«Ինչպես կոտրել սառույցը». Առաջին լուրջ փորձությունը

Հայաստանի ընտրանին կանցկացնի պաշտոնական երկրորդ հանդիպումը Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում: Մրցակիցն Իսլանդիան է, որին Հայաստանն երբեք չի հաղթել, բայց տանն էլ չի պարտվել: Կողմերի միջև Երևանում կայացած միակ պաշտոնական խաղը տեղի է ունեցել անցած դարում, գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Դրանից հետո կողմերը պաշտոնական ու ընկերական մեկական հանդիպում են անցկացրել Երևանից հեռու, որոնք անհաջողությամբ են պսակվել հայ ֆուտբոլիստների համար: Ի դեպ, վերոհիշյալ պաշտոնական խաղում Իսլանդիայից հաշիվը բացել է Ռունար Կրիստինսոնը, որի որդին՝ Ռունար Ալեքս Ռունարսոնը, ներկայացնում է Լոնդոնի «Արսենալն» ու ներկա պահին ազգային ընտրանու դարպասապահներից մեկն է: 

Մեկնարկը ստացվեց

Կապառոսն իր առջև դրված խնդիրը կարող է լուծված համարել: Անկախ իրավիճակից, պայմաններից, խնդիրներից, թերություններից, օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ գործոններից՝ իսպանացու գլխավորությամբ Հայաստանի ընտրանին կարողացավ հաղթահարել գրեթե հավասարազոր մրցակիցների արգելքները: Յոթ խաղից վեցում հավաքականը չի պարտվել, տարել է չորս հաղթանակ, երկու ոչ-ոքի է արել ու կրել մեկ պարտություն: 

Հաջորդ քայլը

Այս ընթացքում չորս մրցակցի է բախվել Կապառոսի գլխավորած ընտրանին. Մակեդոնիա, Վրաստան, Էստոնիա, Լիխտենշտեյն: Երազանքի խումբ՝ ցանկացած մրցակցի ու մարզչի համար: Ժամեր անց պատկերը փոխվելու է: Իսլանդացիներն ավելի փորձառու են, ավելի զորեղ ու պինդ: Ի՞նչ է առաջարկելու այս մակարդակում իսպանացին: Առաջին լուրջ փորձությունը, որի անատոմիայից ու վերջնարդյունքից շատ բան է կախված: Հաշվետու մրցավեճն առաջին փորձությունը կլինի նաև Բայրամյանի ու հավաքականի մնացած նորեկների համար, որոնք դուրս կգան խաղադաշտ: Հնաբնակները տեղյակ են՝ մակեդոնաէստոնական բարի աշխարհից այն կողմ կա ռումինաիտալականի նման արյունախում մոլորակ:

Մրցակիցը

Միավորների կորուստն Երևանում ոչ մի կերպ չի մտնում իսլանդացիների ծրագրերի մեջ: Հաշվի առնելով նաև պարտությունը մեկնարկային տուրում՝ մրցակիցը խաղալու է հաղթանակի համար: Այս մասին են միայն մտածում «Սառցե երկրում»: Եղանակն այս հարցում կարծես դեռ չի կողմնորոշվել, լուրն էլ, որ խաղը սպասարկելու են ալբանացիները՝ մտահոգվելու ևս մեկ առիթ է «Արևի երկրում»: 

Կապառոսի հաշվարկը

Ինչ վիճակում է Հայաստանի ընտրանու թիկունքը թերևս հայտնի է միայն Կապառոսին: Ամրությունը ստուգելու հնարավորություն չեղավ Լիխտենշտեյնում: Կարելի է ենթադրել, որ իսպանացին ռիսկի չի գնա և կփորձի ապահովագրել իրեն: Գոլ բաց չթողնելն առաջնային էր նրա համար մինչ այս պահը: Մյուս կողմից այլևս ոչինչ չի սպառնում իսպանացու հեղինակությանը և այս տեսանկյունից ձեռքերն ազատ են: Կա հնարավորություն իրապես լուրջ հաջողություն գրանցելու և ինչու ռիսկի չդիմել: 

Ինչպես կոտրել սառույցը

Ջերմությամբ կամ հարվածով: Առաջինի դեպքում կարևոր է չշտապել, համբերել ու սպասել ճիշտ պահին, երկրորդը մի փոքր ռիսկային է, բեկորները կարող են ցավոտ լինել: 

Հաբեթ Հարությունյան

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Լուսանկարները՝ ՀՖՖ