«Ավելի լավը Ֆիգուից». «Էնֆիլդի» ֆանատները Ժոտային պարգևատրել են երգով

Անգլիայի հավաքականի նախկին եզրային Տրևոր Սինկլերը «Լիվերպուլի» աստղ Դիոգու Ժոտային արդեն իսկ անվանել է Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնական հարձակվող։ Իսկ հիմա պորտուգալացի հարձակվողն իր հիանալի մարզավիճակի շնորհիվ «Լիվերպուլի» երկրպագուների կողմից երգի է արժանացել։

Ժոտան այս մրցաշրջանում իր 14-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում՝ ապահովելով մերսիսայդցիների առավելությունն «Ուոթֆորդի» նկատմամբ։

Մրցաշրջանը շարունակում է հրաշալի ընթանալ 25-ամյա ֆուտբոլիստի համար։ Նա գրեթե «չեզոքացրել» է Ռոբերտո Ֆիրմինոյին Յուրգեն Կլոպի հանրահայտ հարձակողական եռյակից՝ միանալով Սադիո Մանեին ու Մո Սալահին

Իսկ ինչպես է հնչում նրա երգը․

«Օ, նա կրում է 20 համարի շապիկը,

Նա մեզ կուղղորդի հաղթանակի,

Եվ եթե նա սլանում է ձախից,

Կկտրի ներսից ու գոլ կխփի։

Նա տղա է Պորտուգալիայից,

Ավելի լավը Ֆիգուից,

Օ, նրա անունն է Դիոգու»։

Միայն Սալահն է այս մրցաշրջանում Ժոտայից ավելի շատ գոլ խփել ԱՊԼ-ում։ Իսկ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հարի Քեյնն ու Ռոմելու Լուկակուն, զգալիորեն զիջում են պորտուգալացուն։ Նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուն վերջին շաբաթներին պասիվացել է, ու Սինկլերը կարծում է, որ Ժոտան այժմ լավագույնն է։

«Ես կարծում եմ, որ նա լավագույնն է։ Քեյնն առանձնապես թեմայի մեջ չէ, Լուկակուն չի ռմբահարում դարպասները։ Ես կարծում եմ, որ Ժոտան ԱՊԼ-ի լավագույն կենտրոնական հարձակվողն է», — ասել է Սինկլերը talkSPORT-ին տված հարցազրույցում։