Ժոզեից տուժվածը. Որտեղ է ու ինչով է զբաղված Եվան

Ժամանակին իրեն համարում էր յուրահատուկ, հետո՝ առանձնահատուկ: Ֆուտբոլային հաջողությունների ֆոնին կոնֆլիկտները մշտապես ուղեկցել են Ժոզե Մոուրինյոյին ողջ մարզչական կարիերայում: Նա հասցրել է վիճել և ֆուտբոլիստների, և մարզիչների, և բժիշկների անգամ «բոլբոյների» հետ: Ֆուտբոլային աշխարհում նրա կերպարը ոչ բոլորի կողմից է ընկալելի ու ընդունելի: Մյուս կողմից քիչ չէ նրա տաղանդը գնահատողների բանակը ու պորտուգալացին մինչ օրս շարունակում է համարվել աշխարհի լավագույն մասնագետներից մեկը: 

Տեսախցիկները հաճախ են ֆիքսել Ժոզեին սկանդալային իրավիճակներում: Նա տարբերվում է շատերից ինչպես խաղադաշտի տեխնիկական գոտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ասուլիսները նրա մասնակցությամբ ամենասպասվածներից են: Անպայման կասի մի բան, որը մեկ ուրիշը չի ասի, կամ կդիմի կտրուկ քայլի, որին մեկ ուրիշը չի համարձակվի: Թերևս սրանով է նա առանձնահատուկ ու սրանով է պայմանավորված փաստը, որ երկար չի մնում մեկ ակումբում: Մարզչական կարիերայի ընթացքում ամենաշատ հանդիպումներ նա անցկացրել է Լոնդոնի «Չելսիի» ղեկին, որը գլխավորել է երկու անգամ: «Չելսին» նոր մակարդակի հասցնելու նրա առաջին փորձը կարելի է ստացված համարել, երկրորդի դեպքում սպասելիքներն այլ էին նրանից, բայց նա բավարարվեց ընդամենն երկու տիտղոսով (Պրեմիեր լիգա, Լիգայի գավաթ)՝ դրանց արժանանալով երկրորդ մրցաշրջանում, իսկ ահա երրորդ մրցաշրջանը անհաջող դասավորվեց «Ազնվականների» համար: Այն սկսվեց տհաճ միջադեպով, իսկ կիզակետում Ժոզեն էր ու թիմի բժիշկ Եվո Կարնեյրոն:

2015 թվականին Պրեմիեր լիգայի հերթական առաջնության մեկնարկային տուրի «Սուոնսիի» հետ խաղում Էդեն Ազարը վնասվածք ստացավ: Բելգիացուն օգնություն ցույց տալու համար խաղադաշտ վազեցին Եվո Կարնեյրոն ու ֆիզոթերապևտ Ջոն Ֆիրնը:

Դրանից հետո խաղացողը ստիպված էր լքել խաղադաշտն ու վերադառնալու համար սպասել գլխավոր մրցավարի թույլտվությանը: Ժոզեն, զայրացած բժշկի գործողություններից, հասցրեց մի քանի քաղցր խոսք ասել նրան: Տեսախցիկները ֆիքսեցին Ժոզեի մասնակցությամբ հասունացող նոր սկանդալի սկիզբը: Նա ասում էր Եվային, որ միջամտելուց առաջ պետք է հասկանա խաղը, գնահատի իրավիճակը:

Պատմությունը դրանով չավարտվեց ու հասավ նրան, որ Կարնեյրոն դիմեց դատարան։ Բանն այն է, որ միջադեպից հետո պորտուգալացին արգելել էր Եվային ներկա գտնվել թիմի մարզումներին ու հանդիպումններին։ Կատարվածից վեց շաբաթ անց Կարնեյրոն լքեց ակումբը, ավելի ուշ՝ աշխատանքից ազատվելու հետ կապված հարցով դիմեց դատարան։ Մոուրինյոն իր հերթին, միջադեպին անդրադառնալիս, խոստովանեց, որ  պորտուգալերենով վիրավորել է Եվային: Ակումբը փորձեց խնդիրը լուծել այլ ճանապարհով ու բժշկի հետ աշխատանքային պայմանագիրը խզելու համար առաջարկեց 1,2 միլիոն ֆունտ: Մեկ տարի անց միայն կրքերն հանդարտվեցին ու հարցը լուծվեց առանց դատարանի միջամտության:

Հիմա՝ դրանից տարիներ անց, Կարնեյրոն խոստովանում է՝ դրանք իր և ընտանիքի համար շատ դժվար ժամանակներ էին։ Ներկա պահին բժիշկը լավատեսորեն է տրամադրված և ցանկանում է նորից զբաղվել իր սիրելի մասնագիտությամբ։ Եվան այժմ աշխատում է որպես մասնավոր խորհրդատու Sports Medical Group-ում, որը գտնվում է Լոնդոնում: Գալիք Մունդիալից առաջ նա սկսել է համագործակցել Քաթարի «Ասպետար» օրթոպեդիկ և սպորտային բժշկության կենտրոնի հետ։ Ի դեպ, հասցրել է վերադառնալ ֆուտբոլ՝ դառնալով «Լյուիս» ակումբի սեփականատերը։ Հիշելով միջադեպի մասին՝ բժշկուհին talkSPORT-ին ասել է. «Ինձ ժամանակ էր պետք աշխատանքից հաճույք ստանալու համար: Տևական ժամանակ անունս չէր իջնում թերթերի գլխավոր էջերից և դա ինձ դուր չէր գալիս: Որոշ մարդիկ ֆուտբոլում ցանկանում էին վերաբերվել ինձ այնպես, կարծես ես ինչ-որ մի բան այնպես չէի անում: Չնայած պարզ էր՝ պարզապես իմ աշխատանքն եմ անում»: