«Բարսելոնա»․ Եվրագավաթներում մի աղետից՝ մյուսը

«Բարսելոնան» հերթական անգամ դուրս մնաց Եվրագավաթներից։ Ակումբի համար տհաճ երեկո էր։ Բունդեսլիգայում 9-րդ տեղը զբաղեցնող Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» դուրս մնալը վերջին տարիներին Եվրագավաթներում «Բարսելոնայի» տխուր պատմության հերթական գլուխն է։

Թուրինում, Հռոմում, Լիվերպուլում, Փարիզում ու Լիսաբոնում կրած անհաջողությունների շարքը համալրվում է այս տարվա 2 անհաջողություններով ՉԼ-ում ու ԵԼ-ում։

«Բարսելոնան» գերակայում էր Եվրոպայում 2006-ից 2015 թվականներին՝ հաղթելով ՉԼ-ից 4 տիտղոս, բայց վերջին 7 տարիներին տենդենցները փոխվել են։

2016-ին նրանք դուրս մնացին քառորդ եզրափակչից՝ «Վիսենտե Կալդերոնում» 0-2 զիջելով «Ատլետիկոյին», չնայած այդ մեկն ավելի տանելի էր, քան հաջորդողը։

2017․ 0-3 պարտություն «Յուվենտուսից»

2016/17 մրցաշրջանում սկսվեցին «Բարսայի» վատագույն եվրոպական խաղերը։ Չնայած ՊՍԺ-ի նկատմամբ 6-1 հաշվով հերոսական հաղթանակին, որը պատմական քամբեք գրանցեց 0-4 հաշվով պարտությունից հետո, նրանք դասեր չքաղեցին, քանի որ «Յուվեն» 3-0 հաշվով նվաստացրեց կատալոնացիներին Թուրինում։

2018. «Ռոմա» ու կրկին պարտություն 0-3 հաշվով

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ «Ռոմայի» նկատմամբ «Կամպ Նոուում» 4-1 հաշվով հաղթանակից հետո «Բարսելոնան» դուրս չէր գա ՉԼ կիսաեզրափակիչ։ Բայց Հռոմում 0-3 պարտությունն անփառունակ ձևով «Բարսային» հեռացրեց ճանապարհից։

2019. 0-4 «Էնֆիլդում»

Եթե «Ռոմայից» դուրս մնալը նվաստացուցիչ էր, ապա մեկ տարի անց կատարվեց շատ ավելի վատ բան, երբ «Բարսելոնան» տեսավ, որ սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթանակը ոչինչ չի նշանակում, իսկ «Լիվերպուլը» տանը 4-0 հաշվով ջախջախեց կատալոնացիներին։

2020․ 2-8 Մյունխենի

«Բավարիայի» դեմ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտասովոր Չեմպիոնների լիգայում Լիսաբոնն ականատես դարձավ «Բարսելոնայի» պատմության ամենացավոտ դուրս մնալուն․ քառորդ եզրափակչում 2-8 հաշվով պարտություն Մյունխենի «Բավարիայից»։

2021․ պարտություն ՊՍԺ-ից

Աստղային Կիլիան Մբապեի հետ ՊՍԺ-ն առաջին խաղում Կատալոնիայում 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Պատասխան խաղում 1-1 հաշվով ոչ-ոքին դարձավ Լիոնել Մեսսիի վերջին եվրագավաթային խաղը որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

2022․ կրկնակի անհաջողություն

ՉԼ-ի այս խաղարկությունը կմտնի պատմության մեջ որպես առաջինը վերջին 21 տարվա մեջ, երբ «Բարսելոնան» չի հաղթահարում խմբային փուլի արգելքը։ «Բավարիան» խմբային փուլի վերջին խաղում հաղթեց 3-0 հաշվով, նախքան ԵԼ քառորդ եզրափակչում «Այնտրախտը» նոկաուտի կենթարկեր նրանց։