«Ուժեղ հավաքականների դեմ մեր խաղն այդպես էլ չկարողացանք կարգավորել». Արթուր Ոսկանյան

Եվս 2 հանդիպում, և Հայաստանի Ազգային հավաքականը ավարտին կհասցնի ելույթներն Ազգերի լիգայի B դիվիզիոնի խմբային փուլում: Կավարտվի նաև Խոակին Կապառոսի պայմանագրի ժամկետը: Ինչ ելք կունենան խաղերը և իսպանացու վերաբերյալ ինչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն, թողնենք ժամանակին:

Այն, ինչ ունենք այս պահի դրությամբ, քննարկել ենք Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, մարզչական կարիերայի ընթացքում տարբեր տարիքային հավաքականները գլխավորած Արթուր Ոսկանյանի հետ:

«… ուժեղ հավաքականների դեմ մեր խաղն այդպես էլ չկարողացանք կարգավորել»

— Պարո՛ն Ոսկանյան, Դուք միշտ շատ ուշադիր հետևում եք թե՛ հավաքականի, թե՛ մեր առաջնության հանդիպումներին: Ինչպե՞ս կգնահատեք հավաքականի՝ արդեն անցած ճանապարհն այս փուլում:

— Ազգերի լիգայում Կապառոսի գլխավորությամբ խմբից դուրս գալը հաջողություն էր, ճիշտն ասած, բայց շատ սխալներ կային: Ես էլի եմ ասել, որ բացթողումներ ունեինք թե՛ պաշտպանությունում, թե՛ դիրքային գրոհներում: Այն ժամանակ ես հաճախ շեշտում էի, որ ավելի ուժեղ հավաքականի, ավելի բարձր մակարդակի ու որակով ֆուտբոլիստների հետ մեր սխալները կպատժվեն: Այդպես էլ եղավ. տեսանք, որ երբ թիմն ավելի արագ, ավելի որակով է խաղում մեր դեմ, մենք շատ սխալներ ենք թույլ տալիս: Եվ այդպես էլ մինչև վերջ մենք չկարողացանք ուղղել այդ սխալները: Կարելի է ասել՝ մենք միշտ ավելի ուժեղ հավաքականների հետ չկարողացանք խաղալ: Եթե ինչ-որ հավաքական իր որակով ցածր էր, ինչ-որ տեղ մեզ մոտ ստացվում էր պաշտպանությունը կամ պրեսինգը, բայց ավելի ուժեղ հավաքականների դեմ մեր խաղն այդպես էլ չկարողացանք կարգավորել: Հիմա երկու խաղ է մնացել:

Ես հետևել եմ թե՛ Ուկրաինայի, թե՛ Իռլանդիայի խաղերին, նայել եմ նաև Շոտլանդիա — Ուկրաինա խաղը: Ճիշտ է՝ շոտլանդացիները հաղթեցին, բայց Ուկրաինայի հավաքականն առաջին խաղակեսում շատ լավ խաղաց: Չգիտեմ՝ պատճառն ինչն էր, բայց երկրորդ խաղակեսում շատ բաց խաղացին: Բայց որպես թիմ շատ լավն են, որակով ֆուտբոլիստներ ունեն, ու այս խաղին կերևա՝ արդյոք մենք կարողացե՞լ ենք սխալներն ուղղել, որովհետև Ուկրաինայի հավաքականը թիմային խաղով էլ է ուժեղ, դիրքային գրոհներով էլ է ուժեղ: Մի խոսքով, այս խաղը ցույց կտա՝ մենք անցյալի սխալներից հետևություն արե՞լ ենք և ուղղե՞լ ենք ինչ-որ մի բան:

Ամեն դեպքում, մենք այս օրերին հաղթանակի կարիք շատ ունենք: Հուսով եմ՝ տղաները կկարողանան մեզ ուրախացնել: Մենք բոլորս շատ հյուծված ենք այս օրերին: Մեզ հիմա հաղթանակներ են պետք:

— Ըստ էության, Ուկրաինայի հավաքականին հիմա կարող ենք երկու տեսանկյունից նայել. կամ Երևան կգան շատ մոտիվացված, կամ ընկճված այդ պարտությունից և իրենց երկրում իրավիճակից: Ի՞նչ եք կարծում, մեր հավաքականը կկարողանա՞ հակախաղ գտնել այդ թիմի դեմ ու օգտվել նրանց այս իրավիճակից:

— Իհարկե, այս պահին կարելի է օգուտ քաղել այդ իրավիճակից, քանի որ 0:3 պարտությունը Շոտլանդիայից հոգեբանորեն նրանց վրա ազդած կլինի: Բայց մյուս կողմից էլ ճիշտ շեշտեցիք՝ պատերազմական վիճակը, իրենք ամբողջ աշխարհին ապացուցելու բան ունեն: Ամեն դեպքում, ունեն հնարավորություն խմբում ավելի բարձր տեղ գրավելու և շարունակելու պայքարը: Մոտիվացիա ունեն: Այստեղ մեզ հանգստություն է պետք, կարողանալ ճիշտ պաշտպանվել: Կարծում եմ՝ պետք է փորձենք ավելի շատ հակագրոհներով խաղալ, որովհետև նրանց որակը, ամեն դեպքում բարձր է, և դժվար կլինի 2 խաղակես նրանց ճնշել ու պրեսինգով խաղալ: Պետք է խաղը սկսենք համբերատար և սպասենք մեր պահերին:

«Երիտասարդների հետ պետք է զգույշ լինել, որպեսզի չկոտրվեն»

— Դուք նշեցիք, որ մենք պաշտպանությունում խնդիրներ ունենում ենք: Այդ խնդիրները նոր չեն: Արդեն տարիներ շարունակ ունենք խնդիր: Ամեն անգամ, երբ թվում է՝ լավ համագործակցություն ձևավորվեց, մեկը որակազրկվում է, մեկը վնասվածք է ստանում… Այս գծում համարժեք փոխարինումների համար կա՞ն կադրեր Հայաստանում աճող սրնդի մեջ, կամ թեկուզ դրսում:

— Պետք է շատ աշխատել: Թիմերում, Երիտասարդականում ունենք ֆուտբոլիստներ: Եթե հիշում եք՝ Ստյոպա Մկրտչյանը 16 տարեկան էր, ես նրան 19 տարեկանների հավաքական հրավիրեցի, քանի որ ուներ պոտենցիալ, և երևում էր, որ կարող է լավ խաղալ: Էլի կան պաշտպաններ, որոնք այսօր ԲԿՄԱ-ում են, մյուս թիմերում: Նրանց վրա պետք է աշխատել, կամաց-կամաց բերել հավաքական: Շատ լավ եղավ, որ Ստյոպան հրավիրվեց հավաքական ու խաղաց: Այդ հարցում էլ պետք է նուրբ մոտեցում ունենալ. մի խաղ խաղացնել, մի խաղ չխաղացնել: Ֆուտբոլիստը պետք է կայունություն ձեռք բերի: Նրանց հետ պետք է զգույշ լինել, որպեսզի չկոտրվեն: Սխալներ հաստատ լինելու են, բայց եթե մի խաղ լավ են խաղում, դրանից հետո պետք է հանգիստ տալ, և հաջորդ խաղին ավելի լավ կպատրաստվեն: Մարզիչներից է կախված շատ բան:

Երիտասարդ պաշտպաններին պետք է փորձը ճիշտ ժամանակով տալ: Մեզ մոտ ինչպես է՝ եթե շատ լավն է, միանգամից սկսում ենք խաղացնել, մեծ պահանջներ դնել նրա դեմ, հետո մի պահի մի քանի սխալ է թույլ տալիս, մոռանում ենք: Չէ, անընդհատ պետք է շանսը տալ ու դրա հետ մեկտեղ հաշվի առնել, որ երիտասարդ է, սխալներ կարող է թույլ տալ: Համբերատարություն է պետք: Պաշտպաններ ունենք, որ ժամանակի ընթացքում կարող են աչքի ընկնել: Այսօր էլ հավաքականում լավ պաշտպաններ ունենք: Բայց մի բան էլ շեշտենք. պաշտպանությունը միայն պաշտպաններից չի կախված, այլ ամբողջ թիմից: Եղել են խաղեր, որոնց մեծ մասում պաշտպանվել ենք: Նման դեպքում շատ դժվար է պաշտպանների համար, որովհետև անընդհատ պաշտպանվելիս ինչպես էլ չլինի սխալներ թույլ կտաս: Այդ ժամանակ է, որ ֆուտբոլիստները պետք է կարողանան խաղը վերցնել, ունենան գնդակի վերահսկում, գնդակ պահելու հնարավորություն, որպեսզի գնդակը շուտ չկորցնեն: Օրինակ, Նորվեգիայի հետ ընկերական խաղում, որն ավելի լավ է տպավորված, մենք գնդակը վերցնում էինք ու շատ շուտ կորցնում: Մեր պաշտպաններն անընդհատ լարվածության մեջ էին, և այստեղ շատ սխալներ եղան: Սա էլ պետք է հաշվի առնել: Ժամանակակից ֆուտբոլում չես կարող երկար ժամանակ առանց գնդակ խաղալ, պաշտպանվել: Հիմնական խնդիրը սա է. թիմը պետք է կարողանա պաշտպանվելուց բացի նաև գնդակ վերահսկել:

— Մեծ է հավանականությունը, որ սրանք կլինեն Կապառոսի վերջին խաղերը: Ըստ Ձեզ, որո՞նք էին այն օգուտները, որ Կապառոսը կարողացավ տալ մեր հավաքականին ու հայկական ֆուտբոլին: 

— Գիտե՞ք, ամեն դեպքում, ինչքան այստեղ արտասահմանից մարզիչներ գան, մենք պետք է աշխատենք լավը վերցնել, սովորել նրանցից, որպեսզի շարունակենք դա: Շատ լավ բան էր այն, որ Կապառոսը հավաքականում մեծ թվով երիտասարդների ներգրավեց: Ես մեր զրույցի սկզբում նշեցի, որ պետք է երիտասարդներին հնարավորություն տանք: Կապառոսը դա արեց: Դա արդեն շատ լավ բան է մեր ֆուտբոլիստների համար: Իմ կարծիքով, մենք այսօր ունենք ֆուտբոլիստների մեծ ցանկ, որոնք կարող են մրցակցություն ապահովել մեկը մյուսի համար:

«Մենք այսքան ժամանակ դեռ չենք կարողացել Սարգիս Ադամյանին ճիշտ օգտագործել»

— Ըստ ձեզ՝ այս պահին հավաքական հրավիրվածների ցանկն ամենաօպտիմալ կա՞զմն է, թե՞ գուցե կարող էին այլ անուններ էլ լինել:

— Իմ կարծիքով կային ֆուտբոլիստներ, որոնք կարող էին լինել հավաքականում: Ամեն դեպքում, մարզիչն է որոշողը, բայց գիտե՞ք՝ ինչ, Սարգիս Ադամյանին չհրավիրելու համար տարբեր պատճառներ են ասվում, բայց սա Ազգային հավաքականն է, պետք է զրուցել ֆուտբոլիստի հետ, հասկացնել, բերել, որովհետև մենք այսօր հարձակման գծում շատ մեծ խնդիրներ ունենք, պետք է մեզ Սարգիս Ադամյանը: «Ուրարտուում» Նարեկ Գրիգորյան ունենք, որը կարող է ուժեղացնել կազմը, կան ֆուտբոլիստներ, որոնք նույնպես կարող էին օգուտ տալ: Հատկապես այս խաղում, երբ մենք մեծ կորուստներ ունենք՝ Հարոյանը չի լինելու, Սպերցյանը, Կամոն, Արման Հովհաննիսյանը…

— Ես ուզում էի, որ Դուք Ադամյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ավելի մասնրամասն խոսեիք: Արդյոք պե՞տք է այդ խնդիրն այսպիսի լուծում ստանար:

— Այդ խնդիրը պետք է մնար հավաքականի ներսում, ոչ թե հանրայնացվեր: Ազգային հավաքականում մեծ մարդիկ են, փորձառու ֆուտբոլիստներ: Կա թիմի ավագ, կա ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ: Պետք էր կանչել ֆուտբոլիստին, զրուցել հետը, հասկանալ պատճառները: Ֆուտբոլում ցանկացածն էլ զայրանում է, ինչ-որ խոսքեր են ասվում: Բայց կարելի է իրար հասկանալ, հրավիրել ֆուտբոլիստին: Պատանի ֆուտբոլիստ չէ, որ պատժես: Չէ, նա արդեն մեծ ֆուտբոլիստ է, պետք է ուղղակի ճիշտ զրուցել նրա հետ: Իմ կարծիքով, մենք այսքան ժամանակ դեռ չենք կարողացել Սարգիս Ադամյանին ճիշտ օգտագործել: Նա շատ մեծ պոտենցիալ ունի հարձակման գծում, և մենք պետք է կարողանանք օգտագործել նրան: Յուրա Մովսիսյանից հետո ինձ համար Ադամյանն է մյուս հարձակվողը, որը կկարողանա շատ օգուտ տալ հավաքականին:

— Նաև մենք այն հավաքականը չենք, այն կազմը չունենք, որ մեզ ֆուտբոլիստին պատժելու շռայլությունը թույլ տանք…

— Իհարկե, մենք արդեն ունենք բացակայող Հենրիխ Մխիթարյան, որը մեծ ուժ էր: Սարգիս Ադամյանը, որն իր հարձակողական որակներով մեծ ուժ է: Այո, մենք այն հավաքականը չենք, որ կարողանանք այդպիսի շռայլություններ թույլ տալ մեզ:

— «Փյունիկից» Հովհաննես Հարությունյանն իր խաղով լավ տպավորում է: Դուք նրա մասին ի՞նչ կասեք:

— Ես Հովհաննես Հարությունյանին դեռ 17 տարեկանում հրավիրել եմ Մինչև 17-երի հավաքական, ու միշտ ասել եմ, որ աշխատասիրությամբ, որակներով ինձ համար այսօր Հայաստանում ամենալավ ֆուտբոլիստն ինքն է: Նա կարողանում է լավ փոխանցումներ ու լավ հարվածներ կատարել, խաղը վերցնել իր վրա: Ես նրան գիտեմ դեռ 17 տարեկանից: Այո, ժամանակի ընթացքում խնդիրներ ունեցավ: Հիմա շատ լավ է՝ գտել է իր խաղը, թիմում վստահում են իրեն, ինքն էլ ապացուցում է, որ արժանի է: Կարծում եմ՝ արժանի է Ազգային հավաքականում խաղալուն: «Փյունիկից» կշեշտեմ նաև Դաշյանին. մեծ աշխատանք է կատարում թիմում: Նրանք մեծ ուժ են «Փյունիկի» համար և նույնը կարող են լինել հավաքականի համար:

— Եթե Ձեզ առաջարկվի գլխավորել Հայաստանի հավաքականը, պատրա՞ստ եք նման մարտահրավեր ընդունելու:

— Ես գլխավորել եմ Մ-15-ից մինչև Մ-21 բոլոր հավաքականները, նույնիսկ մեկ տարի Ազգայինում եղել եմ օգնական, և ես լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում հավաքականի մարզիչ լինել, այն էլ՝ Հայաստանում: Ամեն մի պարտությունից հետո այնպիսի ցեխ կշպրտեն քեզ վրա՝ առանց իմանալու պատճառները: Ամբողջ աշխարհում է դժվար մարզիչ լինելը, բայց Հայաստանում՝ մի քիչ ավելի: Մեզ մոտ այսպես է՝ եթե թիմը լավ է խաղում, ապրեն ֆուտբոլիստները, հենց թիմը վատ է խաղում, պարտվում է, մարզչին ինչ ասես կհասցնեն: Ճիշտ է՝ կարելի է քննադատել, ես ընդունում եմ, բայց ոչ այնպես, ինչպես մեր երկրպագուներն են անում: Ամեն դեպքում, եթե ես մարզիչ եմ, ընտրել եմ այս գործը, և եղել եմ այդ հավաքականներում, միշտ պատրաստ եմ եղել այդ դժվարություններին:

Հարցազրույցը՝ Հռիփսիմե Գալստյանի