ՉԼ. «Վիլյառեալ»-«Լիվերպուլ». Տանտերերը կձգտեն հրաշքի, հյուրերը կփորձեն սկսածն ավարտել

Ժամեր անց պարզ կդառնա Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչի մասնակիցներից մեկի անունը: «Վիլյառեալը» կկարողանա՞ բեկել ընթացքը, թե «Լիվերպուլը» սկսածը կհասցնի իր տրամաբաական ավարտին:

«Վիլյառեալը» հանգստյան օրերին հյուրընկալվելիս անակնկալ կերպով պարտվեց «Ալավեսին» (2։1), ինչը շատերի մոտ ամրապնդեց այն միտքը, որ պատասխան խաղում ևս «Լիվերպուլը» խնդիրներ չի ունենա։ Սակայն, եթե ուշադիր նայենք «Դեղին սուզանավի» կազմին, որով նրանք խաղում էին «Ալավեսի» հետ խաղում, կփաստենք շատ բան։

Հայացք գցելով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակին՝ պարզ է դառնում, որ մեծ հաշվով «Վիլյառեալը» ինչ-որ հորիզոնականի համար լուրջ պայքար չի մղում և դա երևաց նաև վերոնշյալ խաղից։ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Լիվերպուլի» հետ կայացած առաջին խաղի համեմատ (2։0) Ունայ Էմերին թիմի մեկնարկային կազմում կատարել էր ութ փոփոխություն։ Հիմնական կազմից խաղադաշտ էին դուրս եկել միայն Սամուել Չուկվուեզեն, Դանի Պարեխոն և Պաու Տորեսը։ Իսպանացի մասնագետը կատարել էր բավականին խորը ռոտացիա, որը ինչպես ակնկալվում էր չարդարացրեց իրեն: Այս պարտությունից հետո «Վիլյառեալը» հետ մնաց Լա Լիգայի լավագույն վեցյակից, որը կարող էր թիմին տալ Եվրոպա լիգայի խաղարկության ուղեգիր։

Սակայն այս ամենից ակներև է դառնում, որ իսպանական թիմն իր ողջ ուժն ու եռանդը կենտրոնացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և փորձում է հնարավորինս թարմ մոտենալ «Լիվերպուլի» հետ պատասխան խաղին։ Սա նոր սցենար չէ «Դեղինների» համար: Նրանք, կարելի է ասել, նույն ոճով պարտություն էին կրել առաջնությունում «Յուվենտուսի» և «Բավարիայի» հետ կայացած պատասխան խաղերից առաջ: Մյուս կողմից չէին պարտվել դիմակայության առաջին խաղում։

Պատասխան խաղում տանտերերին հնարավոր է կրկին չկարողանա օգնել թիմի գլխավոր հարվածային զենքը՝ Ժերար Մորենոն։ Բացի դա նաև մտահոգություններ կան թիմի առաջատարներց մյուսի՝ Առնո Դանժումայի վերաբերյալ, որը վատ մարզավիճակի պատճառով հայտավորված չէր «Ալավեսի» հետ խաղին։ Նաև կասկածի տակ է Երեմի Պինոյի և Ալբետո Մորենոյի մասնակցությունը, որոնք բաց էին թողել «Էնֆիլդում» կայացած հանդիպումը։

Ինչպես «Վիլյառեալը», այնպես էլ «Լիվերպուլը» չի թերագնահատում իր մրցակցին ու պատասխան խաղից առաջ կատարել էր ռոտացիա։ Յուրգեն Կլոպը իսպանակաիների հետ առաջին խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր հինգ փոփոխություն՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Նյուքասլի» հետ խաղում, որտեղ մերսիսայդցիները դժվարին հաղթանակ տարան նվազագույն հաշվով։

«Լիվերպուլը», ի տարբերություն «Վիլյառեալի», պայքարում է մի քանի ճակատով: Նախ համառ պայքար է մղում «Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, մտադիր են վերցնել նաեւ Անգլիայի գավաթը: Խաղարկության կիսաեզրափակչում, հաղթելով նույն «Սիթիին», դուրս են եկել եզրափակիչ և ի վերջո Չեմպիոնների լիգայի խաղարկությունում են ուզում հաղթել: Նրանց մեկ քայլ է բաժանում եզրափակչի ուղեգրից։  Այս ամենը լավ գիտակցելով՝ Կլոպը բավականին հաճախ է դիմում ռոտացիաների, որպեսզի թիմը չկորցնի իր թարմությունն ու մարտունակությունը։

Կողմերը նախկինում այնքան էլ հաճախ չեն հանդիպել եվրոպական մրցաշարերում։ Մինչ այս նրանց միակ առճակատումն եղել է 2015/16 մրցաշրջանում՝ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներումում, երբ Իսպանիայում կայացած առաջին խաղում «Դեղին սուզանավը» կարողացավ նվազագույն հաշվով պարտության մատնել մերսիսայդցիներին, իսկ Անգլիայում կայացած խաղում զիջեցին 3։0 հաշվով։ Սակայն այս «Վիլյառեալը» նախկին թիմը չէ և նույնն էլ կարող ենք «Լիվերպուլի» մասին ասել։

Վերջին տարիներին երկու թիմերն էլ ակնհայտ առաջընթաց են գրանցել: Իսպանական թիմն այժմ հանդիսանում է Եվրոպայի լիգայի խաղարկության գործող չեմպիոնը ու բացի դա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից կարողացել դուրս թողնել «Յուվենտուսի» ու «Բավարիայի» նման թիմերի, ինչը միանգամայն բարձրացնում է թիմի վարկանիշը։

Ի տարբերություն «Վիլյառեալի»՝ «Լիվերպուլը» արդեն երկար ժամանակ է ինչ բռնել է զարգացման ուղին: Յուրգեն Կլոպի սաներն ընթացիկ մրցաշրջանում պարզապես հիանալի հանդիպումներ են անցկացնում: Բավական է նայել մի քանի վիճակագրական տվյալների ու կհամոզվենք դրանում։ Թիմը հաղթել է վերջին 25 խաղերից 21-ում և Պրեմիեր լիգայում ընթացիկ առաջնություն 21 չոր հանդիպում է անցկացրել, ինչը լավագույն արդյունքն է այս պահին։

Այնուամենայնիվ պատասխան խաղում արագ գոլ խփելու հարցում անկասկած ավելի շահագրգռված կլինի «Վիլյառեալը», սակայն Էմերիի թիմը չի պատրաստվում մերկացնել թիկունքը և փորձելու է «Լիվերպուլին» անակնկալի բերել սուր և արագ հակագրոհներով, ինչը լավ է ստացվում իրենց մոտ, իսկ «Լիվերպուլը» այս ամենը լավ գիտակցելով փորձելու է հնարավորինս գցել հանդիպման տեմպը, որպեսզի մրցակիցը առաջ գա և ստիպված բացի տարածություններ։ Դիմակայության ֆավորիտը շարունակում է մնալ անգլիական կողմը, սակայն «Վիլյառեալը» դեռ հավատում է հրաշքին։