ՀՖՖ 9 անդամ նախաձեռնել են ՀՖՖ արտահերթ ժողով. ՀՖՖ-ի արձագանքը

ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թ. դեկտեմբերի 30-ին՝ աշխատանքային օրվա ավարտից քիչ առաջ, ՀՖՖ 9 անդամներ՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, ՀՖՖ կանոնադրության 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին՝ պահանջելով 2021 թ. հունվարի 20-ին կազմակերպել արտահերթ ժողով՝ հետևյալ օրակարգով.

  • 1.Հայտարարություն առ այն, որ արտահերթ ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ կանոնադրությանը համապատասխան, արտահերթ ժողովի պատվիրակների լիազորությունների ճանաչում
  • 2.Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն
  • 3.Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
  • 4.ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամության կասեցում
  • 5.Շիրակ ՖԱ ՀԿ անդամագրում

«ՀՖՖ կանոնադրության նույն՝ 33-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ նման պարագայում ՀՖՖ արտահերթ ժողովը պետք է անցկացվի դիմումը ստանալուց 2 ամսվա ընթացքում, և արտահերթ ժողովի անցկացման վայրի և ժամկետի որոշումը պետք է կայացնի ՀՖՖ գործադիր կոմիտեն: Այն պարագայում, երբ ՀՖՖ գործադիր կոմիտեն չի հրավիրում արտահերթ ժողով, դիմումը ստորագրած անդամներին ներկայացնող պատվիրակներն իրենց նախաձեռնությամբ հրավիրում են արտահերթ ժողով:

Այսօր ՀՖՖ-ին հայտնի է դարձել, որ վերոնշյալ 9 անդամները, չսպասելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստին և դրա ընթացքում կայացվելիք հնարավոր որոշմանը, նախաձեռնել են ՀՖՖ արտահերթ ժողովի կազմակերպում 2021 թ. փետրվարի 1-ին և ուղարկել են համապատասխան ծանուցումներ ՀՖՖ մնացած անդամներին:

Հայտնում ենք, որ արտահերթ ժողովի հրավիրման նախաձեռնությամբ հանդես եկած 9 անդամները սույն գործընթացի իրականացման շրջանակներում պարտավոր են հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և պահպանել սահմանված երկամսյա ժամկետ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոպտորեն խախտվել է Կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, նշված արտահերթ ժողովը չի կարող հրավիրվել, իսկ հրավիրվելու պարագայում կկրի ապօրինի բնույթ, և ժողովի ընթացքում ընդունված բոլոր որոշումները չեն ունենա իրավական ուժ:

Այդ կապակցությամբ կոչ ենք անում ՀՖՖ բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին և հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին: Հակառակ պարագայում ՀՖՖ-ն ստիպված կլինի այդ ժողովին մասնակից բոլոր անդամների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ՝ ընդհուպ անդամության կասեցում և անդամությունից հեռացում»,- նշված է ՀՖՖ պաշտոնական հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos