Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում

Թեթև վազքեր, երկկորղմանի խաղ՝ տարբեր կազմերով, անհատական ծրագրով վարժություններ: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հավաքականի մարզմանը մասնակցում էր 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչ մարզումը:

Մնացած ֆուտբոլիստները մասնակցեցին թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատում էին անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ:

Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:

Մարզումից հետո կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվեցին տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկեցին տակտիկական տարբեր սխեմաներ:

Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում: 

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am