Էդգար Սևիկյանը նորամուտն է նշել «Լևանտեում» ու Լա Լիգայում

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Լևանտեն» սեփական դաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը: Նորամուտը տանտերերի կազմում, ինչպես նաև Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում նշեց 19-ամյա Էդգար Մարտիրոսի Սևիկյանը:

«Լոկոմոտիվի» սանը

Էդգարը ծնվել է Մոսկվայում, հինգ տարեկանից սկել է մարզվել «Լոկոմոտիվի» ակադեմիայում: Մոսկովյան թիմում տարիներ անցկացնելուց հետո՝ երեք տարի առաջ է համալրել իսպանական թիմի շարքերը: Ամեն ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեկնել է Իսպանիա, որտեղ բնակվում են մայրն ու եղբայրը: Հայրը՝ Մարտիրոսը, ապրում ու աշխատում է Մոսկվայում:

Տեղափոխությունը «Լևանտե»

Մինչև «Լևանտեի» շարքերը համալրելը Սևիկյանը հնարավորություն է ունեցել համալրել «Վալենսիայի» շարքերը: Ինչպես ինքն է հետագայում պատմել, նրան այդ ժամանակ օգնել է գործակալը: Փաստաթղթային խնդիրների պատճառով տեղափոխությունը «Վալենսիա» չի կայացել, իսկ ահա «Լևանտեի» դեպքում ամեն ինչ համեմատաբար հեշտ է ստացվել:  Մեկ շաբաթյա փորձաշրջանի ընթացքում արդեն ակումբից առաջարկել են Սևիկյանին մնալ և պայմանագիր ստորագրել ակումբի հետ:

Հնարավորություն

«Լոկոմոտիվը» սկզբում չի ցանկացել կորցնել իր սանին: Նույնիսկ այդ ժամանակ լուրեր են սկսվել պտտվել, որ խաղացողը կարող է տեղափոխվել «Զենիթ» կամ «Սպարտակ», սակայն Էդգարի հայրը խոստացել է, որ որդին չի տեղափոխվի ռուսական որևէ այլ ակումբ: Ամիսներ անց խաղացողը որոշում է ակայցնում տեղափոխվել Իսպանիա: Ինչպես ինքն է հետո խոստովանել, հասակցել է, որ Եվրոպայում հաստատվելու նման հնարավորություն ոչ մեկին է տրվում և պետք է օգտվել դրանից:

Նորամուտ

Ինչպես երևում է Սևիկյանը կարճ ժամանակ անց կարողացել է «Լևանտեի» պատանեկան ու երիտասարդական թիմերի կազմերում ցույց տված խաղով ապացուցել, որ նրա հարցում չեն սխալվել: Պատահական չէ, որ նա այսօր ոչ միայն հայտավորված էր ակումբի գլխավոր թիմի կազմում, այլ նաև նորամուտը նշեց՝ խաղադաշտ դուրս գալով 83-րդ րոպեին: Իսպանական մամուլն արդեն արձագանքել է Էդգարի նորամուտին ու նշել խաղային այն որակները, որոնցով հիմնականում աչքի է ընկնում ֆուտբոլիստը. տեխնիկապես պատրաստված, ուժեղ և արագաշարժ ձախլիկ է:

Հրավեր հավաքականից

Էդգար Սևիկյանն այս ընթացքում հասցրել է հանդես գալ Ռուսաստանից Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ20 տարեկանների հավաքականներում և աչքի ընկել արդյունավետ խաղով: Ֆուտբոլիստը ժամանակին խոստովանել է, որ հպարտ է հայկական արմատներով և նույնիսկ հրավեր է ստացել նաև Հայաստանի պատանեկան հավաքականից, բայց ինչպես երևում է նախընտրել է հանդես գալ Ռուսաստանի ընտրանու կազմում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am