Պետրակով. «Կապառոսը լավ մարզիչ է, հարգում եմ նրան, իսկ շանսերը հավասար են»

Ազգերի լիգայի B դիվիզիոնի խմբային փուլի՝ 1-ին խմբի նախավերջին՝ Հայաստան — Ուկրաինա խաղին ընդառաջ Երևանում կայացել է հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ֆուտբոլիստ Իլյա Զաբառնիի մամուլի ասուլիսը:

«Այո, Զինչենկոյի բացակայությունը շատ ազդեց Շոտլանդիայի հետ մեր խաղի վրա: Նա շատ անտրամադիր զանգահարեց մեզ: Տխուր էր, որ չէր կարողացել օգնել հավաքականին և մենք պարտվել էինք: Առաջատարների բացակայությունը ազդեց Շոտլանդիայի հետ խաղի ելքի վրա: Բայց առաջիկա խաղի համար նոր կազմ կլինի», ասաց Պետրակովը՝ խոսելով Զինչեկոյի բացակայության մասին:

«Բնականաբար: Շատ ճգնաժամային պահ է մեր և ձեր երկրների համար։ Շատ ցավալի է, որ երկու երկրներում էլ պատերազմ է ընթանում: Զոհվում են անմեղ մարդիկ։ Մենք, մեր ամբողջ թիմը դեմ ենք պատերազմին։ Պատերազմին չեն մասնակցում քաղաքական գործիչները, մասնակցում են անմեղ մարդիկ», — նշեց Պետրակովը՝ ի պատասխան Հայաստանին պատերազմական իրավիճակում աջակցելու մասին:

«Կապառոսը շատ ուժեղ մարզիչ է, հարգում եմ նրան։ Դուք ձեր հարկի տակ եք խաղում: Մենք, ինչպես գիտեք, չենք կարող տանը խաղալ: Բայց վաղվա խաղում Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների հնարավորությունները հավասար եմ գնահատում՝ 50/50», — ասաց Պետրակովը՝ ի պատասխան Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղում շանսերի մասին հարցի: