Մեծ ֆուտբոլը վերադառնում է Գյումրի. 2-րդ տուրի սպասումով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրը կմեկնարկի Արմավիրում, որտեղ իրար հետ կմրցեն «Նոան» և «Լեռնային Արցախը»։

Երկու թիմերն էլ առաջին խաղը ձախողել են։ Հետաքրքիր զուգադիպությամբ երկուսն էլ նախորդ տուրում գոլ ընդունեցին ավելացրած ժամանակում։

Երկու թիմերի ընդհանուր պատրաստվածության գնահատականը կտա հաշվետու խաղը, սակայն հայկական ֆուտբոլով հետաքրքրվողների ուշադրությունն ավելի շատ սևեռված կլինի «Ալաշկերտ» — «Արարատ» խաղին։

Առաջին տուրում առաջնության հաղթողի երկու հիմնական հավակնորդների՝ «Փյունիկի» և «Արարատ Արմենիայի» պարտություններն այս խաղի հաղթողին միանգամից 6 միավորի առավելություն կտան։ Իհարկե, հաշվի կառնենք, որ հենց երկու հավակնորդների միջև խաղը հետաձգվել է, սակայն թղթի վրա այդ առավելությունը տեսանելի կլինի և վստահություն կտա։

Այնպես որ, Բարսեղյանի և Ոսկանյանի, ինչպես նաև նրանց սաների համար չափազանց կաևոր մրցավեճ կլինի։ Ներկա պահին դժվար է կողմերից մեկին առավելություն տալը, միայն խաղը ցույց կտա, թե ով ինչպես է պատրաստվել։

Խաղային երկրորդ օրը կմրցեն «Վանն» ու «բանակայինները»։ Ասոյանի գլխավորած թիմը թեև տպավորիչ չխաղաց «Արցախի» դեմ, սակայն երեք միավորը տարավ Վայքից։ Հիմա սեփական դաշտում կփորձեն զարգացնել այդ հաջողությունը, իսկ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը կփորձի ապացուցել, որ «Շիրակից» կրած ծանր պարտությունից հետո կարողացել է վերականգնվել։ Թիմի առաջատար Շաղոյանն էլ պետք է ի վերջո կարողանա անել այն, ինչ իրենից սպասում են։

Իսկ օգոստոսի 8-ին մեծ ֆուտբոլը կվերադառնա Գյումրի։ «Շիրակին» հյուր կգնա «Ուրարտուն»։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան երկրպագու է կարոտել լավ ֆուտբոլը Գյումրիում, և որքանով էր օրինաչափ «Շիրակի» հաղթանակը առաջին խաղում։

Football365.am կայքի լրագրողները և ֆոտոթղթակիցները մրցավայրերից մեր ֆուտբոլասերներին կներկայացնեն առավել հետաքրքիր իրադարձությունները, հետևեք մեզ…