««Շերիֆին» անցնելու հարցն իրատեսական է, մենք պայքարելու ենք». Եղիշե Մելիքյան

ԵԼ Փլեյ-օֆֆի շրջանակում «Փյունիկը» վաղը՝ օգոստոսի 18-ին, Երևանում կանցկացնի «Շերիֆի» հետ դիմակայության առաջին խաղը: Խաղին ընդառաջ՝ այսօր կայացել է Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ինչպես նկատեցիք՝ մեր ֆուտբոլիստները համեստ են շատ, բայց ես իրենց հետ եմ ու գիտեմ, որ ունեն այդ վստահությունը: Այո, այսօր «Փյունիկը» պատրաստ է պայքարելու և հոգեբանորեն, և տակտիկապես, և ֆիզիկապես: «Շերիֆին» արգելքը շրջանցնելու հարցը մեր ուժերից վեր չէ, իրատեսական է: Շատ դժվար կլինի, բայց մենք ուզում ենք փորձել, պայքարել: Շատ աշխատանք ենք կատարել, ուզում ենք այսքանով չավարտել Եվրալիգան, ուզում ենք շարունակել հաղթանակները: Մեր ցանկությունը շատ մեծ է:

Մրցակցին ուսումնասիրել ենք, գտել ենք իրենց ուժեղ կողմերը: Կաշխատենք վաղը փակել դրանք: Անհատապես լավ, ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, տակտիկապես գրագետ թիմ են: Միայն լավ բաներ կարող եմ ասել մրցակցի մասին: Եթե մենք չխաղանք այն խաղային պլանով որով ուզում ենք, մրցակիցը մեզ համար խնդիրներ կստեղծի: Դրա համար ճիշտ է պետք պատրաստվել: Այդ դեպքում մենք կարող ենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը: Վերլուծել ենք, խաղը ցույց կտա՝ ինչքան դա կաշխատի: Բայց մենք պատրաստ ենք վաղվա խաղին», — ասաց Մելիքյանը:

— Մենք շատ գնահատում ենք Ձեր անկեղծությունը, որ մրցակիցների վերաբերյալ տալիս եք հստակ գնահատական՝ հաղթահարելի է, թե ոչ: Այսօր մոտավորապես ստանում ենք մի գնահատական, որ «Շերիֆն» անցանելի մրցակից է: Ու եթե «Ցրվենայի» հետ խաղում օպտիմալ կազմով չէիք, այս խաղին, կարծես, մարտական կազմով եք լինելու: Երևանում գրանցված ի՞նչ արդյունքը Ձեզ կգոհացնի:

— Միայն հաղթանակը: Մենք այստեղ մեզ ավելի վստահ պետք է զգանք, քանի որ տանն ենք խաղում: Ինչ-որ մի հարց պետք է այստեղ լուծենք՝ նախքան արտագնա խաղը: Եթե վաղն այստեղ չլուծենք հարցերը, դրսում դժվար է լինելու: Չնայած, «Կլուժի» հետ խաղը ցույց տվեց, որ մենք դրսում էլ ենք կարողանում հարցեր լուծել: Բայց չենք ուզում դրան հասնել: Ճիշտ եք ասում, մեր մեկնարկային կազմը հիմա ավելի լավ վիճակում է: Աստված մեզ հետ, պետք է, որ մի քիչ էլ հաջողություն լինի: Մեր երկրպագուներին խնդրում եմ մեզ հետ լինել, օգնել մեզ: Մենք իրենց կարիքը շատ ունենք:

— Ֆուտբոլասերներից շատերը ծանոթ են «Շերիֆի»՝ անցած մրցաշրջանի խաղին. թիմը դուրս եկավ ՉԼ խմբային փուլ, հաղթեց «Ռեալին»: Սակայն այս մրցաշրջանում փոփոխությունները շատ են եղել: Այդ առումով հետաքրքիր է Ձեր կարծիքը. արդյոք դժվարություններ ունի կազմի մեծ փոփոխության առումով: Արդեն խաղացել եք ուժեղ մրցակիցների հետ: Ո՞ւմ հետ կարելի է համեմատել «Շերիֆինի»:

— Խաղաոճով, խաղամակարդակով «Կլուժին» է նման: Լուրջ թիմ է: Մենք պետք է շատ աշխատենք, ջանք գործադրենք, մեզ համար դժվար է լինելու: Ակումբներում միշտ լինում է սելեկցիոն աշխատանք, ռոտացիա, բայց ակումբի ուժը բյուջեի մեջ է: Կարող են ֆուտբոլիստներ գալ, գնալ: Եթե թիմը ունի լավ բյուջե, կարողանում է ռոտացիայի մեջ չթուլացնել դիրքերը: Իսկ «Շերիֆը», մեր համեմատ, բյուջեով մի քանի անգամ բարձր է: Վստահ եմ, որ լուրջ թիմ են հավաքել:

— «Շերիֆը» ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքով 2 անգամ գերազանցում է «Փյունիկին», խաղացողների միջին տարիքի առումով էլ ավելի երիտասարդ է «Փյունիկից»: Ի՞նչ եք կարծում, խաղադաշտում այս տարբերությունն ինչ-որ կերպ կերևա՞:

—  Դուք նշեցիք իրենց ուժեղ կողմը: Ես համաձայն եմ, որ դա «Շերիֆի» ուժեղ կողմն  է, բայց «Փյունիկն» էլ ունի իր ուժեղ կողմը, մենք էլ ունենք թիմային ոգի, ունենք մարտական տրամադրություն: Մենք վաղը ցույց ենք տալու մեր առավելագույնն ու վերցնենք առավելագույնը: Մենք պատրաստ ենք դրան: Մեր ոգին տեղն է, մենք վաղը պայքարելու ենք: