Եվրո 2020. Խումբ «B». Դանիա — Ֆինլանդիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Եվրոյի խաղային երկրորդ օրը տեղի կունենան երկրորդ խմբի հանդիպումները: Առաջինը մրցասպարեզ դուրս կգան դանիացիներն ու ֆինները: Վերջիններիս համար սա առանձնահատուկ օր է: Նրանք առաջին անգամ են իրենց պատմության մեջ մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Ընտրական փուլում զիջեցին միայն իտալացիներին ու երկրորդ տեղով կարողացան ձեռք բերել բաղձալի ուղեգիրը՝ անցնելով Բոսնիայից, Հունաստանից և, իհարկե, Հայաստանից: Անցկացրած 10 խաղում տարան 6 հաղթանակ:

Երկրորդ տեղով մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերեց նաև Դանիան՝ խմբում զիջելով Շվեյցարիային: Տարան 4 հաղթանակ 8 խաղում՝ առաջին տեղից ետ մնալով մեկ միավորով: Վերջին խաղում միայն նրանք բաց թողեցին հաղթանակն իռլանդացիների հետ խաղում և բավարարվեցին երկրորդ հորիզոնականով:

Կասպեր Հյուլմադնի սաներն հիմա էլ վատ մարզավիճակում չեն, Մունդիալի ընտրական փուլում երեք անընդմեջ հաղթանակ են տարել: Դրանից հետո ստուգողական խաղում պարտվել են Գերմանիային, իսկ հետո երկու անպատասխան գնդակ ուղարկել Բոսնիայի դարպասը:

Ֆինլանդիան, հակառակը, այնքան էլ իրեն լավ չի զգում Եվրոյի ընտրականից հետո: Ընտրանին դեռ հաղթանակ չի տարել անցած նոյեմբերից, երբ 2:1 հաշվով հաղթեցին Բուլղարիային: Մարկու Կաներվայի գլխավորած հավաքականը ստուգողական մրցավեճերում պարտվեց Շվեդիային ու Էստոնիային և սա նշանակում է, որ կան բացեր և լավ արդյունքների հասնելու համար աշխատելու տեղ կա:

Հյուլմանդի գլխավորած Դանիան գրավիչ, հարձակվողական ֆուտբոլ դավանող հավաքականի համբավ է ձեռք բերել: Ի դեմս Յուսուֆ Պոուլսենիև Մարտին Բրեյթույթի դանիացիներն վատ հարձակվողական գիծ չունեն: Երկուն էլ մեծ ծավալի աշխատանք են կատարում առջևի գծում և բավականին արդյունավետ են, երբ բանը հասնում է պաշտպանության առաջին գոտուն: Չնայած սրան շատ է խոսվում, որ նրանցից ոչ մեկին մարզիչը չի վստահի «9» համարի դիրքը: Մեծ է հավանականությունը, որ դանիացիների մարզչական շտաբը շեշտը կդնի Կրիստիան Էրիկսենի ու Յոնաս Վինդի վրա, վերջինս էլ կլինի հարձակման սուր ծայրում: Պոուլսենն ու Բրայթուեյթն ավելի շուտ կխաղան կենտրոնից և եթե սրան ավելացնենք Վինդի տարածություններ ստեղծելու և բացելու ունակությունները, ապա Դանիան մրցակցի թիկունքում կունենա առնվազն երեք խաղացող, որոնք Էրիկսենի աջակցությամբ անկանխատեսելի են իրենց գործողություններում:

Եթե երեք կենտրոնական հարձակվողով այս տարբերակը չաշխատի, ապա դանիացիների մարզիչն իր տրամադրության տակ ունի հարձակվողների այլընտրանքային տարբերակ, մասնավորապես խոսքը վերաբերում է Սկովին ու Դամսգարդին: Վերջիններս ըստ ամենայնի ընդմիջումից հետո դուրս կգան խաղադաշտ՝ հարձակմանը լրացուցիչ ուժ և լիցք հաղորդելու համար:

Դանիան ունի կիսապաշտապան զույգ՝ ի դեմս Հոյբերգի ու Դիլեյնիի, որոնք մշտապես օգնում են հարձակվողներին թիկունքից: Երկուսն էլ հայտնի են իրենց սառնասիրտ խաղով ու աշխատասիրությամբ, իսկ նրանց համագործակցությունից 4-2-3-1-ի դեպքում շատ բան է կախված:

Թիկունքում դանիացիների մարզիչը պետք է ընտրեր Անդերսենի, Կրիստենսենի,Վեստերգարդի ու Կյաերի միջև: Վերջինս որպես ավագ իր տեղն ուներ ավտոմատ կերպով: Ինչ վերաբերում է նրան, թե նշվածներից որ մեկն է օգնելու նրան, ապա դա կլինի ըստ ամենայնի Անդերսենը, քանի որ վերջինիս ներկայությունն ավելի բազմազան է դարձնում խաղային համակարգը: Եզրերի մասով թերևս չի քննարկվում որևէ հարց. Մաելեն ու Վասսը կարելի է ասել վաղուց են իրենց տեղն ամրագրել մեկնարկային կազմում:

Ֆինլանդիան խաղում է առջևում երկու հարձակվողով: Դեռ պարզ չէ, թե արդյոք հանդիպմանը կկարողանա մասնակցել հարձակման առաջատարներից Պուկին: Շատերի կարծիքով, եթե նույնիսկ հասցրել է ապաքինվել, ապա չի մասնակցի ամբողջ հանդիպմանը: Հենց այստեղ ֆինների համար կարևոր դերակատարում կարող է ունենալ Ջոել Պոհյանպալոն որպես երկրորդ պլանի հարձակվող, մինչդետ Պուկիին կարող է փոխարինել Մարկուս Ֆորսը: Կաներվան ըստ ամենայնի կխաղա 3-5-2 խաղային սխեմայով և շեշտը դնել կիսապաշտպանական գծի վրա: Սա կարող է օգնել, հատկապես երբ թիմը կլինի գնդակով: Շատ բան է կախված Գլեն Կամարայից, որը փորձելու է չզիջել մրցակիցներին պաշտպանության երկրորդ գոտում Լոդի ու Սպարվի հետ մասին: Պաշտպանական եռյակն ըտ ամենայնի կկազմեն Օշոնեսին, Արաջուրին ու Տոյբիոն, եզրերից կստանան Ալխոյի և Ուրոնենի աջակցությունը:

  • Հավանական կազմերը՝

Դանիայի հավաքական (4-2-3-1) —  Շմեյխել, Վաս, Կյաեր, Անդերսեն, Մաելե, Հոյբերգ, Դիլեյնի, Պոուլսեն, Էրիկսեն, Բրայթուեյթ, Վինդ

Ֆինլանդիայի հավաքական (3-5-2) — Գրադեցկի, Օշոնեսսի, Արաջուրի, Տոյվիո, Ալխո, Կամարա, Սպարվ, Լոդ, Ուրոնեն, Պուկի, Պոհյանպալո: