Կապառոսի կապրիզների վերջին ակորդը. Ի՞նչ կորոշի Արմեն Մելիքբեկյանը Դուբլինից վերադառնալիս

Բոլորիս ուշադրությունն աստիճանաբար սևեռվում է Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին. մեր ընտրանին ավարտին է հասցնում Ազգերի Լիգայի այս խաղարկությունում ելույթները։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին Երևանում կընդունի Ուկրաինայի հավաքականին, այնուհետև կմեկնի Դուբլին, որտեղ սեպտեմբերի 27-ին ուժերը կչափի իռլանդացիների հետ։

Մաթեմատիկական հաշվարկով շանսեր կան։

Հայաստանի հավաքականը դեռ պահպանում է խմբից դուրս գալու հնարավորություն։ Սա՝ առաջին հայացքից, սակայն, կարծես թե, այս հեքիաթին չեն հավատում հենց ՀՖՖ-ում և հավաքականի մարզչական շտաբում։ Football365.am-ը անդրադարձել էր այն փաստին, որ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում չէր և չէր հետևում մեր առաջնության խաղերին։ Այս իրողությունն իր ընտրած ձևակերպմամբ փաստեց հենց Կապառոսը, որն աջակցության ուղերձ հղեց մեր երկրին՝ թշնամու լայնամասշտաբ հարձակման հետ կապված։

Բայց մեր ֆուտբոլային հանրությանն ավելի շատ հետաքրքրում է նրա ֆուտբոլային գործնեությունը այս պահին։ Առաջին անգամ հավաքականը հրապարակեց հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, երբ գլխավոր մարզիչը այստեղ չէր։ Շոտլանդիայից կրած պարտությունից հետո մենք իսպանացուն չենք տեսել Հայաստանում։ Բայց գոնե այս 7 տուրերի ընթացքում նա իր աչքերով չտեսնե՞ր, թե ինչ վիճակում են հավաքականի տղաները։ Խաղերից մեկի ժամանակ մեր ֆոտոխցիկը ֆիքսել էր նրա օգնականին, բայց հայ ֆուտբոլասերը սովոր է, որ Կապառոսն անձամբ ներկա լիներ մարզադաշտում և սեփական աչքով պետք է տեսներ ու որոշում կայացներ։ Այդպես սովորեցրել էր հենց ինքը՝ Կապառոսը:

Կապառոսը մնաց իր սկզբունքների մեջ. չի ուզում և չի հրավիրում «Բոկա Խունիոսի» հարձակվող Բալեկյանին, որը ոչ միայն խաղում է, այլև գոլ է խփում, այդպես էլ չհրավիրեց պաշտպան Քարտաշյանին, որը հիմա խաղում է Կիպրոսի «Օլիմպիակոսում», վիճել է Ադամյանի հետ և նրան էլ չի հրավիրում Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնից»։ Նկատենք, որ Կապառոսին այլևս չեն հետաքրքրում Ուդոն, Անգուլոն, Գալոյանը։

Ներքին զգացում կա, որ որ այս աշնանը Կապառոսի ոդիսականը մեր հավաքականում կավարտվի։ ՀՖՖ-ն դժվար թե ևս մեկ որակավորման փուլ վստահի իսպանացուն՝ երկարաձգելով պայմանագիրը։ Ռիսկերը շատ են, դրա համար էլ, ամենայն հավանականությամբ, ՀՖՖ-ն, «շնորհակալություն» հայտնելով Միստերին, կհայտարարի, որ չի երկարաձգում նրա հետ պայմանագիրը։ Ներքին խոհանոցում նրան կվերագրեն այս անհաջողությունները, կդարձնեն քավության նոխազ և կսկսեն նոր մասնագետի որոնումները։

Հայաստանում այդ պաշտոնի հավակնորդը Ռաֆայել Նազարյանն է (ՀՖՖ-ն չի էլ քննարկի Վարդան Մինասյանի և Արմեն Գյուլբուդաղյանցի թեկնածությունը)։ Մեր ֆեդերացիայում շատ են վստահում նրան։ Միակ խոչընդոտը արդյունքներն են ԲԿՄԱ-ում և Հայաստանի Մ-21 հավաքականում. բացառապես անհաջողություններ և մրցաշարային աղյուսակում վերջին հորիզոնականներ։ Դրա համար էլ շատ ավելի հավանական է, որ Արմեն Մելիքբեկյանը մարզիչ գտնի օտար երկրից։

Ինչպես նշում էր Մելիքբեկյանը՝ ավարտվել են հավաքականի՝ պատահականության սկզբունքով հաղթանակների ժամանակները։ Պատմությունը այլ բան է հուշում’ կարծես թե, վերջին շրջանում մեր հավաքականի՝ միայն այդ պատահական հաղթանակներն են երբեմն-երբեմն թակում Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ի դուռը։