«Նոու Կամպը» ներկվել էր սպիտակ և հիշեցնում էր «Բեռնաբեուն». «Բարսայի» ֆանատների բոյկոտը

Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հաղթեց «Բարսելոնային» (3:2, 1:1) և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպմանը ներկա է գտնվել 79,468 երկրպագու, որոնցից 49 հազարը «Բարսելոնայի», 30,468-ը՝ «Այնտրախտի»:

Գերմանական թիմը հզոր աջակցություն ուներ «Նոու Կամպում»: Դա երևում էր անզեն աչքով: «Նոու Կամպը» ներկվել էր սպիտակ և հիշեցնում էր «Բեռնաբեուն»

Գերմանական թիմի երկրպագուների նման ներկայությունից դժգոհ կատալոնացի ֆանատները ընդմիջանը լքել են իրենց նստատեղերը և նույնիսկ ցանկացել են չվերադառնալ ի նշան բողոքի: Խոսքը դարպասի հետևում գտնվող տրիբունայի ու այնտեղ հավաքվող ֆանատների մասին է: Արդյունքում նրանք վերադարձել են ու շարունակել են աջակցել «Բարսելոնային»:

Դեռ խաղից առաջ նշվում էր, որ վաճառվել էին Ֆրանկֆուրտից Բարսելոնա ուղիղ չվերթների տոմսերը։ Ասվում էր, որ գերմանացի ֆանատներից ոչ բոլորին կհաջողվի մարզադաշտում ներկա գտնվել խաղին, քանի որ հյուրերի համար նախատեսված քվոտան կազմում է ընդամենը 5 հազար տեղ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղի օրը հասանելի կլինի մոտ 9 հազար տոմս, սակայն դրանք  ակնթարթորեն վաճառվել են: Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» փակել է տոմսարկղերը, «Այնտրախտի» հետ հանդիպման տոմսեր հնարավոր էր ձեռք բերել միայն ակումբի պաշտոնական կայքում:

Հատկանշական է, որ հանդիպումից տևական ժամանակ անց «Այնտրախտի» ֆանատները չէին շտապում լքել «Կամպ Նոուն»: Ստադիոնի աշխատակիցները համոզում էին վերջիններիս հեռանալ: