«Թոշակառուն» ու նրա հաղթական վերադարձը. Անչելոտին ամենավերևում է, որտեղ նաև Կլոպն է

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղից հետո միջազգային հեղինակավոր շատ պարբերականներ նույն հարցն են տալիս և փորձում են պատասխան գտնել: Խոսքը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին է: Մինչ շատերը ֆուտբոլային աշխարհում փորձում են որոշել մոլորակի լավագույն մասնագետին ու հիմնականում տատանվում են Գվարդիոլայի, Կլոպի և ինչու չէ Ժոզե Մոուրինյուի միջև, Անչելոտին հստակ քայլերով նոր ռեկորդներ է սահմանում ու գնում է ևս մեկ ռեկորդի: Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին մի քանի անգամ շատերը շտապել են թոշակի ուղարկել իտալացուն, հատկապես «Բավարիայից» ու «Էվերթոնից» հետո:

Թվում էր՝ ութ տարի առաջ «Մադրիդի» հետ Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո Անչելոտիի կարիերան գնում է դեպի մարման: Նման տպավորություն էր, երբ նա կարծես առանց մեծ խնդրի Չեմպիոնների լիգան փոխարինեց Եվրոպայի լիգայի խաղարկությունում՝ տեղափոխվելով սկզբում «Նապոլի», իսկ տարիներ առաջ՝ «Էվերթոն»: Ասել է, թե հասել է այն ամենին, ինչ ցանկանում է: Արի ու տես նա կրկին շարքում է, կրկին «Մադրիդի» ղեկին ու նոր էջ է գրում մարզչական կարիերայում:

Վերադարձը Մադրիդ արդեն նշանավորվել է չեմպիոնական գավաթով: Օրեր առաջ «Մադրիդը» անհասանելի դարձավ մրցակիցների համար ու 35-ր անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Դրանից օրեր անց նա հերթական հաղթանակը տարավ ու մարզչական կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ կխաղա Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում:

2016 թվականին Անչելոտին գլխավորեց «Բավարիան»՝ փոխարինելով «Մանչեսթեր Սիթիիի» առաջարկն ընդունած Պեպ Գվարդիոլային: Գերմանական թիմի ղեկին իտալացին մնաց մոտ երկու մրցաշրջան: Հեռանալուց հետո մյունխենցիների նախկին ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն ասել էր. «Ֆուտբոլիստներից հինգը դեմ էին Անչելոտիին: Մրցաշրջանի հենց սկզբից մեր խաղը չէր արդարացնում սպասելիքները և Փարիզում «Պարի Սեն Ժերմենի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ պետք է հետևություններ անենք»:

Մյունխենից անընդհատ լուրեր էին գալիս, որ Անչելոտիի օրոք «Բավարիայի» մարզումների ինտենսիվությունը նվազել է, պահանջներն այն չէ: Հատկանշական է, որ թիմի առանցքային խաղացողներից Արիեն Ռոբենը այդ ընթացքում ամեն կերպ փորձում էր հերքել տեղեկությունը, որ թիմակիցները ցանկանում են, որ Անչելոտին հեռանա:

Այս ֆոնին, ինչ պակասում էր Մյունխենում, անկհայտ է Անչելոտին ստանում է Մադրիդում: Այստեղ նա հաղթում է ու հաղթում է, օրինակ, Պեպ Գվարդիոլային:

Նկատենք, որ նույն քննադատական բովանդակությունը կարելի էր նկատել հրապարակումներում, որոնցում պատմում էին Անչելոտիի աշխատանքի ոչ արդյունավետ լինելու մասին, երբ նա մարզում էր «Նապոլին», իսկ մինչև Մադրիդ վերադառնալ, «Էվերթոնը»:

Անգլիայում շատ էին համեմատում նրան Տոմաս Տուխելի հետ: Նշվում էր, որ վերջինս վերցրեց «Չելսին» ու թիմը դարձրեց լավագույնը Եվրոպայում, մինչդեռ Անչելոտիի օրոք «Էվերթոնը» 18 ամսում վերադարձավ նույն կետին, որտեղից սկսել էր:

Արդեն հիմա պատկերն այլ է: Թոշակի անցնելու փոխարեն Անչելոտին ամենավերևում է, որտեղ նաև Յուրգեն Կլոպն է՝ շատերի կարծիքով լավագույնն աշխարհում: Նրանցից որ մեկը կմնա այնտեղ ու որը ստիպված կլինի զիջել տեղը, պարզ կդառնա օրեր անց Փարիզում: