Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության անդրանիկ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ խաղային օրվա առաջին խաղում «Վեստ Հեմն» ուժեղ գտնվեց «Նյուքասլից»:

«Սիթին» առաջին անգամ Պեպ Գվարդիոլայի օրոք չի կարողանում գոլ խփել երեք խաղ անընդմեջ բոլոր մրցաշարերը հաշվի առած: Վերջին անգամ նման շարք թիմն ունեցել էր 2007 թվականի մարտին Ստյուարտ Պիրսի գլխավորությամբ:

Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջին տուրում թիմերն ընդհանուր հաշվով խփեցին 34 գոլ: Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում ավելի շատ գոլ խփվել է միայն 2003/2004 թթ. առաջնության անդրանիկ տուրում՝ 38 գոլ:

Բոլոր մրցաշարերը հաշվի առած Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն արտագնա խաղերում ամենաշատը պարտվել է «Տոտենհեմին», քան որևէ այլ մրցակցի՝ 5 պարտություն:

«Սիթին» չեմպիոնի կարգավիճակում առաջնությունը սկսեց պարտությամբ: Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն մեկ թիմի է հաջողվել պարտվել մեկնարկային տուրում և հաղթել առաջնությունում: Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է, որն, ի դեպ, դա արել է երեք անգամ՝ (1992-93, 1995-96 և 2012-13):

«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն Պրեմիեր լիգայի շրջանակներում արդեն երրորդ հաղթանակն է տանում Պեպի գլխավորած «Սիթիի» հետ խաղերում: Սրանից առաջ նա դա արել է որպես «Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ: