Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Բավարիան» 8:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Խաղում դուբլի հեղինակ դարձավ Տոմաս Մյուլլերը: Վերջինս Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հինգ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» հետ և խփել է հինգ գոլ: Նույնքան գոլ մրցաշարում նրանց խփել է միայն Անդրեյ Շևչենկոն:
Մյուլլերն այս պահին 23 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլերում: Ցուցանիշով նա երրորդն է, զիջում է միայն Ռոնալդուին (67) և Մեսսիին (47):
Խաղում իր գոլը խփեց նաև Ռոբերտ Լևանդովսկին: Վերջինս հինգերորդ խաղացողն է Եվրոպայի գավաթի/Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ, որը մրցաշարում գոլ է խփում 8 խաղ անընդմեջ: Հիշեցնենք, լեհ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել ընթացիկ խաղարկության բոլոր խաղերում՝ 14 գոլ: Լևանդովսկին առաջին ֆուտբոլիստն է «Բավարիայի» պատմության մեջ, որը եվրագավաթային խոշոր մրցաշարերում գոլ է խփել 8 խաղ անընդմեջ: Ցուցանիշով նա շրջանցել է Յուրգեն Կլինսմանին: Վերջինս 1996 թվականին գոլի հեղինակ է դարձել 7 խաղ անընդմեջ:
«Բավարիան» դարձավ Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության առաջին թիմը, որը 8 գոլ է խփում մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: