Եվրո 2020. Խումբ «F». Ֆրանսիա — Գերմանիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Երկար սպասված Եվրոյի թերևս ամենասպասված հանդիպումներից մեկում հանդիպելու են վերջին երկու Մունդիալի չեմպիոնները: Դիդյե Դեշամի գլխավորած ընտրանու վերելքը սկսվեց անցած Եվրոյից, երբ հասան մինչև եզրափակիչ, իսկ դրանից երկու տարի անց հավասարը չունեցան Աշխարհում: Ֆրանսիացիներն առանց խնդրի անցան ընտրական փուլը: Դրանց հաջորդեցին արդեն տպավորիչ մրցելույթներն Ազգերի լիգայի խաղարկությունում: Տարվա սկզբից հինգ հանդիպում են անցկացրել և չեն կրել ոչ մի պարտություն՝ հաղթելով վերջին չորսում, այդ թվում Եվրոյից առաջ կայացած երկու ստուգողական մրցավեճում Ուելսին ու Բուլղարիային: Չնայած սրան Ֆրանսիան չէր լինի Ֆրանսիա, եթե խոշոր մրցաշարից առաջ հանդերձարանում չծագեր հերթական կոնֆլիկտը: Լարվածություն կա հանդերձարանում և դա շատ արագ պետք է հարթել, եթե ցանկանում են շարունակել հաղթարշավը:

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա անցած Մունդիալը ձախողելուց հետո Բունդեսթիմը կարծես ուշքի եկավ Եվրոյի ընտարակն փուլում: Նրանք հաղթեցին խմբում՝ անցնելով Հոլանդիայից: Այս ֆոնին սակայն Լյովի սաներն անցած տարի կրկին անհաջող շարք ունեցան Ազգերի լիգայի խաղարկությունում՝ չկարողանալով հաղթել անցկացրած 6 խաղից չորսում: Այս տարի ամեն ինչ սկսվեց երկու հաղթանակով Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում, բայց դրան հաջորդեց պարտությունը Հյուսիսային Մակեդոնիայից անցած մարտ մասին: Դրանից հետո գերմանացիները 1:1 են խաղացել դանիացիների հետ ստուգողական խաղում, բայց Եվրոյից առաջ վերջին մրցավեճում կարողացան յոթ գնդակ ուղարկել Լատվիայի դարպասը՝ բաց թողնելով մեկը: Կողմերը վերջին անգամ հանդիպել են 2018 թվականին: Ֆրանսիան հաղթել է 2:1 հաշվով:

Եվրոյից առաջ Ֆրանսիայի ճամբարից տեղեկություն ստացվեց, որ տևական դադարից հետո Բենզեման է հրավեր ստացել: Բուլղարիայի հետ ստուգողական խաղում Կարիմը, ինչպես նաև Գրիզմանը վնասվածքներ ստացան ու կար մտավախություն, որ չեն հասցնի ապաիքնվել մինչև հաշվետու մրցավեճը, սակայն արդեն հայտնի է, որ Դեշամը կարող է հույսը դնել նրանց վրա:

Ֆրանսիայի հավաքականի խաղային սխեման ըստ ամենայնի կունանա 4-1-2-1-2 տեսքը: Պաշտպանության կենտրոնում կխաղան Վարանն ու Կիմպեմբեն, իսկ եզրերից կգործեն Պավարն ու Լուկաս Էրնանդեսը: Կիսապաշտպանությունը կհենվի Նգոլո Կանտեի վրա, նրան կօգնի Տոլիսոն: Պոգբան կփորձի ապահովել ստեղծագործական միտքը:

Երկու տարվա ընդմիջումից հետո Գերմանիայի կազմում հանդես եկան Տոմաս Մյուլլերն ու Մատս Հումելսը: Սպասվում է, որ երկուսն էլ կլինեն մեկնարկային կազմում: Վնասվածքի պատճառով չի խաա Լեոն Գորեցկան: Թիկունքում կլինեն Գինտերը, Հումելսն ու Ռուդիգերը, բայց նրանք հանգիստ ըստ ամենայնի չեն ունենա: Ավելի շուտ նրանց հանգիստ չեն տա Մբապեն ու Բենզեման:

Ջոշուա Կիմիխն իրեն հիանալի է զգում կիսապաշտպանության կենտրոնում, սակայն Գերմանիայի ընտրանու կազմում նրան ըստ ամենայնի կվստահվի պաշտպանության աջ եզրը: Այլընտրանք կարծես այստեղ Լյովը չունի: Ձախից կխաղա Գոզենսը: Վերջինիս միացումներից շատ բան է կախված:  Մեծ է հավանականությունը, որ կենտրոնում կլինեն Կրոսն ու Գյունդոգանը: Մյուս կողմից վերջիններիս ներկայությունն ունի իր բաց կողմը՝ հաշվի առնելով այն, որ կարող են չհասցնել Պոգբայի, Գրիզմանի ու Տոլիսոյի ետևից: Որպես այլընտրանք Լյովը կարող է օգտվել Նոյխաուսի ծառայություններից:

Մինչ այս կողմերը մրցել են հինգ անգամ խոշոր մրցաշարերում, բայց առաջին անգամ կխաղան խմբային փուլում: Նշված հինգ մրցավեճում տարել են երկուական հաղթանակ, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: Գերմանիայում Ֆրանսիան չի պարտվել վերջին հինգ խաղում, տարել է 3 հաղթանակ, խաղացել է 2 ոչ-ոքի: Մյունխենում մրցել են մեկ անգամ: 2018 թվականին կայացած մրցավեճն ավարտվել է 0:0 հաշվով: Եվրոպայի առաջնություններում Գերմանիան Լյովի օրոք անցկացրել է 17 հանդիպում: Նրա գլխավորությամբ Բունդեսթիմը մասնակցել է նման խոշոր վեց մրցաշարի: Դրանցից հինգում Գերմանիան հասել է առնվազն մինչև կիսաեզրափակիչ, բացառություն է անցալ Մունդիալը: Ընտրանին դուրս մնաց խմբային փուլից:

  • Հավանական կազմերը՝ 

Գերմանիայի հավաքական (3-4-3) — Նոյեր, Գինտեր, Հումելս, Ռյուդիգեր, Կիմիխ, Գյունդոգան, Կրոս, Գոնսենս, Խավերց, Մյուլլեր, Գնաբրի:

Ֆրանսիայի հավաքական (4-1-2-1-2) — Լյորիս, Պավար, Վարան, Կիմպեմբե, Էրնանդես, Կանտե, Պոգբա, Տոլիսո, Գրիզման, Մբապե, Բենզեմա: