Կառուցել ապագան, թե երջանկացնել Մեսսիին. Ինչպես կվարվի Լապորտան

Չեմպիոնական մրցավազքում «Բարսայի» վիճակագրությունը հիմնական երկու մրցակցի հետ խաղերում տխրեցնող է. երեք խաղ, երեք պարտություն: Մեկ ամիս քիչ է մնացել «Ատլետիկոյի» հետ տնային մրցավեճին: Կատալոնացիների ճամբարում հույս ունեն՝ կհաջողվի շտկել տխուր պատկերը: Մյուս կողմից արդեն գրանցված արդյունքները ցույց են տալիս «Բարսայի» թույլ լինելը «մեծ մրցակիցների» հետ դիմակայություններում: Սա երևաց նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, մասնավորապես «Պարի Սեն Ժերմենի» ու Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղերում: Թեմային անդրադարձել է կատալոնական «Sport» պարբերականը՝ նշելով կարևոր խնդիրը, որը պետք է լուծել մինչև գալիք մրցաշրջանի մեկնարկը:

«Բարսելոնան» վերակառուցման փուլում է, Կումանն իր հերթին փորձում է առավելագույնն անել ստեծված իրավիճակում: Սխալ կլինի ասել, որ կատալոնացիները խորը ճգնաժամի մեջ են: Դա արդեն անցյալում է և, ըստ աղբյուրի, թիմը մեծ ապագա ունի, բայց կան խնդիրներ, որոնք մինչ այդ պետք է լուծել, հատկապես հարձակման գծում: «Կապտանռնագույնները» ռմբարկուի կարիք ունեն, որը կկարողանա տանել Լիոնել Մեսսիի բեռը: Ոչ Անտուան Գրիզմանը, ոչ Ուսման Դեմբելեն բավարար արդյունավետությամբ աչքի չեն ընկնում, ինչպես պահանջվում է: Թիմին, որը ցանկանում է հաղթել առաջնությունում, պետք է գոլեր խփող «9» համար:

Սա պետք է դառնա «Բարսայի» գլխավոր նպատակը գալիք մրցաշրջանին ընդառաջ. ձեռք բերել ռմբարկու: Բարսելոնայում երազում են Էրլինգ Հոլանդի տրանսֆերի մասին, իսկ որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում Լաուտարո Մարտինեսի թեկնածությունը: Եթե չստացվի, ապա կկենտրոնանան Հարի Կեյնի հնարավոր տրանսֆերի վրա: Միևնույն ժամանակ ակումբի ղեկավար կազմը, մասնավորապես Լապորտայի ցուցակում այլ թեկնածուներ ևս կան, մասնավորապես Սերխիո Ագուերոն: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է, նա հեռանալու է թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Չնայած նրան, որ արգենտինացին կարող է անվճար տեղափոխվել «Բարսա», այս հնարավոր տրանսֆերն այնքան էլ Կումանի սրտով չէ:

Հոլանդացին զգում է, որ Մեսսիի ընկերն այլևս այն մակարդակում չէ, որ խաղա «Բարսելոնայում»: Ընթացիկ մրցաշրջանում Կունը մասնակցել է 15 հանդիպման, մեկնարկային կազմում եղել է 6 անգամ և խփել է 3 գոլ: Նա այն «մարդասպանը» չէ, որի կարիքն ունի «Բարսան»: Բացի այդ, Ագուերոն շուտով կդառնա 33 տարեկան և սա ամենևին չի խոսում թիմի ապագայի մասին, մինչդեռ հակառակ պատկերն է, երբ խոսք է գնում 20-ամյա Հոլանդի ու 23-ամյա Մարտինեսի մասին:

Ու սա դեռ այն դեպքում, երբ չենք խոսում աշխատավարձի մասին, որը կուզենար Կունը ստանալ Իսպանիայում՝ մրցաշրջանը 10 միլիոն եվրո: «Բարսելոնան» չի կարող ու իրավունք չունի կրկնել անցյալի սխալները: Եթե ակումբում մտադիր են ստեղծել ամբիցիոզ ծրագիր, պետք է շեշտը դնեն լավագույնների ու լավագույն լուծումների վրա, իսկ Կունն այլևս չկա: Հնարավոր է՝ ոչ վաղ անցյալում կար, բայց տարիներն (վնասվածքները) իրենց գործն արել են: Անհեթեթություն կլինի, եթե ակումբը ձեռք բերի Ագուերոյին միայն Մեսսիին (և որպեսզի վերջինս չհեռանա) երջանկացնելու համար:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am