Եվրոյի լավագույններն ու անհաջողակները. Դոնարումայից մինչև Մորենո

Եվրոպայի առաջնության եզրափակչում Իտալիայի ազգային ընտրանին «Ուեմբլիում» հաղթեց Անգլիայի հավաքականին ու պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Եզրափակչի լավագույն խաղացողի մրցանակը ստացավ իտալացիների կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը դարձավ գոլի հեղինակ, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման:

Եվրոյի ժամանակ ամենաշատ խաղաժամանակը խաղադաշտում անցկացրել է հենց Դոնարուման: Վերջինս մասնակցել է Իտալիայի հավաքականի բոլոր 7 խաղին՝ 719 րոպե: Ուելսի հետ խաղի վերջում նա փոխարինվեց: Երկրորդ տեղում նրա խաղընկերն է՝ կիսապաշտպան Ժորժինյոն՝ 705 րոպե: Երրորդ հորիզոնականում է Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը՝ 690 րոպե: Դոնարուման ամբողջ մրցաշարի ընթացքում բաց թողեց 4 գոլ: Նա կարողացավ երեք 11 մետրանոց ետ մղել հետխաղային 11 մետրանոցների հարվածաշարերում: Երկու անգամ իտալացիների մրցակիցները 11 մետրանոցներից հարվածեցին շեղ:

Ինչ վերաբերում է Ժորժինյոյին, ապա բրազիլական արմատներով իտալացին դարձավ տասներորդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ու Եվրոպայի առաջնությունում մեկ մրցաշրջանի ընթացքում:  Ավարտված մրցաշրջանում Ժորժինյոն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած մասնակցել է 43 հանդիպման, խփել է 8 գոլ ու կատարել գոլային 2 փոխանցում: Եվրոյի շրջանակներում նա մասնակցեց 7 հանդիպման, բայց գոլ չխփեց ու չկատարեց գոլային փոխանցում: Փոխարենը Ժորժինյոն Եվրոյի ռեկորդ սահմանեց գնդակ խլելու ցուցանիշով՝ 25: Սա մեկով ավելի է, ինչ 1996 թվականին արել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարսել Դեսային: Հատկանշական է, որ Ժորժինյոյի ցույց տված արդյունքին հատուկ անդրադարձ է կատարել ՈւԵՖԱ-ն՝ նշելով, որ կիսապաշտպանն իր անունը գրեց պատմության մեջ՝ դառնալով այն քիչ խաղացողներից մեկը, որին հաջողվում է նման արդյունքի հասնել:

Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոմաս Դիլեյնին, ի տարբերություն Ժորժինյոյի, իր անունը պատմության մեջ գրեց որպես Եվրոպայի ավարտված առաջնության ամենակոպիտ ֆուտբոլիստ: Դիլեյնին անցկացրած 6 խաղում 15 խախտում է արել: Երկրորդ տեղում իտալացիների պաշտպան Ջովանի Դի Լորենցոն է՝ 6 խաղ, 13 խախտում, իսկ երրորդ տեղում անգլիացիների կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսն է՝ 7 խաղ, 12 խախտում:

Ավարտված Եվրոյի անհաջողակներից է նաև Իսպանիայի հավաքականի հարձակվող Ժերար Մորենոն: Նրանցի շատ ոչ ոք չի վրիպել: Մորենոն 10 անգամ շեղ է հարվածել: 9-ական անգամ ուղիղ դարպասին չեն կարողացել հարվածել իտալացիներ Լորենցո Ինսինյեն ու Չիրո Իմոբիլեն, ինչպես նաև ֆրանսիացի Կիլիան Մբապեն: Դանիացի Մարտին Բրեյթուեյթը ութ անգամ է շեղ հարվածել, յոթական անգամ շեղ են հարվածել Դանիել Օլմոն Իսպանիայից, Էմիլ Ֆորսբերգը Շվեդիայից և Տոմաշ Սոուչեկը Չեխիայից:

Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստ Պեդրին ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է ավարտված Եվրոյի լավագույն ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Անցած մրցաշրջանում Պեդրին բոլոր մրցաշարերը հաշվի առած «Բարսայի» կազմում մասնակցել է 52 հանդիպման, խփել է 4 գոլ ու կատարել է 6 գոլային փոխանցում: Եվրոյի շրջանակներում Պեդրին անցկացրեց 6 հանդիպում և բոլոր դեպքերում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Պեդրիի գործող պայմանագրի ժամկետը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս ամիսը:

Եվրոյի շրջանակներում ամենաշատ գոլային փոխանցումները կատարեց Շվեյցարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ստիվեն Ցուբերը: Վերջինս արդյունավետ 4 փոխանցման հեղինակ դարձավ: Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփած 5 գոլով: Հարկ է նշել, որ չեխերի հարձակվող Պատրիկ Շիկը նույնպես խփեց 5 գոլ, սակայան Ռոնալդուն անցավ նրանից լրացուցիչ արդյունքներով: Կրիշտիանուն հասցրեց կատարել գոլային մեկ փոխանցում, մինչդեռ Շիկ դրանով աչքի չընկավ: Բացի այդ, Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել է ավելի քիչ ժամանակ (360 րոպե), քան Շիկը (404 րոպե):