ՈւԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան անցկացման վայրը

Հոկտեմբերի 11-ին նախատեսված Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։
Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։ ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։
Hot Videos