հատկանշական է, որ գալիք ամռանը խաղացողի հրաժարագինը կկազմի ընդամենը 75 միլիոն եվրո: Գերմանական Bild պարբերականը նշել է, որ գործող պայամանգրի դրույթներից մեկով հրաժարագինը կնվազի մինչեւ 75 միլիոն եվրո, եթե նորվեգացին առնվազն երկու տարի մնա Դորտմունդում: Պարզ է, որ շատ ակումբներ կփորձեն օգտվել ընձեռված հնարավորությունից ու պատրաստ կլինեն Հոլանդի մակարդակի ռմբարկուի տրանսֆերը ձեռք բերել մեր օրերի համար չափազանց քիչ գումարով:

21-ամյա հարձակվողի տրանսֆերին ավելի շատ հավակնում են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»: Այս հարցում նրանք ոչ միայն պայքարելու են միմյանց, այլ նաեւ անգլիական ակումբների հետ, մասնավորապես «Մանչեսթեր Սիթիի» («Սիթիում» ժամանակին խաղացել է Հոլանդի հայրը): 

Չի բացառվում, որ առաջիկա շաբաթների ընթացքում Հոլանդի ապագայի հետ կապված հարցը կփակվի և նա կկայացնի այլ ակումբ տեղափոխվելու որոշում. արդյոք «Բարսայի» լավագույն տարիների մասին երազող Լապորտան ավելի համոզիչ կգտնվի, թե կնախընտրի միանալ Ֆլորենտինո Պերեսի հավակնոտ ծրագրին: Վերջինս իր հերթին «Մադրիդի» ապագան չի պատկերացնում առանց Հոլանդ-Մբապե-Վինիսիուս եռյակի: