Մաթեմատիկա․ Ե՞րբ «Ռեալը» կկարողանա ամրագրել չեմպիոնական տիտղոսը

Մադրիդի «Ռեալին» մնացել է Լա Լիգայում անցկացնելու ընդամենը 6 խաղ «Սևիլյայի» նկատմամբ հաղթանակից հետո։ Այս պահին «սերուցքայինները» 15 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային», որը 2 խաղ պակաս է անցկացրել։

«Սևիլյայի» նկատմամբ նրանց հաղթանակը թիմի երկրպագուներից շատերին մղել է նայելու խաղացանկը, որպեսզի հաշվարկեն, թե երբ կարող են նվաճել Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Երկրպագուների համար իդեալական կլինի, եթե դա տեղի ունենա մադրիդյան դերբիի ժամանակ, որը կայանալու է 35-րդ տուրի շրջանակում, մայիսի 7-ին կամ 8-ին։

Տեսականորեն, եթե «Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեն մինչև դերբին բոլոր խաղերը, տարբերությունը կդառնա 9 միավոր։ Այդպիսով, հաշվի առնելով, որ «Ատլետիկո» — «Ռեալ» խաղից հետո կմնա երեք խաղային օր, տիտղոսը կարող է նվաճվել «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, միայն այն դեպքում, եթե կատալոնական թիմը միավորներ կորցնի դերբիից առաջ կամ «Բետիսի» հետ այդ տուրի իր խաղում։

Այլընտրանքային տարբերակում՝ եթե «Ռեալը» 35-րդ տուրին հասնի «Բարսայի» նկատմամբ 12 միավորի առավելությամբ, ապա այդ տուրում ցանկացած այլ արդյունքի դեպքում կդառնա չեմպիոն, բացի իր պարտությունից և «Բարսայի» հաղթանակից։ Ամեն դեպքում, «Ռեալը» կարող է նույնիսկ հաղթել տիտղոսը նախքան 35-րդ տուրը, եթե այդ պահին միավորների տարբերությունը գերազանցի 12-ը։

«Բարսելոնան» հույս ունի, որ «Ռեալը» միավորներ կկորցնի առաջիկա խաղերում, բայց «սերուցքայինները» հիանալի կայունություն են ցուցադրել՝ վերականգնվելով «էլ կլասիկոյում» կրած ջախջախիչ պարտությունից։

«Ռեալը» պետք է կորցնի 9 միավոր 18 հնարավորից, իսկ «Բարսելոնան» պետք է հաղթի մնացած բոլոր խաղերը, որպեսզի նվաճի Լա Լիգայի տիտղոսը։

Առջևում «Օսասունայի» հետ արտագնա, «Էսպանյոլի» հետ տնային խաղերն են, հետո՝ մադրիդյան դերբին։ Դերբիից հետո նրանք հյուրընկալվելիս կմրցեն «Կադիսի» հետ ու մրցաշրջանը կավարտեն՝ տանն ընդունելով «Բետիսին»։