ԱՊԼ-ում «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազք է․ Քեյնը խոստանում է օգնել Սոնին, Ռոնալդուն պայքարի մեջ է

Մոհամեդ Սալահին պայքար է սպասվում Պրեմիեր լիգայի երրորդ «Ոսկե խաղակոշիկ»-ի համար մրցավազքում․ Սոն Հըն Մինը կրնկակոխ հետևում է նրան։ «Լիվերպուլի» հարձակվողը ռմբարկուների վարկանիշի առաջատարն էր մրցաշրջանի զգալի հատվածում՝ հիանալի մեկնարկից հետո։ Սակայն հիմա նրան լուրջ վտանգ է սպառնում ի դեմս «Տոտենհեմի» աստղ Սոնի, որը խփեց իր 21-րդ գոլը այս մրցաշրջանում։

Հարավկորեացին այժմ ընդամենը 1 գոլով է զիջում Սալահին, ու ընդամենը երկու խաղ ունի, որպեսզի ստանա իր առաջին «Ոսկե խաղակոշիկը» բարձրագույն լիգայում։

Կրիշտիանու Ռոնալդուն ևս պայքարի մեջ է, բայց նա պետք է առնվազն 4 գնդակ խփի այս մրցաշրջանում ՄՅՈՒ-ի վերջին խաղում։

Հարի Քեյնը, որը երկու անգամ ստացել է այս մրցանակը, խոստացել է օգնել իր թիմակից Սոնին՝ հաղթել մրցանակը։

«Սոննին մեզ համար ֆանտաստիկ էր, ևս մեկ գոլ, մենք դեռ մի կարևոր խաղ էլ ունենք կիրակի օրը, որին, ես վստահ եմ, նա պատրաստ կլինի։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք նրա համար «Ոսկե խաղակոշիկ» նվաճել, դա հիանալի կլինի, բայց, իհարկե, նա էլ, մենք էլ գիտենք, որ ամենակարևորը 3 միավորն է», — ասել է Քեյնը։

Սալահն իր հերթին նշել է, որ իր խփած գոլերի քանակն ապացույց է, որ իրեն պետք է համարել աշխարհի լավագույն խաղացողը իր դիրքի համար։

«Եթե ինձ համեմատեք իմ դիրքի ցանկացած խաղացողի հետ, ոչ միայն թիմ թիմում, այլ նաև աշխարհում, կհայտնաբերեք, որ ես լավագույնն եմ։ Ես միշտ կենտրոնանում եմ աշխատանքիս վրա և անում եմ հնարավոր ամեն բան, և իմ ցուցանիշները խոսքերիս ապացույցն են։ Ինձ դուր է գալիս միշտ իմ առաջ նոր առաջադրանքներ դնել, այլ կերպ աշխատել ու օգուտ բերել, դա իմ պարտքն է»,- Սալահի խոսքերն է մեջբերել beIN Sports-ը։

«Ոսկե խաղակոշիկ»-ի հավակնորդների թոփ-10-ը

  • 1. Սալահ՝ 22 գոլ,
  • 2. Սոն Հըն Մին՝ 21,
  • 3. Կրիշտիանու Ռոնալդու՝ 18,
  • 4 = Դիոգու Ժոտա, Սադիո Մանե, Հարի Քեյն, Կևին Դե Բրույնե՝ 15,
  • 8 = Ռահիմ Ստերլինգ, Ուիլֆրիդ Զահա՝ 13,
  • 10 = Իվան Թոնի, Ջեյմի Վարդի՝ 12։