Կապառոս․ «Երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից. ունենք, այն ինչ ունենք»

Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն։

Խաղից առաջ կայացել է Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։

-Այսօր կարծում եմ շատ են լինելու հարցեր խաղացողների վերաբերյալ կխնդրեմ մարզչին կոնկրետ պատասխաններ տալ մեզ։ Առաջին հարցս Արթուր Քարտաշյանի մասին է։ Արդյոք հետևո՞ւմ է նրա խաղին։ Ինչո՞ւ չի հրավիրվել։

-Որովհետև ես այս 2 խաղերի համար նպատաահարմար համարեցի այն ֆուտբոլիստներին, որոնք հրավիրված են։

Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, որոնք կարող են հրավիրվել Հայաստանի Հավաքական։ Իսկ եթե կոնկրետ պատասխան եք ցանկանում, ապա ասեմ այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիստները ավելի ուժեղ են։

— Պարոն Կապառոս, խոսքս վերաբերում է Սարգիս Ադամյանին, արդյոք նա այս պահին  Հայաստանի հավաքականին խաղամակարդակին հարիր չէ՞, Թոփ-5 առաջնություններում խաղացող միակ հայ ֆուտբոլիստը չի հրավիրվում Հայաստանի Հավաքական, կնշե՞ք պատճառ։

-Սաքոն այն տղան է, ում մենք բոլորս սիրում և գնահատում ենք։ Բայց եթե ուզում եք կոնկրետ պատասխան ստանալ ձեր հարցին, ապա պատճառը նրա բացակայության հենց ինքն է։ Զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ։

-Օրեր առաջ մեր ապագա մրցակից Ուկրաինայի հավաքականը հանդիպեց Շոտլանդիայի հետ և պարտվեց 0-3 հաշվով։ Ինչ տպավորություն ստացաք այդ խաղից և ինչ ակնկալիքներ կան այս խաղից։

-Այո դիտել ենք հանդիպումը և շատ մեծ կարծիք ունենք։ Բարձր կարծիք ունենք Ուկրաինայի հավաքականի մասին։ Եվ կարելի է ասել, որ մենք իրոք բարդ խմբում ենք։

-Մխիթարյանի հեռանալուց հետո  նրա ֆունկցիաները մեծամասմաբ կատարում էր Սպերցյանը, այս խաղում նա էլ չկա, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը։

-Սպերցյանը այն ֆուտբոլիստն է, որը անընդհատ առաջադիմում է։ Վստահ եմ, որ այն ֆուտբոլիստը, ով կփոխարինի Սպերցյանին, շատ լավ կդրսևորի իրեն և կնպաստի, որ մեր երկրպագուներին ուրախություն կպարգևենք։

-Կխնդրեի գնահատեիք Սպերցյանի առաջընթացը։ Արդյոք նա պատրա՞ստ է Եվրոպական Թոփ-5 լիգաներում խաղալուն։

-Շատ լավ առաջընթաց է գրանցում Սպերցյանը։ Հոգեբանորեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է։ Եվ նա այժմ պատրաստ է հանդես գալ Եվրոպայում։

-Նախկինում պարբերաբար հաճախում էիք Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Իսկ հիմա տրիբունաներում չենք տեսնում Ձեզ։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է այն փաստով, որ ձեր պայմանագրի ժամկետը լրանում է։ Ազգերի լիգայի ավարտից հետո ֆեդերացիան կցանկանա՞ շարունակել համագործակցել ձեզ հետ և ինչպիսի՞ն կլինի ձեր դիրքորոշումը։

-Ես ընդամենը վերջին ամսվա ընթացքում չեմ այցելում մարզադաշտ։ Մինչ այդ հաճախել եմ մարզադաշտ։ Եվ միայն վերջին 1-1,5 ամիսն է, որ չեմ այցելել մարզադաշտեր։

-«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանին հավաքական հրավիրելը Ձեզ համար կարևո՞ր էր։

-Հովհաննեսը լավ է խաղում, դրա համար էլ հավաքական է հրավիրվել է: Քանի որ իրեն լավ է դրսևորում ակումբում, այդ իսկ պատճառով էլ հրավիրվել է հավաքական: Սակայն առաջին անգամ չէ, որ մենք հրավիրում ենք Հովհաննեսին։ Նա նախկինում էլ է հավաքականի հրավեր ունեցել։

— Ուկրաինայի հավաքականի հետ կոնկրետ խաղային ծրագիր ու՞նեք։

-Գաղտնիք չէ, որ մեր մրցակիցը՝ Ուկրիանան, շատ բարձրակարգ թիմ է։ Նման մրցակցի հետ խաղում հաջողության հասնելու համար մենք առաջին հերթին պետք է ուժեղ թիմային խաղ ցուցադրենք։ Հակառակ դեպքում արդյունքի չենք հասնի։

-Հավաքականը այնքան էլ լավ արդյունքների չի հասել։ Ձեր կարծիքով սա մեր թիմի առավելագույն հնարավորությունների սահմա՞նն է, թե ոչ։

-Ոչ ոք չի կարող գոհ լինել երբ պարտվում է։ Բայց մենք պետք է չկենտրոնանանք անհաջողությունների վրա, ու փորձենք առաջ շարժվել։ Ես այն մարզիչներից չեմ, որ արդարացումներ է փնտրում։ Երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից։ Ունենք, այն ինչ ունենք։