Գրիգորյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտը»

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից մեծ ուրախությամբ հայտնում են, որ նախորդ օրերի ընթացքում բարելավվել է Ալեքսանդր Գրիգորյանի կնոջ առողջական վիճակը, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ակումբն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ:

«Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով»,- նշված էր հաղորդագրությունում:

Նույն օրն ավելի ուշ ռուսական sport24.ru պարբերականի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, որ ցանկանում է աշխատել կանանց ֆուտբոլում և նկատել, որ կարճատև արձակուրդի մեջ է և շուտով կլինի Ռուսաստանում:

«Կտեսնենք, թե որտեղ կշարունակեմ մարզչական կարիերաս»,- հավելել էր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Գրիգորյանը գլխավորել էր «Ալաշկերտն» անցած առաջնության ավարտից երեք տուր առաջ՝ փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին: Նրա գլխավորությամբ թիմը հռչակվեց Հայաստանի չեմպիոն, իսկ հետո հաղթահարեց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը: Որակավորման երկրորդ փուլի մոլդովական «Շերիֆի» հետ տնային խաղից հետո նա ու ակումբը հայտարարեցին գործող պայմանագիրը խզելու մասին: