«Չենք խնայելու մեր առողջությունը հանուն հաղթանակի». Մելիքյանը՝ «Շերիֆի» հետ խաղի մասին

Մոլդովայում կայացել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը ԵԼ որակավորման փուլի փլեյ-օֆֆի՝ «Շերիֆի» դեմ պատասխան խաղից առաջ:

«Վաղը մեր թիմի համար շատ կարևոր օր է: Մենք կարող ենք պատմություն կերտել հայկական ֆուտբոլի համար: Մենք հասկանում ենք այդ պատասխանատվությունը: Մենք զգում ենք դա: Ցանկանում ենք ուրախացնել մեր երկրպագուներին ու արդյունքի հասնել: Դրա համար մենք ունենք մոտիվացիա ու պատրաստվածություն: Կարծում եմ` պատրաստ ենք վաղը լուծել մեր առջև դրված խնդիրները: Դա մեր ուժերի սահմաններում է:  Այնուամենայնիվ, թիմերի շանսերը գնահատում եմ հավասար: Ժենյան (Եվգենի Կոչուկը՝ խմբ.) շատ ճիշտ նշեց` հանդիպել են երկու լավ թիմեր, սակայն մենք կանենք առավելագույնը: Մեր խնդիրն է` մեռնել կամ տանել մեր հաղթանակը: Մենք այդպես ենք մոտիվացված: Վաղը պայքար է լինելու հանուն ապագայի: Մեր տրամադրվածությունn այդպիսինն է: Թիմը պատրաստ է թե՛  տակտիկապես, թե՛  հոգեբանորեն: Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում «Շերիֆին»: Նրանց հետ արդեն մեկ հանդիպում ենք անցկացրել, խորապես վերլուծել, ուսումնասիրել ենք: «Շերիֆը» թույլ տեղ ունի, որի վրա ճնշում ենք գործադրելու: Վաղը պարզ կլինի` կստացվի, թե ոչ: Մենք պատրաստվել ենք դրան տեսականորեն: Նրանց ուժեղ կողմերն էլ կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար, եթե մենք ճիշտ չկիրառենք մեր խաղային պլանը: Եթե հարցեր կան` խնդրեմ», — ասել է Մելիքյանը:

— Իսկ ո՞րն է խաղային պլանը` բարձրից խաղալ, թե՞..․

— Լավ հարց է: Ես կպատասխանեմ այդ հարցին, եթե այդ կերպ կօգնեմ ձեր թիմին: Մեր խնդիրն է` լավ հարձակվել ու լավ պաշտպանվել: Ահա մեր ծրագիրը:

— Ձեզ համար նախընտրելի է պաշտպանվել, իսկ հնարավորության դեպքում հարձակվե՞լ: Այս պլանը ընդունելի կարո՞ղ է լինել Ձեզ համար:

— Մարզիչներ կան, որ այդպես են ասում, մյուսներն ասում են, որ եթե ցանկանում ես ունենալ լավ պաշտպանություն, պետք է հարձակվել, քանի որ պաշտպանությունը միայն նահանջ չէ, այլև հակապրեսինգ: Այդպես չէ՞, դա նաև բարձր պրեսինգն է, դա նույնպես պաշտպանություն է: Վաղվա համար մենք մեր պլանը ունենք, միայն կարող եմ ասել, որ մենք անակնկալ ենք պատրաստել մրցակցի համար: Ես կարծում եմ` մրցակիցը անակնկալի կգա մեր պատրաստած պլանից:

— Ո՞րն է «Շերիֆի» առավել ուժեղ կողմը:

— Նրանք խաղում են ուղղահայաց, կոմբինացիոն ֆուտբոլ: Խաղին դինամիկա են հաղորդում, արագ են գործում ու մտածում: Հիանալի ու անհատապես պատրաստված ֆուտբոլիստներ են հավաքված թիմում: Մի քանի ուժեղ կողմ ունեն. լավ ու արժանի մրցակից է: Տանը մենք կարող էինք թե՛ հաղթել, թե՛  պարտվել: Վաղը վտանգավոր խաղ է լինելու: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ վաղը չենք խնայելու մեր առողջությունը հանուն հաղթանակի:

— «Շերիֆը» կկարողանա՞ր հաղթել Հայաստանի առաջնությունում:

— Լավ մրցակցություն կառաջարկեր, ինտրիգ կստեղծեր: Մեզ համար նույնպես լավ մրցակից կլիներ Հայաստանի առաջնությունում:

— Իսկ Դուք կհամարձակվե՞ք բարձր պրեսինգով խաղալ, քանի որ «Շերիֆը» շատ բարձրակարգ ու բարձրահասակ հարձակվող ունի: Եթե հետևում ձեզ համար տարածություններ առաջանան, պարտադիր չի լինի դրանք օգտագործելը:

— Կարծում եմ` եթե որոշենք խաղալ բարձր պրեսինգով, այդպես էլ կարող ենք օգտագործել մեր հնարավորությունները, քանի որ կարողանում ենք այդ տակտիկայով խաղալ, մեզ մոտ դա լավ է ստացվում: Մեկ անգամ չէ, որ մրցակցին դրա համար պատժել ենք: Բայց այո՛, բարձր պրեսինգը իրենից ներկայացնում է վտանգ՝ բաց թողնել հակագրոհ: Բայց բարձր պրեսինգով նաև գոլ խփելու հնարավորություն ես ստանում:

— Դուք` հայերդ, ինչպես միշտ, քաջ ու համարձակ մարդիկ եք:

— Այո: Հատկապես` ես ու իմ թիմը: Ինչպես իմ ֆուտբոլիստը նշեց, մենք ունենք թիմային ոգի, մենք սիրում ենք հաղթել ու ձգտում ենք դրան, իսկ եթե պարտվում ենք, դա ընդունում ենք, քանի որ մենք պրոֆեսիոնալներ ենք: Մենք գիտենք` ինչպես պարտվել, ճիշտ հետևություններ անել ու առաջ շարժվել: Բայց մենք ցանկանում ենք ռիսկի գնալ ու ցույց տալ, թե ինչի ենք ունակ, հարձակվել, պաշտպանվել ու պրեսինգի դիմել: Էլ ի՞նչ պլան է պետք: Մենք գաղտնիքներ չունենք: Մեր գաղտնիքը` հարձակվել, պրեսինգի գնալ, նահանջել ու հաղթել: Ահա, թե որն է մեր խնդիրը:

Աղբյուր՝ fcpyunik.am