Պաշտպան, որ ժամանակին 100 գոլ է խփել մի մրցաշրջանում․ ՄՅՈՒ-ի լավագույն երիտասարդը

«Ռեալի» ակադեմիայի նախկին խաղացող Ալվարո Ֆերնանդեսը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ թիմի լավագույն ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում։

19-ամյա ձախ պաշտպանին մրցանակը հանձնել են ակադեմիայի ղեկավար Նիկ Կոքսն ու ՄՅՈՒ-ի ավագ Հարի Մագուայրը։ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հրապարակվել են Ֆերնանդեսի մասին Կոքսի խոսքերը․ ակումբի ակադեմիայի ղեկավարը բարձր է գնահատել իսպանացու որակները։

«Ալվարոն աչքի ընկնող ֆուտբոլիստ էր մեր մինչև 23 տարեկանների թիմի շատ ուժեղ ֆուտբոլիստների շարքում։ Մենք մտադրված պահպանում ենք այդ տարիքային խմբի երիտասարդությունը, և այդ մասին, անխոս, վկայում է այն փաստը, որ Ալվարոն ստացել է այս մրցանակը, չնայած այն բանին, որ մարտին լրացավ նրա ընդամենը 19 տարին։

Ալվարոն շատ է աճել այս մրցաշրջանում՝ կարևոր դեր խաղալով Պրեմիեր լիգա-2-ում, Երիտասարդական լիգայում, EFL Trophy-ում, ինչպես նաև առաջընթաց գրանցելով Իսպանիայի Մ-19 հավաքականում»։

Ֆերնանդեսը որոշեց «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել 2020 թվականին՝ ստորագրելով 4 տարվա պայմանագիր։

Հիանալի ձախ պաշտպանն իր առաջին քայլերն արել է «Ռասինգ դե Ֆերրոլում», իսկ հետո տեղափոխվել է նախ «Դեպորտիվո Լա-Կորունյայի», ապա՝ «Ռեալի» երիտասարդական ակադեմիա։

«Փոքր հասակում ես խաղում էի հարձակվողի դիրքում։ Ինձ դուր էր գալիս գոլեր խփելը։ «Ռասինգ դե Ֆերրոլում» մրցաշրջան է եղել, երբ ես 100-ից ավելի գոլ էի խփել», — ասել է Ֆերնանդեսը Marca-ին։