ՉԼ. «Մանչեսթեր Սիթի» — «Պարի Սեն Ժերմեն». Գոլառատ խաղի սպասումով

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունելու է «Պարի Սեն Ժերմենին»: Առաջին մրցավեճում անգլիական թիմը կամային հաղթանակ տարավ: Գվարդիոլայի գլխավորած թիմը կփորձի առնվազն պահել ունեցած առավելությունը, առավել ևս, որ առաջիկա խաղին մոտենում է առանց կորուստների: Կտրուկ փոփոխությունների Պեպը չի գնա. Կևին Դե Բրյույնեն կխաղա կեղծ «ինը համարի» դիրքում, Ֆոդենն ու Մահրեզն էլ կօգնեն եզրերից:

Ինչ վերաբերում «Պարի Սեն Ժերմենին», ապա Պոչետինոն, ի տարբերություն իր կատալոնացի գործընկերոջ, կադրային որոշակի խնդիրներ ունի: Պարզ չէ՝ արդյոք Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել խաղին հենց սկզբից: Ֆրանսիացին վնասվածք ունի, կիրակի օրն էլ չի մարզվել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մբապեի հիմնական կազմում լինելու հավանականությունը 50/50 է: Մյուս կողմից Մաուրո Իկարդին է սպասում իր հնարավորությանը: Այլ կորուստներ փարիզյան թիմը չունի, իհարկե չհաշված Խուան Բերնատին, որը շարքում չէ դեռ անցած սեպտեմբերից:

Շատ մասնագետներ նշում են, որ առաջին խաղում ավելի շուտ «Պարի Սեն Ժերմենը» պարտվեց, քան «Մանչեսթեր Սիթին» հաղթեց: Գրեթե անթերի առաջին կեսից հետո Պոչետինոյի սաներն ընդմիջումից հետո իրենք իրենց նման չէին: Արդյունքում բաց թողեցին խաղի թելն ու թույլ տվեցին մրցակցին վերադառնալ ու հաղթել խաղում:  Մյուս կողմից նշվում է, որ ոչ մեկը, ոչ մյուսն արժանի չէին պարտության՝ հաշվի առնելով այն, որ առաջին կեսում «Փարիզն» էր թելադրողի դերում, երկրորդում՝ «Սիթին»: Կա ևս մեկ դիտարկում կապված առաջին խաղի ելքի հետ. «Սիթին» չէր հաղթի, եթե տանտերերն ուշադիր լինեին տուգանայինի ժամանակ, երբ Դե Բրյույնեի փոխանցում-հարվածից հետո գնդակը հայտնվեց ցանցում: Բոլորն են գրեթե համակարծիք, որ մեկ շաբաթ առաջ Պեպի սաների խաղը հարձակման գծում հեռու էր կատարյալից:

Այդուամենայնիվ առաջին խաղում գրանցված արդյունքն իր հետքը թողել է և պատահական չէ, որ առաջիկա խաղում ֆավորիտ է համարվում «Սիթին»: Եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություններն ևս բարձր են գնահատվում: Ճիշտ է, սա չի նշանակում, որ «Պարի Սեն Ժերմենի» ճակատագիրն արդեն որոշված է: Ամենևին: Պոչետինոյի թիմն ընդամենը մեկ շաբաթ առաջ մի ամբողջ խաղակես գրեթե ամեն ինչով գերազանցեց «Սիթիին», դրանից առաջ պայքարից դուրս թողեց «Բավարիային»: Դուրս կգա՞ եզրափակիչ՝ արդեն այլ հարց է: Հստակ է՝ դրա համար ֆրանսիացիները կանեն ամեն ինչ: Հստակ խնդիր ունեն լուծելու և գիտեն՝ ինչ պետք է անեն: Շատ բան կախված է նաև նրանից, թե կկարողանա խաղին լիարժեք մասնակցել Մբապեն: Առանց Կիլիանի շատ բարդ կլինի:

Մասնագետներից շատերը գոլառատ ֆուտբոլ են կանխատեսում: «Պարի Սեն Ժերմենն» առնվազն երկու գոլ պետք է խփի և հենց սկզբից լծվելու են այդ գործին: Նույնիսկ եթե մեկնարկում կողմերը զգուշավորություն ցուցաբերեն, ինչ-որ պահի խաղը կբացվի: