Դեկտեմբերի 28-ին ՀՖՖ տարեկան ժողովում կկայանան Գործադիր Կոմիտեի ընտրությունները։ Նոր կանոնակարգով պետք է ընտրվի 11 անդամ՝ գումարած ՀՖՖ նախագահը։ Իսկ 12-ից երեքն անպայման պետք է լինեն կանայք։ Սա ՈՒԵՖԱ-ի պահանջներից է։
Հիմա քննարկենք թեկնածուների ցուցակը և պարզ կլինի ամեն ինչ։ Նախ աչքի է ընկնում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին առաջադրած ակումբների ջանասիրությունը։ Այն նման է Սովետական ընտրական մոտեցմանը։ «Արարատ-Արմենիան», «Երևանը» և «Նիկարմը» անվերապահորեն վստահում են Նիկողոսյանին ու իրար հերթ չտալով առաջարկում նրա թեկնածությունը։ Երեք ակումբներից Նիկողոսյանի համար կարևոր էր «Արարատ-Արմենիան»։ Կարևոր է առաջադրվել հնչեղ անուն ունեցող ակումբի կողմից։
ՀՖՖ փոխնախագահը Գործկոմի անդամի թեկնածու հաստատ կարող էր առաջադրվել «Ուրարտուի» կողմից, քանի որ լավ հարաբերություններ ունի այդ ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի հետ։ Նիկողոսյանը երբեմն լինում է «Ուրարտու» մարզադաշտում և Չելոյանցի հետ դիտում թիմի մասնակցությամբ հանդիպումներ։ Սակայն այս մրցաշրջանում հատկապես շատ է խոսվում «Ուրարտուի» հանդեպ ՀՖՖ-ի մեծ համակրանքի մասին, ու թերևս այս հանգամանքը չշահարկելու համար Նիկողոսյանը առաջադրվել է մյուս անվանի ակումբի՝ «Արարատ-Արմենիայի» կողմից։ Այս առումով իր տեղը Գործկոմում զիջել է Պողոս Գալստյանը՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրենը։
Այն, որ Արմեն Նիկողոսյանը կհավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը, կասկածից վեր է, քանի որ ՀՖՖ անդամ 27 ակումբներն էլ գտնվում են «հսկողության» տակ։ ՀՖՖ-ի կողմից հավանություն ստացած աղջիկները նույնիսկ մեկական ձայն ստանալով կմտնեն Գործադիր Կոմիտե, որովհետև չորրորդ կին թեկնածու չի առաջադրվել։ Վերջերս Փյունիկի և ՀՖՖ-ի միջև լուրջ կոնֆլիկտը իր հետևանքը կունենա։ Կիմ Առաքելյանի թեկնածությունը ֆեդերացիայի համար անհանդուրժելի է։ Հետաքրքիր է, որ անհրաժեշտ ձայներ կարող է հավաքել Կիմ Առաքելյանի հայրը՝ Վլադիկ Առաքելյանը, որի ներկայությանը Գործկոմում կարծես դեմ չեն ֆեդերացիայի ղեկավարները։ ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք նաև, որ Ֆեդերացիան ևս երկու թեկնածուների պահով ունի բացասական տեսակետ։ Թաթուլ Հակոբյանն ու Տիգրան Վիրաբյանը դիտարկվում են ոչ յուրային։
Շատ են շշուկներն այն մասին, որ ՀՖՖ անդամ ակումբների ներկայացուցիչներին արդեն իսկ ուղղորդում են, թե ում ընտրեն: Սա թերևս հայկական ֆուտբոլի պատմության ամենաանդեմ գործկոմը կլինի՝ առանց որևէ ընդդիմադիր հայացքի։ ՀՖՖ ղեկավար բարձր պաշտոններ զբաղեցնող երկու նախկին լրագրող մեր գործընկերներն ընդդիմադիր մամուլում աշխատելու ժամանակներում հաստատ քարը քարին չէին թողնի այս «ընտրյալների» ցուցակը ընթերցելուց հետո՝ հասկանալով, որ ընտրվելու են միայն ձայն ապահովող մարդիկ, ինչը չի նպաստելու մեր ֆուտբոլի զարգացմանը։ Բայց նման «հարմարավետ» Գործկոմ այսօր իրենց է պետք։
Ադամյան, Նավոյան ազգանունները ֆուտբոլային հանրությանը ծանոթ են, բայց ինչ ճանապարհ են անցել մյուսները, ովքեր են կին թեկնածուները և ինչ դերակատարում պետք է ունենան հայկական ֆուտբոլի զարգացման գործում, մեղմ ասած, անհասկանալի է։ Պարզ է, որ նրանք միայն ձայներ ապահովելու մեխանիզմ և մի քանի կոմիտեներ ստանձնելու համար են։
Ցավալի պատկեր է։ Ու այսպես մոտենում ենք մեր ֆուտբոլի համար կարևոր հանգրվաններին։ Կունենանք Գործկոմ՝ առանց ֆուտբոլում մեծ ներդրումներ ունեցած, բազմափորձ, կրեատիվ մտքերով, նպատակային, ֆուտբոլային կյանքում հարգանք վայելող, ազգային հավաքականում հանդես եկած կամ այլ կարծիքների տեր մարդկանց։
Նիկողոսյանին և Մելիքբեկյանին պետք չեն ուժեղ, կամային հատկանիշներով, ճշմարտախոս, ֆուտբոլային գիտելիքներով զինված մարդիկ։ Պարզ է, թե ինչու։
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի