Դորտմունդի «Բորուսիա»․ համաշխարհային ֆուտբոլի լավագույն «ցուցափեղկը»

Ընթացիկ մրցաշրջանը վերջինն է Էրլինգ Հալանդի համար Դորտմունդի «Բորուսիայում»․ նորվեգացին տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»։

21-ամյա ֆուտբոլիստը դարձավ վերջինը այն խաղացողների երկար ցանկում, որի աստղը անհավանական բարձունքների հասավ գերմանական ակումբում անցկացրած ժամանակահատվածում։

Հալանդը եկել էր 20 միլիոն եվրոյի դիմաց

Հալանդը Մանչեսթեր կտեղափոխվի 60 միլիոն եվրոյով, ինչն ավելի քիչ է, քան պայմանագրում ներառված հրաժարագինը, որ սահմանել էր Մինո Ռայոլան։ Նորվեգացին 2020-ին «ՌԲ Զալցբուրգից» Դորտմունդ էր ժամանել ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց։

Լևանդովսկին 4,7 միլիոն եվրո էր արժեցել

Ռոբերտ Լևանդովսկին 2010-ին դորտմունդյան թիմին միացել էր այն բանից հետո, երբ գերմանական կողմը «Լեխ Պոզնանին» վճարել էր 4,7 մլն եվրո։ Լեհ հարձակվողը 2014-ին անվճար տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։

Դեմբելեի ժամանումը 2016-ին

2016-ի ամռանը գերմանական ակումբը պայմանագիր կնքեց Ուսման Դեմբելեի հետ՝ «Ռենին» վճարելով 35 միլիոն եվրո։ 20 ամիս անց «Բարսելոնան» եզրայինի համար առաջարկեց 140 միլիոն եվրո, ինչից հետո նա տեղափոխվեց «Կամպ Նոու»։

Օբամեյանգի սանդուղքը

2013 թվականի ամռանը Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը 13 միլիոն եվրոյի դիմաց «Սենտ Էտյենից» տեղափոխվեց Դորտմունդ։ Հինգ տարի անց 63 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ»։

Այզեկի բացահայտումը

Ալեքսանդր Այզեկը խաղում էր շվեդական ԱԻԿ-ում, երբ «Բորուսիան» 8 միլիոն եվրո վճարեց նրա համար 2017-ին։ Երկու տարի անց «Ռեալ Սոսյեդադը» 15 միլիոն առաջարկեց, և շուտով հարձակվողը տեղափոխվեց Իսպանիա։

Սանչո․ 8 միլիոն եվրոյից՝ 85 միլիոն

Ջեյդոն Սանչոն 2017-ին լքեց «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիան, որպեսզի միլիոն եվրոյի դիմաց միանա «Բորուսիային»։ Անգլիացին փայլեց Դորտմունդում եղած ժամանակահատվածում, և 2021-ի ամռանը 85 միլիոն եվրոյի դիմաց պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Գյունդողանի գործոնը

2011 թվականին «Բորուսիան» պայմանագիր ստորագրեց կենտրոնական կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ՝ «Նյուրնբերգին» վճարելով 5 միլիոն եվրո։ 2016-ին նա 27 միլիոնով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։

Անհայտ Պուլիշիչը

Քրիստիան Պուլիշիչը 2015-ին տեղափոխվեց Դորտմունդ՝ լինելով գրեթե անհայտ հարձակվող եվրոպական ֆուտբոլում։ Ամերիկացու վերելքը տպավորիչ էր, և 4 տարի անց նա 64 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Չելսիին»։

Հումելս․ մարդ, որը հեռացավ ու վերադարձավ

Մաթս Հումելսի կարիերան բաղկացած է Մյունխենի «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» միջև նրա տեղափոխություններից։ Կենտրոնական պաշտպանը 2009-ին 4 մլն եվրոյի դիմաց «Բավարիայի» ակադեմիայից տեղափոխվեց Դորտմունդ, իսկ 2016-ին վերադարձավ Մյունխեն 35 մլնի դիմաց։ 2019-ին Հումելսը 30 մլն եվրոյի դիմաց վերադարձավ ու դեռ խաղում է Դորտմունդում։

Մխիթարյանի շահույթը

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» տեղափոխվեց 2013ճին, այն բանից հետո, երբ գերմանական ակումբը 27 միլիոն եվրո վճարեց Դոնեցկի «Շախտյորին»։ 3 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միլիոնով ձեռք բերեց հայ ֆուտբոլիստին։

Գյոտցեի աճը

Մարիո Գյոտցեն կարիերան սկսել էր Դորտմունդի ակադեմիայում, իսկ 2013-ին պայմանագիր էր ստորագրել «Բավարիայի» հետ։ Այդ գործարքի արժեքը կազմել էր 37 միլիոն եվրո։

Շահինը տեղափոխվեց «Ռեալ»

Նուրի Շահինը Դորտմունդում գտնվելու ընթացքում դարձավ առաջատար երիտասարդ խաղացող։ 2011-ին «Ռեալը» 10 մլն եվրոյով ձեռք բերեց նրան, բայց վնասվածքների պատճառով ֆուտբոլիստը չկարողացավ փայլել «Սանտյագո Բեռնաբեուում»։