«Գանձասար-Կապանը» դադարեցնում է մրցելույթները. Բաց նամակ հովանավորին

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից մամուլի ծառայությունը բաց նամակով դիմել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին:
«Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։ ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։
Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։ Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար: Հարգանքներով՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ»,- նշված է նամակում:

Hot Videos