Եվրո 2020. Խումբ «F». Հունգարիա — Պորտուգալիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Ընտրական փուլում Հունգարիան զբաղեցրեց չորրորդ տեղը, սակայն կարողացան լավ արդյունք արձանագրել Ազգերի լիգայի խաղարկությունում ու նվաճեցին բաղձալի ուղեգիրը: Պատմության մեջ չորրորդ անգամ են հունգարացիները մասնակցելու Եվրոյին ու սկսելու են գործող չեմպիոնի հետ խաղով: Հանդիպումը տեղի է ունենալու «Պուշկաշ արենայում» և ըստ կանխատեսումների խաղն անցնելու է լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Մարկո Ռոսսիի գլխավորած ընտրանին չի պարտվել վերջին 11 խաղում:

Պորտուգալացիներն ութերորդ անգամ են մասնակցելու Եվրոյին ու փորձելու են պահել չեմպիոնի տիտղոսը, որը նվաճեցին հինգ տարի առաջ Ֆրանսիայում: Սանտուշի սաներն անցան ընտրական փուլը՝ խմբում զբաղեցնելով երկրորդ տեղն Ուկրաինայից հետո: Արդյունքում հայտնվել են «մահվան խմբում» Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հունգարիայի հետ: Մրցաշարից առաջ Ռոնալդուն ու ընկերները տաքացան Իսրայելի հետ մրցավեճում և հաղթեցին 4:0 հաշվով: Կողմերի միջև կայացած վերջին խաղում Պորտուգալիան հաղթել է նվազագույն հաշվով, իսկ հաղթական գոլը խփել է Անդրե Սիլվան:

Մարկո Ռոսսին Եվրոյից առաջ բախվեց լուրջ խնդիրների կազմն ընտրելիս: Առանցքային կիսապաշտպաններից Դոմինիկ Սոբոշլայը չհասցրեց լիովին ապաքինվել վնասվածքից: Բացի այդ, Սիլվեստեր Խանգյան, Չաբա Սպանդլերը և Բալաշ Տոտը նույնպես չկարողացան վերականգնել մարզավիճակը մինչև մրցաշարի մեկնարկը:

Ռոսսին ըստ ամենայնի խաղը կկառուցի 3-5-2 խաղային սխեմայով: Թիկունքը կփորձեն ցեմենտել Օրբանը, Օտիլո Սալային ու Ֆիոլոն՝ առաջին հերթին փակելով Ռոնալդուի օդը: Պաշտպանվելիս հունգարացիների սխեման կվերածվի 5-3-2-ի, եզրայիններ Լովրենչիչն ու Հոլնդերը կիջնեն՝ կենտրոնական պաշտապններին օգնելու համար: Սա պետք է, որ ստիպի պորտուգալացիներին ելքեր փնտրել շնորհիբ երկար գնդակների: Սա կարող է օգնել Հունգարիային ինչ-որ առումով դիմանալ ճնշմանը, երբ նրանք չեն լինի գնակով:

Ինչպե Մարկո Ռոսսին, այնպես էլ Ֆերնանդու Սանտուշը լուրջ խնդրի բախվեց Եվրոյից առաջ: Ժոաո Կանսելուն ստիպված բաց կթողնի մրցաշարը կորոնավիրուսի պատճառով, իսկ նրա փոխարեն հավաքական հրավիրվեց Դիոգո Դալոտը: Վերջինս ըստ ամենայնի կլինի Նեմսոն Սեմեդուի փոխարինողը, որը խաղալու է պաշտպանության աջ եզրում: Մնացածի պարագայում դժվար թե զգալի փոփոխություններ լինեն: Պեդրու Նետուն թերևս միակ անհաջողակն է, որը դուրս մնաց կազմից վնասվածքի պատճառով:

Սեմեդուն կխաղա աջից, իսկ Ռաֆայել Գերեյրուն կգործի ձախից: Վերջինիս ներկայությունը խաղադաշտում կօգնի Ժոտային ավելի շատ կենտրոնանալ իր բուն պարտականությունների վրա և ավելի շատ համագործակցել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Թիկունքում կխաղան Պեպեն ու Ռուբեն Դիաշը: Չնայած Խոսե Ֆոնտեն նույնպես հավակնում է լինել մեկնարկային կազմում հատկապես «Լիլի» կազմում անցկացրած շատ լավ մրցաշրջանից հետո:

Կողմերը մինչ այս մրցել են 13 անգամ: Պորտուգալիան հաղթել է 9 խաղում, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Պարտված 9 խաղում միայն երկու գոլ են հունգարացիները խփել մրցակցին: Վերջին 11 խաղում Հունգարիան տարել է 7 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի: Պորտուգալիան վերջին 15 խաղում կրել է 1 պարտություն՝ սկսած 2019 թվականի հոկտեմբերից (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի):

  • Հավանական կազմերը՝

Հունգարիայի հավաքական (3-5-2) — Գուլաչի, Ֆիոլո, Օրբան, Սոլոի, Լովրենչիչ, Կլայնխայսլեր, Նադ, Շաֆեր, Հոլենդեր, Ռոլանդ Շոլոի, Ադամ Սալայ:

Պորտուգալիայի հավաքական (4-2-3-1) —  Ռուի Պատրիսու, Սեմեդու, Դիաշ, Պեպե, Գերեյրու, Դանիլու, Մոուտինյու, Բերնարդու Սիլվա, Բրունու Ֆերնանդեշ, Ժոտա, Ռոնալդու: