Հատուկ նշանակության ջոկատից զույգ եղբայրները, որոնք պաշտպանում են Ռոնալդուին

Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընտանիքն այս պահին գտնվում են հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման կազմում Աֆղանստանում ծառայած զույգ եղբայրների պաշտպանության տակ:

Երկուշաբթի առավոտյան Ռոնալդուի թիկանապահներից մեկը նրա 1.7 միլիոն ֆունտ արժողությամբ Bugatti-ով վթարի է ենթարկվել՝ բախվելով Մալյորկայում տեղի առանձնատներից մեկի պատին: Վարորդի անունը չի նշվում:

Այնուհանդերձ, Ռոնալդուին մշտապես ուղեկցում են Սերխիո և Խորխե Ռամալյերո եղբայրները: Հեռանալով պորտուգալական հատուկ նշանակության ջոկատից՝ նրանք միացել են ազգային ոստիկանության ստորաբաժանմանը, որը պաշտպանում է տեղացի քաղաքական գործիչներին ու մրցավարներին, իսկ անցած տարի նրանց վարձել են որպես Ռոնալդուի անձնական թիկնապահներ:

Եղբայրները բանակ են գնացել անմիջապես դպրոցից հետո և հայտնվել են հատուկ նշանակության «Կոմանդոս» անունով ջոկատում, որը ստեղծվել էր Անգոլայում՝ պորտուգալական նախկին գաղութում, 1962 թվականին:

Ռոնալդուի անվտանգության նոր ծառայությունն առաջին անգամ ուշադրություն է գրավել, երբ եղբայրները նրան ուղեկցել են Մանչեսթերի օդանավակայանում ՄՅՈՒ-ի՝ Շվեյցարիա թռչելուց առաջ: Նրանց նկատել էին հարձակվողին ուղեբեռն անցկացնելու հարցում օգնելիս:

Հայտնի չէ՝ արդյոք եղբայրներից մեկն է եղել վթարված մեքենայի ղեկին, թե՞ մեկ այլ թիկնապահ, բայց հայտնի է, որ Ռոնալդուն մեքենայում չի եղել:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ընկերուհու՝ Ջորջինայի և 5 երեխաների հետ մասնավոր ինքնաթիռով մեկնել է Մալյորկա՝ արձակուրդի: