Ռիվալդոն Գվարդիոլային Բրազիլիայի հավաքականի ղեկին չի տեսնում

Ռիվալդոն հերթական բացառիկ հոդվածն է հրապարակել, որում քննարկել է մի շարք թեմաներ։ Բրազիլացին անդրադարձել է Խոսեպ Գվարդիոլային ու նրա հավանական ապագա պաշտոնին, Բրազիլիայի հավաքականի ապագա աստղերին, Մադրիդի «Ատլետիկոյին» ու շատ այլ հարցերի։

«Ես հնարավորություն եմ ունեցել «Բարսելոնայում» խաղալու Խոսեպ Գվարդիոլայի հետ ու շատ եմ հիանում նրանով, ինչպես նաև այն բանով, որ արդեն մի քանի տարի նա աշխարհի լավագույն մարզիչն է։

Այնուամենայնիվ, ես չեմ հավատում, որ նա կընդունի Բրազիլիայի հավաքականը գլխավորելու հրավերը, եթե դա լինի, ու ես նաև որոշ կասկածներ ունեմ՝ արդյոք բրազիլացիները նրան լավ կընդունե՞ն, քանի որ նախկինում չեն ունեցել արտասահմանցի մարզիչ։

Իմ կարծիքով՝ Բրազիլիայի հավաքականը պետք է 100 տոկոսով բրազիլական մնա, քանի որ դա մարզչին հնարավորություն է տալիս ավելի լավ իմանալ ու հասկանալ ամենը, ինչ կապված է բրազիլական ֆուտբոլի հետ, և դա օգնում է շատ հարցերում։ Բայց Պեպ Գվարդիոլայի մարզչական որակները ոչ մի կերպ կասկած չեն հարուցում»։

  • Մարզչական փոփոխությունները Բրազիլիայում նորմալ են

«Բրազիլիայի առաջնության հենց առաջին տուրից հետո հեռացան «Ատլետիկո PR»-ի ու «Ամերիկա Մինեյրոյի» գլխավոր մարզիչները, և դա, ցավոք, շարունակում է նորմալ երևույթ լինել բրազիլական ֆուտբոլում։ Երբ դու պարտվում ես, դրա համար միշտ վճարում է մարզիչը։ Հիմա Լիբերտադորեսի համար խաղացող այդ ակումբները գլխավորողների համար շատ դժվար է լինելու, սակայն հենց այս ծայրահեղ պահերին մարզիչը կարող է էլ ավելի գնահատվել։ Թիմն անհաջող ժամանակահատվածում գլխավորելը միշտ մեծ մարտահրավեր է, և նա, ով լավն է այդ հարցում, կարող է մեծ վստահություն վաստակել ու նույնիսկ ավելի խոշոր ակումբներ ընդունել ապագայում»։

  • Չեմպիոնների լիգայում անգլիական եզրափակիչ է լինելու

«Ասում են, որ «Ման․ Սիթին» ու «Լիվերպուլը» ֆավորիտ են Չեմպիոնների լիգայում, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, ու չենք կարող թերագնահատել իսպանական թիմերին, որոնք դեռևս մասնակցում են մրցաշարին, հատկապես Մադրիդի «Ռեալին»։ «Վիլյառեալն» ավելի քիչ ավանդույթներ ունի, և ես կարծում եմ, որ նրանց համար ամենադժվարը կլինի գավաթը նվաճելը։ Սակայն նրանք ունեն մարզիչ, որը մեծ փորձ ունի։ Այնուամենայնիվ, ես տեսնում եմ, որ անգլիական թիմերն ավելի լավ են նախապատրաստվել գավաթը հաղթելուն»։

  • Հալկը կարող է տեղ ունենալ Բրազիլիայի հավաքականում

«Նայելով, թե ինչ է Հալկն անում «Ատլետիկո ՄԳ»-ի մարզաշապիկով, պարզ է դառնում, որ նա ունի բոլոր որակները և կարողությունը պայքարելու ԱԱ-ում Բրազիլիայի հավաքականում տեղի համար։ Բայց ես տեսնում եմ, որ Տիտեն արդեն գրեթե կողմնորոշվել է հարձակման գծի ընտրության հարցում։ Հավանաբար, միայն այն իրավիճակում, երբ ֆուտբոլիստի հետ անկանխատեսելի բան պատահի, ես կարող եմ տեսնել, որ Հալկը շանս ունի մեկնելու Քաթար։ Նա իր կարիերայի լավագույն խաղն է ցուցադրում և, անխոս, կարող էր կարևոր դեր խաղալ հավաքականում այս պահին, սակայն մենք պետք է հարգենք մարզչի ընտրությունը»։

  • Ռոդրիգոն ու Վինիսիուսը Բրազիլիայի հավաքականի ապագան են

«Հունվարին ես արդեն ասել եմ, որ «Ռեալի» երկու երիտասարդ հարձակվողներն ունակ են հայտնվելու Բրազիլիայի հավաքականում և հավակնելու ԱԱ-ում տեղ ունենալուն։ Եվ այն, ինչ մենք տեսանք անցած շաբաթ Չեմպիոնների լիգայում, միայն հաստատում է դա։ Չնայած իրենց երիտասարդությանը՝ նրանք արդեն հանդես են գալիս ամենաբարձր մակարդակով և իրենց ներկայացրել են որպես առաջատար խաղացողներ։ Եթե նրանց հաջողվի մինչև նոյեմբեր պահանջված մնալ «Ռեալի» կազմում, Տիտեն, անխոս, կմտածի նրանց մասին, երբ գա վերջնական կազմը որոշելու ժամանակը»։

  • Անդրեաս Պերեյրան պետք է ավելի շատ ֆուտբոլ խաղա

««Ֆլամենգոյի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրայի ապագան մնում է անորոշ այն բանից հետո, երբ թիմը հետընթաց ապրեց ֆուտբոլիստին «Ման․ Յունայթեդից» ձեռք բերելուց հետո։ Այս պահին անգլիական ակումբը, հնարավոր է, արդեն պատրաստվում է նրա վերադարձնին, բայց ես կարծում եմ, որ նա պետք է ավելի լավ որոշում գտնի, որը նրան թույլ կտա շարունակել կանոնավոր խաղալ։ Իհարկե, նրա համար դժվար կլինի տեղ գտնել Աշխարհի առաջնությունում, սակայն եթե ցանկանում է պահպանել այդ երազանքը, պետք է կանոնավոր խաղա հայտնի ակումբում, և «Ֆլամենգոն» հարմար տեղ էր»։

  • Բենզեման հրաշալի մարզավիճակում է «Ոսկե գնդակի» համար

«Մադրիդի «Ռեալը» քրտնաջան աշխատեց ՉԼ-ում «Չելսիի» արգելքը հաղթահարելու համար և արդյունքում հասավ իր նպատակին։ Բենզեման հերթական անգամ վճռական դեր խաղաց իր թիմի հաղթանակում, և եթե ակումբին հաջողվի նվաճել Իսպանիայի չեմպիոնությունը և դուրս գալ ՉԼ եզրափակիչ, ֆրանսիացի հարձակվողն անպայման առաջ կանցնի 2022-ի «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Նա Գերազանց ֆուտբոլիստ է, որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում ինքնավստահության տեսանկյունից, և դա տեսանելի է խաղադաշտում։ Հաճելի է նայել, թե ինչպես է Բենզեման հանդես գալիս նման մակարդակում, և «Ռեալը» խաղադաշտում աճում է նրա հետ»։

  • «Լիվերպուլը» չի կարող հեշտությամբ լուծել «Վիլյառեալի» հարցերը

«Այս պահին պարզ է, որ «Լիվերպուլը» ֆավորիտ է «Վիլյառեալի» հետ պայքարում ոչ միայն թիմի որակներով, այլ նաև ՉԼ-ում պատմությամբ ու ավանդույթներով։ Ամեն դեպքում, իսպանական թիմն արդեն ցույց է տվել, որ կարող է դիմակայել ցանկացած թիմի, և Կլոպի թիմը չի կարող հեշտությամբ հաղթահարել նրանց արգելքը»։

  • Սիմեոնեի «Ատլետիկոն» դեռ նույնն է

Մամուլը քննադատում է «Ատլետիկոյի» պահվածքը «Ման․ Սիթիի» հետ խաղից հետո, բայց ես դրանում անակնկալ չտեսա, քանի որ Սիմեոնեի թիմը միշտ պայքարում է։ Այնուհանդերձ, հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես դերերը փոխվեցին պատասխան խաղում․ «Ատլետիկոն» գոլային պահ էր փնտրում, իսկ «Սիթին» ժամանակ էր ձգում։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և տեսնել, թե ինչպես է Գվարդիոլայի թիմը ժամանակ ծախսում Սիմեոնեի թիմի հետ՝ փորձելով գրոհել, դրա լավագույն դրսևորումն է։ Բայց «Մանչեսթեր Սիթին» ազնիվ հաղթող է, հատկապես Անգլիայում կայացած առաջին խաղից հետո, որում իսպանական թիմը միայն պաշտպանվում էր, ինչը շատ տգեղ էր ու նույնիսկ հիասթափեցնող։ Կարծում եմ՝ Սիմեոնեին պետք է ժամանակ առ ժամանակ ավելի շատ վստահել իր ֆուտբոլիստների տաղանդին»։