Հայտնի են աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը ամփոփել է 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու լավագույն մարզչի մրցանակների քվեարկությունները: Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի 10 հանդիպումներից 9-ին՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Դավիդյանը երկրորդն է եղել երկրպագուների քվեարկությունում, փորձագետների գնահատականով եղել է առաջինը, և ընդհանուր միավորներով առաջ է անցել «Արարատի» կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեից և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիմայից: Երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստը Խուրցիձեն է:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիան» գլխավորող Դավիդ Կամպանյան: Իսպանացի մարզչի գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնը 9 խաղում վաստակել է 18 միավոր և առաջնության առաջատարներից մեկն է: «Արարատ-Արմենիան» ամենաքիչ գնդակն է ընդունել (3) , իսկ խփած գնդակների քանակով (14) զիջում է միայն «Նոային»: Դավիդ Կամպանյան լավագույնն է եղել նաև երկրպագուների վարկածով: Ընդհանուր միավորների քանակով իսպանացուն հաջորդել են հավասար միավորներ հավաքած Եղիշե Մելիքյանը («Ալաշկերտ») և Վարդան Բիչախչյանը («Արարատ»):

Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկին: 2021թ. մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos